ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ


Երևանի պետական համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը գործում է 1997թվականից£ Հիմնադրման օրվանից ակումբականների նպատակը եղել ու մնում է Հայաստանի սահմանների պաշտպանության, Արցախի ազատագրության համար զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը վառ պահելը, նրանց օրինակով սերունդներ կրթելն ու դաստիարակելը£ Արդեն 11 տարի է ակումբն այդ նպատակով հետևողականորեն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնցից հիմնականը կրում է «Դասը վարում են համալսարանականները» խորհրդանշական անվանումը: Ծրագրի շրջանակներում «Վարդանանքի» անդամներն այցելում են այն դպրոցները, որտեղ ժամանակին ուսանել են ԵՊՀ-ի զոհված ուսանող-ազատամարտիկները, առաջինից տասնմեկերորդ դասարաններում դաս են անցկացնում նույն` հերոսության, հայրենասիրության թեմաներով£ Վերջերս համալսարանականները հյուրընկալվեցին Պռոշյան ավանում, Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի անունը կրող դպրոցում£ Նրանք ծաղիկներ դրեցին ազատամարտիկի հուշարձանին, ապա բոլոր դասարաններում ոգեկոչեցին հիշատակը, աշակերտներին պատմեցին, թե ինչպես իրենց համերկրացին` Երևանի պետական համալսարանի փայլուն ուսանողներից մեկը, ազգային զարթոնքի առաջին իսկ օրվանից զենք է վերցրել, մասնակցել Տավուշի, Ոսկեպարի պաշտպանությանը, ապա, երբ հանրապետության սահմաններն անառիկ են դարձել, Պռոշյանի կամավորական ջոկատով անցել է Արցախ, ազատագրել է Շուշին, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունիի, Հադրութի բազմաթիվ բնակավայրեր£ Պետոն զոհվեց 30-ամյակը նշելուց տասն օր անց, պատերազմի հաղթական ավարտից ընդամենը երկու ամիս առաջ£ Երախտապարտ արցախահայությունը չմոռացավ լեռնաշխարհի ազատագրության համար զոհված քաջորդուն, հետմահու նրան շնորհվեց Պաշտպանության բանակի մայորի աստիճան, 2000 թվականին արժանացավ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ամենաբարձր` Արցախի հերոսի կոչման£ Մեկ դասաժամում ուսանողները դարավերջի հերոսամարտի առանձին դրվագներին անդրադառնալուց բացի պատմում են Երևանի պետական համալսարանի, այն կրթաճյուղերի մասին, որտեղ սովորում են: Այլ կերպ ասած` նպաստում են ունկնդիրների մասնագիտական կողմնորոշմանը£ Պարապմունքներն ավարտվել էին, բայց աշակերտները շրջապատել էին պետական համալսարանի ուսանողներին ու իրենց հուզող, հետաքրքրող բազմաթիվ հարցեր էին տալիս, սպառիչ պատասխաններ ստանում£ - Նման` արդեն ավանդական դարձած հանդիպումները երկուստեք օգտակար են սերունդների փոխըմբռնման, միասնականության, ազգային նպատակների իրագործման առումով,- ասում է «Վարդանանքի» նախագահ Սաթենիկ Աբրահամյանը,- ուսանողը, չնայած տարիքային տարբերությանը, ինչքան որ տալիս է աշակերտներին, նույնքան էլ ստանում է£ - Գոհ եմ, որ կարողացա թեկուզ համեստ, բայց ի°մ ներդրումն ունենալ աշակերտների հայրենասիրական դաստիարակության գործում,- ավելացնում է 3-րդ կուրսեցի արևելագետ Սմբատը: - Իսկ ինձ համար ամենաուրախալին այն է, որ դասն ավարտվելուց հետո մեր շարունակվող զրույցի ընթացքում բոլոր տղաները, անգամ աղջիկները ոգևորված ասում էին, թե սիրով կծառայեն Ազգային բանակում. եթե հարկ լինի` կկռվեն, հայրենիքը կպաշտպանեն այնպես, ինչպես իրենց համերկրացի Պետրոս Ղևոնդյանը,-եզրափակում է ռադիոֆիզիկայի կրթաճյուղի 3-րդ կուրսի ուսանողուհի Շուշանը: Թերևս այս էր օրվա պարապմունքի ամենամեծ ձեռքբերումը£ ԹԱՄԱՐԱ ԳՈՒՐԳԵՆՅԱՆ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի