Նախագահը` չունևոր ընտանիքում


 

Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինան մտադրվել է մի քանի օր բնակվել Ուիտան քաղաքի ամենաաղքատ թաղամասում, որպեսզի ավելի մոտ լինի ժողովրդին և սեփական աչքով տեսնի նրանց կենսապայմաններն ու հնարավորինս ծանոթանա մտահոգություններին: Նախագահը հյուրընկալվել է սոցիալական ծանր պայմաններում գտնվող մի ընտանիքում: Բացի երկրի առաջին դեմքից` այս օրերին աղքատ թաղամասերում են բնակվում նաև վարչապետը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Նրանց այս տարօրինակ վարքագիծն, անշուշտ, պատճառաբանված է: «Մենք բոլորս կարող ենք ինչ-որ բան տալ» ծրագրի շրջանակներում, որի նախաձեռնողները իշխանությունը և անհատ ձեռնարկատերերն են, շուրջ 5000 կամավորականներ են մասնակցում` օգնելով սոցիալական ծանր պայմաններում ապրող քաղաքացիներին: Պերես Մոլինան հայտարարել է, որ մի քանի օր այդ մարդկանց հետ ապրելը թույլ կտա ավելի լավ հասկանալ նրանց մտահոգություններն ու խնդիրները: Առավել ևս որ երկրի բնակչության մեծամասնությունը հենց այդպիսի պայմաններում է ապրում: Ունևորների և չունևորների միջև օրավուր աճող ու խորացող անդունդը համաշխարհային խնդիր է, որը թեև դանդաղ, բայց տանում է մարդկությանը դեպի դասակարգային թշնամության և քաղաքացիական պատերազմի: Եվ բնականաբար նախագահի նման պահվածքը չէր կարող դրական չանդրադառնալ նրա վարկանիշի վրա: Վերջին հարցումների համաձայն` նրա գործունեությունը դրական է գնահատում քաղաքացիների 76 տոկոսը:

Հիշեցնենք, որ Գվատեմալայի հիմնական խնդիրը համատարած աղքատությունն է և հանցավորության բարձր աստիճանը: Այս ոչ մեծ երկրում յուրաքանչյուր օր միջին հաշվով 16 սպանություն է գրանցվում: Իսկ Պերես Մոլինան, ով ձայների բացարձակ մեծամասնությամբ հաղթել է նոյեմբերին կայացած ընտրություններում, իր գործունեության հիմնական շեշտադրումն է համարում հենց հանցավորության դեմ պայքարը: Նա ի դեպ, նախկին զինվորական է` վերջին 26 տարիների ընթացքում Գվատեմալայի միակ զինվորական նախագահը: