Էրոտիկա բեմավորելը ողջունելի՞ է


«Ազգի կարևորագույն կապիտալը ժողովրդի բարոյական հատկանիշներն են»: Ն. Ա. Չերնիշևսկի Ազգային նկարագրի հարցերին անդրադառնալիս` վերստին ճշմարտվում է, որ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը պայմանավորված է տվյալ երկրի կրթամշակութային դիմագծով` մտավորականության մակարդակով: Ավաղ, հիշյալ դեմքը երբեմն անցանկալի արտահայտություններ է ստանում: Այս բնագավառի մշակների տանջալից, անշնորհակալ աշխատանքը, բարեբախտաբար, նաև բարձրաստիճան ուշադրության է արժանանում` էլ ավելի խանդավառելով վերջիններիս, զարգացնելով ստեղծագործական միտքը: Անտարակույս, գովելի է մշակույթի, այս պարագայում` թատերարվեստի խթանումը: Սակայն, մինչ «տարվա լավագույն» կոչումներ շնորհելը, առաջնահերթ հարկավոր էր ճշտել, թե տվյալ գործչի ստեղծագործությունը ինչպիսի ներազդեցություն է ունենում ազգային նկարագրի վրա: Համազգային դարձող անցանկալի այդ երևույթին անդրադառնալու առիթն այս անգամ «Տարվա լավագույն երիտասարդ ռեժիսոր» կոչմանն արժանացածների բեմադրություններն են. Լուսինե Երնջակյան («Փնտրվում է տղամարդ». ըստ Ֆրեշետի «Ժանը և Բեատրիսը» պիեսի) և Սուրեն Շահվերդյան (ըստ Բուրֆոսի «Մեր ծնողների նևրոզները» պիեսի): Որքան էլ շնորհալի դերասանուհի Լուիզա Ներսիսյանն իր խաղով ճգնում էր չթուլացնել հանդիսատեսի հետաքրքրությունը, այնուամենայնիվ, ներկայացումը առանձնապես հուզիչ չէր, բացի ավարտակետի մասից: Տպավորություն էր առաջանում, թե ներկայացվող գեղեցիկ եզրափակիչի համար ստեղծված բեմապատում է: Բացի այդ, կամերային թատրոնի պայմաններում կրքեր պատռելը, այն է` դերաբաժինը տեղ-տեղ աղմկոտ գործունեության վերածելը, ավելի շուտ ճնշող է: Բեմավիճակները նմանվում էին իրենց չափերից մի քանի անգամ մեծ շրջանակ ունեցող նկարների: Թեև, հաշվի առնելով ռեժիսորի առաջին ամբողջական աշխատանք լինելու փաստը, կարելի է նաև որոշակի վերապահումներ անել: Չնայած, որպես երիտասարդ ռեժիսոր, Նարինե Գրիգորյանի բեմադրական խմորումներն ու բեմի զգացողությունը ավելի հասուն են: Բայց որպիսի՞ն պետք է լինի արձագանքը` Լ. Երնջակյանի ստեղծագործությունը դիտելիս, երբ հերոսուհին բեմում մանրամասնում է իր սեռական կյանքի ընթացքում եղած ձայնարձակումները: Կամ էլ փորձում է պարզաբանել, թե իր լույս աշխարհ գալու նախնական ծրագիրը ծնողներն ինչ գործողութ յունների հետ են համատեղել: Մի՞թե չգիտեն, որ թատրոնը ազգի բարոմետրը` բարոյականության չափորոշիչն է: Նոր բարոյականությո՞ւն են քարոզում: Եթե այդպիսի միջոցների կիրառումը բարոյալքման կոչ չէ, ապա գործիչը ինչո՞ւ կոչումով պետք է խրախուսվի` նման բեմականացման համար: Դառնանք այդ բեմադրության գրական հենքի վատասեռ գաղափարախոսությանը: Երիտասարդ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, կարելի է ասել` հաստատել է իրեն բեմադրարվեստում: Դիտելով նաև նրա այս` «Մեր ծնողների նևրոզները» ռեժիսորական աշխատանքում առկա տեսարանների ճկուն անցումները վերստին համոզվում ենք, որ նա շնորհալի բեմադրիչ է և ստեղծագործական ուրույն միտք ունի: Ռեժիսորական ինքնատիպ հնարքները բանագողություններ չեն, և դրանց կրկներգային բնույթ չի տալիս: Սակայն ափսոս է այն բնատուր ձիրքը, որ օգտագործվում է ազգային նկարագիրը խաթարող ծրագրում: Եթե Ս. Շահվերդյանի էրոտիկ թեմատիկայի նախասիրությունները համեմատենք առաջին ռեժիսորի հետ, ապա Լ. Երնջակյանը, իսկապես, «տիկնիկի հետ դեռ պետք է խաղա»: Մայր թատրրոնի բեմից հանդիատեսին ներկայացվում է արհեստական վիժումը, սեռական ակտի դիրքերը, և ցանկասիրական մարմաջով համեմված արտահայտություններ բարձրաձայնում: Ամեն դեպքում չենք կարծում, որ մարմնատենչ տռփանքը կարող է մթագնել արվեստագետի էսթետիկական գիտակցությունը: Այլասերվածությունը, միևնույն է, արվեստի չի վերածվի. որչափ էլ շնորհալի լինես` արդյունքում մշակութային արժեք չի կարող ստացվել: Առավել ևս` չի կարող որպես աշխարհի և արդիականության համաքայլ ընկալվել. աշխարհին մենք մեր տեսակով ենք հետաքրքրում: Եվ բացի այդ` դժվար թե այսօր որևէ պարկեշտ երիտասարդ կկամենար իր մոր, քրոջ կամ էլ ընկերուհիների հետ դիտել այդ ներկայացումը: Առանձին դիտելու դեպքում էլ` ինչ պետք է սովորի խղճուկ կրթամակարդակի տեր երիտասարդը, եթե ոչ` է°լ ավելի ապականի իր մտահորիզոնը: Կամ վերջերս տպագրված նմանօրինակ մի գիրք, որը մեկուսի կարդալիս անգամ կարող ես կարմրել: Ի՞նչն է մեր գործիչներին դրդում ներմուծել ու սերմանել այդ գարշելիությունները: Մարդ արարածն ամենից հաճախ փողի համար է այդ աստիճան ցածրանում` արհեստականորեն խեղված պահանջարկ ձևավորում: Զորօրինակ երկու սեռերում է առկա մարմնավաճառությունը: Որքան էլ թատերական գործիչների միության նախագահը քաղաքական երանգով շեփորում էր, թե մրցանակաբաշխությունը կատարվել է խիստ գաղտնի քվեարկությամբ, միևնույն է` գաղտնիության մեջ խորամուխ լինելուց առաջ խիստ անհրաժեշտ էր նախապես հիմնահատակ ուսումնասիրել ներկայացվող ստեղծագործություննների գաղափարախոսությունը, առաքելությունն ու հետևանքները: Ի՞նչ է ապացուցում այս գործընթացը: Ի՞նչ համոզման պետք է գան թատերական ինստիտուտի ուսանողները. նման գործ բեմադրելը գովելի է և նույնիսկ գոտեպնդվում է մրցանակով: Ասել է թե` կարելի է պոռնոգրաֆիկ գրականությանը անդրադառնալ` էլ ավելի շոշափելի արդյունքներ ունենալու համար: Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Երիտասարդ թատերագետ