«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԵՐ Է ԽԱՂՈՒՄ»


Փորձելով հրաժարվել երկկողմ բանակցությունների արդյունքում մինչ այժմ ձեռք բերված համաձայնություններից եւ ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեղափոխել ՄԱԿ` հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից, Ադրբեջանը շատ կեղտոտ խաղ է խաղում: Այսպիսի հայտարարություն արեց լրագրողների հետ մարտի 31-ի հանդիպմանը ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա բացասական գնահատեց այն, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է ապրիլին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում երկու երկրների նախագահների հանդիպումից: Վ.Օսկանյանի խոսքերով, Բաքուն սխալ է ներկայացնում իրավիճակը, հայտարարելով, թե հանդիպման նախաձեռնությունը պաշտոնական Երեւանինն է: Իրականում, նման հանդիպման առաջարկն արվել է Մինսկի խմբի համանախագահների կողմից, եւ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունել այդ առաջարկը` ադրբեջանական կողմի համաձայնության դեպքում: Մարտի 31-ը իբր հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության օր հայտարարելու կապակցությամբ` Վ.Օսկանյանը խորհուրդ տվեց Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել իր ժողովրդի վզին արհեստական ցեղասպանություն փաթաթելու գաղափարից եւ թշնամանք սերմանել հայ ժողովրդի նկատմամբ: Այդ ամենը ուղղված է ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Բաքվի վերջնական նպատակին: Մինչդեռ Հայաստանը, ըստ ՀՀ արգտգործնախարարի, մնում է այն համոզմանը, որ խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը այլընտրանք լինել չի կարող: ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ.