«Ադրբեջանի համար սա ազդանշան պետք է լինի»


Անցյալ ուրբաթ Մոսկվայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների հերթական նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, ՌԴ-ի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի ԱԳ նախարարները: Վրաստանն ու Ուկրաինան ներկայացել են փոխնախարարների մակարդակով, իսկ Ադրբեջանը բավարարվել է ՌԴ-ում երկրի դեսպանի ներկայությամբ: ԱՊՀ հետագա զարգացմանը միտված ԱՊՀ մասնակից պետությունների բազմակողմ համագործակցության վերաբերյալ խնդիրների շարքում մասնավորապես քննարկվել են համագործակցությունը հումանիտար, միգրացիայի, ինֆորմացիոն անվտանգության ապահովման, հանցագործության եւ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի բնագավառներում: ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարները հաստատել են «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակի տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրը»: Ընդունվել է մայիսի 23-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը եւ որոշվել, որ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 25-ին Բիշքեկում: Նույն օրը տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) ոչ ֆորմալ նիստն անդրադարձել է արտաքին քաղաքականության բնագավառում ՀԱՊԿ անդամ պետությունների գործունեության համադրման մեխանիզմի կատարելագործման խնդրին: ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակներում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ անվտանգության ոլորտի տարածաշրջանային այլ կազմակերպություն ների հետ ՀԱՊԿ համագործակցության առումով առանձին քննարկման առարկա է դարձել միջազգային կազմակերպություններում որոշ հարցերի շուրջ ՀԱՊԿ անդամ երկրների հաճախ հակադիր դիրքորոշումների խնդիրը: Այդ հարցի առնչությամբ իր ելույթում Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել է վերջերս ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստին ընդունված ադրբեջանական կողմից առաջարկված բանաձեւին: Վ.Օսկանյանը մասնավորապես նշել է, որ թեեւ այդ բանաձեւը իրավական ուժ չունի, նման միակողմանի բանաձեւ անցկացնելով` ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում հրաժարվել ներկայումս բանակցային սեղանի վրա գտնվող փաստաթղթից եւ երկրորդը` հարցը տեղափոխել Մինսկի խմբի շրջանակներից ՄԱԿ, ինչը լուրջ վտանգի տակ կդնի բանակցային գործընթացի շարունակությունը: Այդ առումով, Հայաստանի համար մտահոգիչ է այն, որ Կազմակերպությունը չկարողացավ հանդես գալ միասնական դիրքորոշումով: Նախարարը նշել է, որ այդ բանաձեւին «կողմ» քվեարկած երկրները, փաստորեն, «դեմ» են քվեարկել բանակցային ընթացքին: Վ .Օսկանյանը հույս է հայտնել, որ այսուհետ կհարգվի ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպության անդամ-երկրների կողմից համերաշխության սկզբունքը: Նիստից հետո Վարդան Օսկանյանը պատասխանել է նաև «Ավանգարդի» մոսկովյան թղթակցի հարցերին: - Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՄԱԿ-ում ընդունված ադրբեջանական բանաձևը: - Իրավական հետևանքներ ես բացարձակապես չեմ տեսնում. այդ բանաձևն իրավական ուժ չունի: Առավել ևս, որ դա ընդունվել է շատ փոքր թվով երկրների համաձայնությամբ: Ես նախօրոք ասել եմ և նորից եմ կրկնում` Ադրբեջանի համար սա պետք է ազդանշան լինի, որ այսպիսի դեպքերում միակողմանիությունը չի կարող արդյունք տալ: Հետևանքը կախված է միայն ու միայն Ադրբեջանի հետագա քայլերից: Այստեղ միջազգային հանրությունն անելիք չունի, որովհետև, ինչպես ասացի` այդ բանաձևը բացարձակապես ուժ չունի: Եթե Ադրբեջանը շարունակի ինքն իրեն համոզել, որ այդ փաստաթղթի դրույթները պետք է լինեն բանակցային հիմք, նշանակում է` նրա հետ խոսելն արդեն իմաստ չունի: Սա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ: Միակ փաստաթուղթը, որը հնարավոր է` հարցին լուծում տա, այսօր բանակցությունների «սեղանին» եղած Մինսկի խմբի վավերացրածն է, և հայկական կողմը պատրաստ է ա°յդ փաստաթղթի հիման վրա շարունակել բանակցությունները: Այնպես որ, Ադրբեջանն ինքը պետք է որոշի` ուզո՞ւմ է բանակցությունները շարունակել այդ փաստաթղթի հիմքի վրա, թե՞ էլի այլ ճանապարհ է որդեգրելու: Եթե այլ ճանապարհ` ապա Հայաստանն արդեն համապատասխան քայլեր կանի: - Արդյո՞ք Ադրբեջանը պաշտոնապես բոյկոտում է Մինսկի խմբի աշխատանքները: - Դեռևս` ոչ, բայց դրա նախանշանները կան, և դա մեզ մտահոգում է: Գոհար ԲՈՏՈՅԱՆ Մեր սեփական թղթակից Մոսկվա Ի ԼՐՈՒՄՆ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ.