Խոստումնահեղեղ


 

Մեր պատգամավորության թեկնածուները շատ ազգասեր են: Է˜, շատ սիրալիր, սիրով էնպիսի խոստումներ են տալիս, որ քիչ է մնում մեր առաքելական կրոնը մոռանանք ու հավատանք նոր առաքյալներին:

Մամուլը, հեռուստաալիքները, ռադիոեթերը պայթում են քարոզարշավային խոստումներից, նրանց թիվն այնքան բազմազան ու շատ է, որ օրերով, ամիսներով ասում են, ու չի վերջանում: Թվում է` նոր աղանդ է հայտնվել, որպեսզի իր կարճ ընտրասեզոնում աշխարհներ խոստանալով` մարդկանց խելքահան անի:

Զարմանում ես` այդ բոլորը ինչո՞ւ չէին հիշում մինչև ընտրությունները: Ախր նախորդ ընտրություններում էլ նույնն էին խոստանում: Արդյոք պատգամավորության թեկնածուներից որևիցե մի խոստումնալի պատգամավոր կհիշի՞ Պարույր Սևակի տեղին ասված տողերը` «Խոստանում եմ` ոմանց նման իզուր տեղը չխոստանալ»: