Հովհաննես Շիրազի ծննդյան օրն էր…


 

Քսաներորդ դարի հայ քնարերգության շողշողուն մարգարիտ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն էր ապրիլի 26-ը: Ասում են, որ ծննդյան օրվա ընտրությունը ոչ թե բնությունն էր արել, այլ, հենց ինքը` Հովհաննես Շիրազը: Ապրիլը, Ապրիլի 24-ը դրոշմված էր նրա գիտակցության մեջ որպես ազգային ողբերգության, հուսաբեկության ու հոգելլկումի ամիս ու ազգային ճակատագրի բեկման օր: Եվ ինքը շատ էր կամեցել իր ծնունդն աղերսել այդ մեծ ողբերգությանը` թերևս իր ծննդով ու իր ստեղծագործության ճառագմամբ նաև հաստատելով վերհառնումի ու ապրումի Աստվածային լավատեսությունը: Ծննդյան տարին էլ, բանաստեղծ և թատերագիր Գուրգեն Բորյանի առաջարկությամբ, 1915-ն էր նշել: Ուրեմն, 1915 թվական ու Ապրիլի 26: Կործանումից դեպի Ծնունդ: Խաչելությունից դեպի Համբարձում... Բանաստեղծի կենսագրության այս միստիֆիկացված էջն, իհարկե, գրականագիտական-ծննդաբանական հետազոտություններով կարող է ցիրուցան լինել, կարող են անգամ գլուխ բարձրացնել տեղեկություններ, որոնք հավաստեն, որ Բանաստեղծի ծննդյան տարեթիվը շատ հեռու է 1915-ից, քանի որ հենց ինքն իր «Մի փետուր իմ արծիվ կյանքից» կենսագրական էսսեում, գրելով հոր մասին պահպանված հիշողության մասին, ասում է. «Երկու տարեկան էի, որ հորս սպանեցին...»: Իսկ նրա Թադևոս հորը սպանել են Արգինա գյուղում այգին մշակելու պահին, 1920 թվականին:

Կգար հայրս Շիրակի հովերի հետ իրիկվա,

Կշողշողար բահն ուսին, սարից ելնող լուսնի պես.

Կարող են նաև նրա համալսարանական ընկերները, որոնցից այսօր ողջ է միայն հրաշալի ասմունքող ՀՀ ժողովրդական արտիստուհի, պրոֆեսոր Հրաչուհի Ջինանյանը, վկայել, որ Օննիկ Կարապետյան-Հովհաննես Շիրազը գրեթե իրենց հասակակիցն էր, որ նա ընդամենը մեկ տարով էր մեծ իր Արամազդ-Արա Շիրազ որդու մորից` Սիլվա Կապուտիկյանից: Իսկ Հայոց մեծ բանաստեղծուհու ծննդյան տարեթիվը 1919-ն էր: Հիմա չզբաղվենք Շիրազի ծննդյան թվականի ճշգրտմամբ` պահպանելով առասպելն ու խորհրդավոր մտացածինը: Զարմանանք, որ հոր մահից հետո գրեթե որբացած, «մեկից մի հաց, մեկից մի սոխ» գողացող տղեկը հայտնվում է որբանոցում:

- Որբանոցից շատերն էին փախչում. մեծ մասը դեպի շուկա, իսկ ես` դեպի Արփաչայի հովիտները` փնտրելու հայրիկիս բոստանը: Եվ մի վայրկյան ծաղիկների ու կակաչների մեջ մոռանում էի, որ որբ եմ...

Որբանոցային անձուկ օրերը, հարազատ մոր որոնումները, տառապանքի ու մանկական հրճվանքի զուգորդումների մեջ բոլորվող օրերն էլ նրա մեջ հայտնագործեցին Բանաստեղծին, տարան դպրոց, որտեղ նա քաղցածի նման հագենում էր հայոց լեզվով, կարդում պատահած գիրքն ու զօր ու գիշեր թղթի կտորների վրա հանգեր հորինում, որոնք հետո բանաստեղծություններ են դառնում:

Զարմանանք, որ դառնություններ ու ցավ տեսած պատանու առջև անսպասելիորեն հառնում է Ատրպետը` Սարգիս Մուբալաջյանը, ով հայրենի Ատրպատականը թողած` հայտնվել էր Շիրազի ծննդավայր Գյումրի-Լենինական քաղաքում: Հենց Ատրպետն է առաջինը կարդում ապագա Շիրազի բանաստեղծություններն ու մարգարեաբար կանխագուշակում, որ նա օժտված է շքեղ տվյալներով, որ նրա ստեղծագործությունները բուրում են Շիրազի վարդերի պես... Ատրպետից հետո ուրիշները պիտի կարդային Շիրազի ստեղծագոր ծություններն ու գրեին նրա մասին, արժևորեին նրա տեղը հայ բանաստեղծության անդաստանում:

Հովհաննես Շիրազի և ընթերցողի առաջին ու հիմնավոր հանդիպումը տեղի ունեցավ 1935-ին, երբ լույս տեսավ նրա առաջին գիրքը, առաջին բանաստեղծությունն արդեն բանաստեղծական-գեղարվեստական հրաշալի հայտ էր:

Հայ քնարերգությանը գարնանաբույր բերող բանաստեղծն իր ստեղծագործությունը կապակցեց այն հազարամյա ավանդույթներին, որոնք գոյավորվել էին Գրիգոր Նարեկացու ու Քուչակի համառ-խիզախ որոնումներով և ինքն էլ այդ ավանդույթների հարստացնողը դարձավ:

...Հովհաննես Շիրազի ծննդյան օրն էր... Հանճարները չունեն ծննդյան ու մահվան օրեր, դրանք սոսկ պայմանական շրջագծեր են, որովհետև նրանց ծնունդը թելադրել է Երկինքը, իսկ հավերժության ճամփան Աստծո հրավերն է` բոլոր օրերի ու տարիների մեջ սփռված: