Հետընտրական մտորումներ ՀԻՄԱ ԷԼ` ՀԱՅԱՍՏԱ՞ՆԸ


Մարտի 1-ին Երևանում կատարված ողբերգությունից հետո մեր քաղաքական դաշտում նկատվող ամենամերժելի երևույթը մնում է…նույնիսկ դրանի°ց քաղաքական կապիտալ շահելու ոմանց մոլեգին ձգտումը: Բարոյական չէ, որ կատարվածից անհրաժեշտ դասեր քաղելու, հասարակության երկփեղկվածությունը շուտափույթ հաղթահարելու, թշնամանքին ու ատելությանը վերջ տալու և բնականոն կյանք վերադառնալու իրական ուղիներ գտնելու փոխարեն, որոշակի քաղաքական ուժեր թե° երկրի ներսում, թե° դրսում ձգտում են ավելի սրել իրավիճակը: Այժմ այդ գործելակերպը հանրությանն է ներկայացվում իբրև «Հայաստանում հաստատված բռնապետության դեմ պայքար», «ապօրինի ձերբակալություններին, քաղաքական հետապնդումներին վերջ դնելու պահանջ» և այլն, և այլն: Ընդսմին, նկատի չի առնվում մի տարրական հանգամանք. այդ ի՞նչ զարմանալի «բռնապետություն» է, որի պայմաններում ընդդիմադիրները ազատորեն հանդես են գալիս գործող իշխանությունների դեմ ամեն կարգի ամբաստանություններ ու վիրավորանքներ պարունակող հրապարակումներով, փաստերը գլխիվայր շուռ տալով, կատարված ողբերգությունը ծուռ հայելու մեջ ներկայացնելով: Իրենք իրենց քաղաքական-հասարակական կազմակերպություն կամ նախաձեռնություն համարող երկուսուկես հոգիանոց խմբերը անցյալ շաբաթ շարունակում էին «իշխանությունների հետ երկխոսություն սկսելու…» նախապայմաննե¯ր թելադրել: Ուրիշներն արդեն իսկ հանդես էին գալիս այդպիսի երկխոսության «միջնորդի դերն ստանձնելու» պատրաստակամության հավաստիացումներով: Երրորդները հոխորտում էին, թե իրենք երկխոսության կհամաձայնեն միայն «բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակվելու» դեպքում: Չորրորդները իրենք իրենց »հուսադրում» էին, թե ինչ էլ լինի` «ժողովրդավարությունը հաղթանակելո¯ւ է…»: Տարօրինակն է, որ այս կարգի նոր աղմկարարության հեղինակները չեն տեսնում մի տարրական ճշմարտություն. այն, ինչ իրենք պահանջում են` գործող իշխանությունների նպատա¯կն է: Այդ ե՞րբ է գործող իշխանությունը հրաժարվել քաղաքական երկխոսությունից: Ե՞րբ է ասել, թե իր նպատակը ժողովրդավարությունը չէ: Ե՞րբ է հայտարարել, թե Հայաստանում պետք է…քաղբանտարկյալնե¯ր լինեն կամ կան: Այո, չպիտի լինեն և չկա°ն: Բայց ձերբակալվածն ու նախնական կալանքի ենթարկվածը դեռ բանտարկյալ, այն էլ քաղբանտարկյալ չէ, առայժմ կասկածյալ է: Ապշեցուցիչ է, որ այդ տարրական ճշմարտությունը չի հասկանում կամ, միգուցե, միտումնավոր կերպով չհասկանալ է ձևացնում նույնիսկ Ազգային Ժողովի` կրթությամբ իրավաբան ընդդիմադիր պատգամավորը: Չէ՞ որ միայն դատական քննությունը կարող է հիմնավորել` տվյալ անձը հետապնդվում է քաղաքական հայացքների՞ համար, թե՞ իսկապես կատարել է քրեական հանցագործություն: Քանի դեռ դատական քննություն չի կատարվել, դատավճիռ չի կայացվել, ի՞նչ «քաղբանտարկյալների» մասին կարող է խոսք լինել: Եթե նույնիսկ կասկածյալը մինչև ձերբակալությունն ու կալանավորումը զբաղվել է քաղաքական գործունեությամբ, ինչպե՞ս կարելի է նրան «քաղաքական հետապնդման զոհ» համարել: Իսկ եթե դատարանում պարզվի, որ այդ «քաղաքական այրը» իրո°ք քրեական հանցանք է գործե՞լ: Տվյալ դեպքում` իրո°ք ունեցել է երկրում իշխանությունը հակասահմանադրական ճանապարհով բռնազավթելու ծրագիր կամ ակտիվորեն մասնակցել է այդ դիվային ծրագրի իրագործմա՞նը: Ի՞նչ գույն են ստանալու «բոլոր քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու» կարգախոսի հեղինակները վաղը, եթե հիշյալ «քաղբանտարկյալներից» ոմանք իսկապես քրեական հանցագործներ դուրս գան: Այդ ո՞ր երկրում են իշխանություն բռնազավթողները «քաղաքական գործիչներ» կոչվում: Եվ այդ ո՞ր երկրի իշխանություններն են, որ «քաղաքական երկխոսություն» են վարում…նման կարգի «գործիչների» հետ, այն էլ` ընդունելով նրանց սատարողների անհեթեթ «նախապայմանները»: Այսպիսի աղմկարարությունը իրոք խանգարում է երկրի բնականոն կյանքը վերականգնելուն, ստեղծում է ավելորդ նյարդայնություն: Այդ թվում` ազդում է նաև պետական իշխանության մարմինների վրա, հարկադրում կատարելու անհարկի քայլեր: Ինչպես, օրինակ, Հյուսիսային պողոտայում այսպես կոչված «քաղաքական զբոսանքների» ելած մարդկանց ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելը: Պետք չէ° այդպիսի բան անել: Ով ինչքան ուզում է` թող «զբոսնի», ներքուստ հպարտանա ինքն իր «քաջությամբ» ու սրտի ուզածի չափ չարախոսի: Առանց այն էլ` հայհոյողներ, զազրախոսներ, զրպարտիչներ քիչ չկան, բոլորի բերանը փակել հնարավոր չէ: Եվ` կարիք էլ չկա: Այդ «քաղաքական զբոսանքները» իշխանություններին հունից հանելուն միտված սադրանք են, ուրիշ ոչինչ: Դժվար է ասել, թե իրենց խայտառակ ձեռնարկման ձախողումից գազազած, պարտության հետ հաշտվելու ազնվություն չունեցող և մարտի 1-ի ողբերգությունից հետո տենդագին կերպով իրենց քաղաքական դեմքը փրկելու, ո°չ թե երկրի անդորրը վերականգնելու ուղիների փնտրտուքով զբաղված ուժերի ներկայացուցիչները է՞լ ինչ նոր սադրանքներ կհորինեն: Է՞լ ինչ պիտի անեն` հանրությանը ապակողմնորոշելու համար, թե արևը մեր երկրում կարող է ծագել և մայր մտնել միայն և միմիայն ներկա իշխանություններին ներկայացրած իրե°նց «պահանջով», իշխանությունների դեմ մղած իրե°նց «պայքարով»: Իրենք, բա չե¯ք ասի, «ազատության մարտիկներ» են, իսկ իրենց պես չմտածողները, երկրի ու հայրենիքի շահերի գերակայությամբ առաջնորդվողները, այս վիճակը հաղթահարելու ազնիվ մտահոգություն ունեցողները` ոչ: Իրապես հայրենիքը սիրող մարդն այս վիճակում կմտածեր նախ երկրի, ապա` անձամբ իր «դեմքի» փրկության մասին: Ավա¯ղ, մեր վայ-գործիչներից ոմանք հայրենիքը սիրում են միայն այն դեպքում, երբ իրե°նք են իշխանության գլուխ: Երբ իրենք չեն` հայրենիքը «դժոխք» է, պետության ղեկավարները` «բռնակալներ», իրենց ետևից չգնացողները` «թուրքեր»: Իսկ որ այդ ամբողջ վայնասունը դրսի հակահայ ուժերն օգտագործում են Հայաստանը միջազգային ասպարեզում վարկաբեկելու, մեր երկրի նկատմամբ արտաքին ճնշումներն ուժեղացնելու, մեր դիրքերը թուլացնելու նպատակով` նույնիսկ կենսականորեն այնպիսի կարևոր խնդրում, ինչպիսին Արցախյան հակամարտությունն է` հե°րն էլ անիծած: Իշխանավորների հանդեպ ատելությունից կուրացածները չեն հասկանում կամ, ավելի ճիշտ, չնկատելու են տալիս, որ իրենց այդ ատելությունը աստիճանաբար փոխվել է…հայրենիքի° հանդեպ ատելության, ուղղակի վնա°ս է բերում պետությանն ու ժողովրդին: Անհասկանալի և մանավանդ անըմբռնելի է այն հորթային հրճվանքը, որ ապրում են մեր տնաբույծ «ժողովրդավարները» ամեն անգամ, երբ, օգտվելով մեր երկրում կատարվող իրադարձություններին «գնահատական տալու» առիթից` դրսի զանազան կազմակերպություններ և անգամ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներն են բացահայտորեն սևացնում մեր իրականությունը: Ահավասիկ. Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի` անցյալ շաբաթվա ասուլիսում արտահայտած «մտահոգությունների» բացարձակ մեծամասնությունը առնված էր մեր ընդդիմադիրների «գաղափարական զինանոցից»: Փենինգտոնին հասկանալ կարելի է: Նա, անշուշտ` իր վերադասների հրահանգով, քիչ ջանքեր չի թափել Հայաստանում նոր, այս անգամ ոչ թե «գունավոր», այլ` «երգ ու պարի» հեղափոխության հաղթանակն ապահովելու համար: Եվ քանի որ չի կարողացել ամբողջովին կատարել ստացած հրահանգը` ինքն էլ պակաս դառնություն չի զգում դրանից: Հետևաբար, տարակուսելի չէ, որ ամերիկյան դիվանագետը նույնպես, ինչպես մեր ընդդիմադիրները, այժմ սեփական ձախողումը ոչ միայն վերադասի, այլև իր իսկ աչքում «արդարաց նելու» ներքին հոգեկան պահանջ ունի: Եվ այդ հոգեկան պահանջի բավարարման գործում մեր ընդդիմադիրների բարձրացրած վայնասունն այժմ ուղղակի սպեղանի է նաև նրա° վիրավորված ինքնասիրության համար: Իհարկե, հիշյալ ասուլիսում Ջ. Փենինգտոնը չքմեղանում էր, թե իրենք մեր երկրի ներքին գործերին «չեն խառնվում», ընդամենն ուզում են աջակցել մեզ` «ժողովրդավարական հասարակարգ կառուցելու»: Հեռու՜ Ջորջ Բուշի «սուրբ» փեշերից: Այդ ե՞րբ է նրա վարչակազմը «խառնվե¯լ այլ պետությունների ներքին գործերին»: Միշտ էլ ձգտել է «օգնե¯լ ժողովրդավարություն կառուցելու»: Հարավսլավիային` օդային «մարդասիրակա¯ն» ռմբակոծություններով է «օգնել», Իրաքին` արդեն 5 տարուց ավելի շարունակվող ռազմական ներխուժմամբ, Աֆղանստանին` ուղղակի ագրեսիայով…Հիմա էլ նման մտադրություններ ունի Իրանի նկատմամբ… Ու՞մ ջրաղացին եք ջուր լցնում, պարոնայք…Բուշին առիթ եք տալիս` Հայաստանո՞ւմ նույնպես ժողովրդավարություն և ազատություն տարածելու` իր մեթոդներով:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ