Մի´ ծանակեք մարդու բարեկամներին


 

Խոսքը ձեզ է վերաբերում` շնատերեր կամ շուն պահողներ: Մտածում եք, թե բարի գո՞րծ եք անում և խնամում եք մարդու չորքոտանի բարեկամներին` նրանց գլխավերևում ծածկ ու սնունդ ապահովելով: Բայց կարող են հայտնվել ոմանք և ապացուցել, որ դուք ծանակում եք կենդանիներին, բռնանում անտեր թափառելու նրանց իրավունքի վրա:

Բրիտանիայի` կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի դեմ Թագավորական կազմակերպությունը դատական պատասխանատվության է կանչել ամուսնական մի զույգի, որը ծանակել է 70 կենդանիների:

40-ամյա Ջեյմս Հուդը և նրա 31 տարեկան Նիկոլա կինը հակասանիտարական պայմաններում պահել են 56 մեծ շուն: Կենդանիները տարուց ավելի գտնվել են փակ շինությունում` շարժվելու հնարավորություն չունենալով: «Տուժածների» մեջ եղել են ցեղական գամփռներ, լայկաներ և ռոտվեյլերներ:

Ոստիկանության միջամտությունից հետո անասնաբույժը պարզել է, որ նրանց մի մասը նիհարած է, 3-ը աչքի վարակ ունեն, 12-ը` ականջի հիվանդություն:

Շներից զատ, ամուսինների «դաժան» վերաբերմունքի «զոհ» էին դարձել լոգարանում ապրող 3 կատու և նույն վանդակում տեղավորված 4 թութակ:

Կենդանասեր զույգի փաստաբանն, իհարկե, այլ կարծիքի է և պնդում է, որ`

- Այդ ընտանիքը սիրում է կենդանիներ, և նրա կողմից ոչ օրինաչափ որևէ գործողություն չի եղել:

Դատարանն իր կարծիքը կհրապարակի մի քանի օրից` ապրիլի վերջին: