Վախի մթնոլորտում


 

(«Անվստահելին»)

Կինս հանկարծ կանչեց.

- Արի հեռախոսի մոտ. քեզ են ուզում:- Կանչեց ու կանգնեց կողքիս, որ լսի:…

Զանգահարողը ծանոթս էր: Նախաբանից հետո անցավ բուն նյութին.

- Գուրգեն, մենք հարմար գտանք` քեզ դարձնել մեր պատգամավորության թեկնածուի վստահված անձը:

- Դրա կարգն ինչպե՞ս է, ես ի՞նչ եմ անելու:

- Ընտրության օրը, առավոտ կանուխ պիտի լինես ընտրատեղամասում, հետևես ընտրությունների ճիշտ ընթացքին, որ չեպեներ, խախտումներ, ընդհարումներ չառաջանան: Երեկոյան էլ արձանագրությունները կբերես:…

Կինս` Անտանելլան, չհամբերեց.

- Մինչև հիմա դու մեզ համար անվստահելի անձ ես եղել, քո մեջ էդ ի՞նչ գտան, որ հիմա էլ վստահելի անձ, ա´յ անճար: Հրաժարվիր, թե չէ դրա վերջը վատ է լինելու: Նախ` քեզ մայլի տղերքը կհալածեն, որ մտնոցի ես խաղում, թուք ու մուր կտան: Հետո, որ էդ մարդը պատգամավոր չընտրվի` քեզ հալածված առաքյալ կդարձնի: Հանկարծ չըլնեմ-չիմանամ էդ բանին համաձայնվես, հա˜, թե չէ` դու հեչ, իմ երեխեքն ու թոռներն են կարևոր:

Քիչ անց կնոջս հորդոր-վերջնագրով զանգահարեցի ինձ զանգահարողին.

- Հենրիկ ջան, կներես, դու հեռախոսափողը շուտ դրեցիր. եթե լսեիր կնոջս տված դասերը, կզգայիր, թե ես որքա˜ն անվստահելի անձ եմ:…