ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼ ԷՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ


 

Ինչ լավ է, որ մեզ մոտ ընտրություններ են լինում: Գոնե այդ ժամանակ քաղաքական ուժերը հիշում են գիտական ու ստեղծագործական մտավորականությանը: Հանդիպում են նրանց հետ, մի քանի խոստում տալիս` այսպես այն երևութականությունը ստեղծելով, թե իրենք միշտ էլ բարձր են գնահատել ազգային գիտական ու գեղարվեստական ներուժը: Ընտրություններից հետո, իհարկե, դարձյալ մոռանում են բոլորին ու անցնում իրենց «գործերին», բայց գոնե այսպես մի քանի անուններ են լսում, մի քանիսի դեմքերը տեսնում, տեղեկանում են, այս երկրում իրենցից զատ` մտավորականներ էլ կան:

ՀՅ Դաշնակցությունն էլ օրերս մայրաքաղաքի Ճարտարապետի տուն էր հրավիրել մտավորականության ներկայացուցիչների: Եկել էին գրողներ, արվեստագետներ, գիտության ներկայացուցիչներ: Նրանք գրեթե չխոսեցին, բացառությամբ, ասենք Ռուբեն Հախվերդյանի և էլի մի քանիսի: Չխոսեցին, որովհետև այս անգամ էլ ընկեր դաշնակցականներին ոչ այնքան մտավորականության կարծիքն էր հետաքրքրում, որքան` սեփական անձի ցուցադրությունը: Ճանաչված դարձած դաշնակցականներից մի քանիսը նախընտրական կոչեր չհնչեցրեցին, չխնդրեցին ձայն տալ կուսակցության օգտին, սակայն բոլորի ելույթների ենթատեքստում հենց քարոզչությունն էր: Իհարկե, մի քանի խոստումներ հնչեցին, կուսակցության ծրագրից մտավորականներին վերաբերող մի քանի դրույթներ մատուցվեցին: Բայց ներկաներից շատերը չփոխեցին իրենց կարծիքը, որ խորհրդարան մտնելուց հետո` ընկեր դաշնակցականներն էլ են մոռանալու մտավորականությանը, որովհետև շատ վաղուց նրանք ևս մտավորականությանն առաջավոր բանակ չեն համարում:

- Մենք չենք կարողացել պարզ ու հասկանալի դարձնել Դաշնակցության պարզ ու նորոգվելի դրույթները: Շատերը կարծում են, որ մենք անցյալի կուսակցություն ենք, սակայն ես նշեմ, որ չեմ իմանում կա՞ ավելի ապագային միտված քաղաքական ուժ, քան Դաշնակցություն է,- իր ելույթում ասաց նախկին սոցապ նախարար Աղվան Վարդանյանը:

Ապագային միտվածությունը, հավանաբար, չի վերաբերում ուշագրավ քաղաքական նորացումներին, գաղափարական նոր հիմնադրույթներին, մշակութային ծրագրերին: Ապագան առաջին հերթին պետք է մի խումբ ընկերների, ովքեր 1998 թվականից ի վեր ստանձնելով բազմաթիվ պաշտոններ` ձեռք բերեցին հզոր տնտեսական լծակներ: Հանդիպման ժամանակ բնականաբար չէին պատմելու, թե որոշ «ընկերներն» ինչպիսի ֆինանսա-նյութական ձեռքբերումներ են ունեցել, դարձել են ձեռնարկատերեր, հանքատերեր, Երևանում ձեռք բերել շքեղ բնակարաններ: Դե, այդ մասին ո՞վ է պատմում: