«Հանրապետականի գաղափարները որևէ կապ չունեն օտար, ծայրահեղական վարդապետությունների հետ»


-«Հայաստանի Հանրապետական կուսակցության դավանած ազգային պահպանողականությունը, որի հիմքում ընկած է Նժդեհի ուսմունքը, որևէ կապ չունի օտար, ծայրահեղական վարդապետությունների հետ, այդ թվում իտալական ֆաշիզմի և գերմանական նացիոնալ-սոցիալիզմի հետ»,- նման տեսակետ է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով այն հարցին, որ վերջերս տպագիր մամուլում տեսակետ է շրջանառվել հանրապետականների ու նացիոնալիստականների գաղափարների մեջ ինչ-որ աղերսներ լինելու մասին: Նա նշեց, որ եթե Հիտլերի պարագայում խոսվում էր հրեա ազգին քարկոծելու և չարիք համարելու մասին, ապա Նժդեհը հարգանքով էր վերաբերում հրեա ժողովրդին, պարզապես նրա ոգևորման աղբյուրը հայ ժողովուրդն է ու նրա պատմությունը: -«Ի տարբերություն նացիոնալ-սոցիալիզմի և ֆաշիզմի, որոնք ծայրահեղական ազգայնական ուսմունքներ էին, Գարեգին Նժդեհի ծրագրականությունն առողջ ազգայնականություն էր»,-ասել է Է. Շարմազանովը: Հայաստանում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ տարբեր միջազգային կազմակերպությունների հնչեցրած հայտարարությունների առիթով, ԱԺ պատգամավորը չի թաքցրել, որ Հայաստանի քաղաքացիներն ու քաղաքական կուսակցությունները շատ ավելի մտահոգված են ստեղծված իրավիճակով և պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում զարգանան ժողովրդավարական ազատությունները: «Դրա պարզ օրինակը վերջերս ստեղծված քաղաքական կոալիցիոն համաձայնագիրն է»,-փաստել է նա: Նրա խոսքով` պետք է տարբերել ժողովրդավարությունն ամբոխավարությունից. -Չի կարող լինել ժողովրդավարություն առանց քաղաքական բազմակարծության, առանց համերաշխության : Է. Շարմազանովը հիմնավորել է նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետընտրական ժամանակաշրջանի շարժումն ու նրա տածած գաղափարները որևէ կապ չունեին ժողովրդավարության հետ: -Հայաստանում կան ուժեր, որոնք պրոպագանդում են այն գաղափարները, որոնք կային 20-ական և 30-ական թվականներին Գերմանիայում և Իտալիայում: Լևոն Տեր-Պետրոսյանի ընթերցած ճառերի սկզբունքները գրեթե նույն էին, ինչ այդ երկրների ղեկավարների ասած ճառերը` ով չմիանա մեզ տականք է, դավաճան է,-նկատե է բանախոսը: