Որ վստահ լինենք վաղվա օրվան


 

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տրանսպորտային սպասարկման կենտրոնի ղեկավար Ռոբերտ ԵՓՐԵՄՅԱՆՆ անկուսակցական է: Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ծրագիրը հոգեհարազատ է նրան, և համոզված է, որ դրանում ամփոփված խոստում-պահանջները ոչ միայն իրականանալի են, այլև ժամանակի հրամայականն են: Նրա կենսագրությունն ու սկզբունքայնությունն էլ հավատ է ներշնչել ՀԴԿ-ին, որի համամասնական ցուցակով Ռ. Եփրեմյանը ևս առաջադրվել է պատգամավորության թեկնածու:

- Ես որևէ կուսակցության չեմ անդամակցում, բայց կարևորելով սոցիալիզմի գաղափարախոսությունը, փորձում եմ իմ նպաստը բերել մեր խորհրդարանում Դեմոկրատական կուսակցության ներկայացված լինելու գործին: Ուզում եմ, որ խորհրդարանում սոցիալիստական արժեքներ առաջադրող ու պաշտպանող քաղաքական ուժ լինի. ես կողմ եմ սոցիալական արդարությանը:

Բայց այդ նույն` ձախ գաղափարական ուղղվածությամբ մեկ այլ կուսակցություն էլ կա մեր երկրում: Դաշնակցությանը նկատի ունեմ: Ի դեպ, այդ կուսակցությունը նաև անդամակցում է սոցինտերնին:

- Գիտեմ: Բայց այդ կուսակցությունում բացակայում է ռուսաստանյան կողմնորոշումը: Իսկ իմ աշխարհայացքը միանշանակ ռուսական կողմնորոշման է, ինչն առկա է նաև Դեմոկրատական կուսակցության պարագայում: Ես միշտ ուզել եմ միավորված տեսնել սոցիալիստական ուժերին: Պատկերացրեք` ինչ ազդեցիկ կարող էր լինել ՀՅԴ-ի, Դեմկուսի, Կոմկուսի, այսինքն` ձախ կողմնորոշման բոլոր քաղաքական ուժերի միավորումը:

- Դուք դա հնարավոր համարո՞ւմ եք մեր իրականության մեջ:

- Մի մոռացեք, թե ինչ պատահեց 33թ. Գերմանիայում, երբ սոցիալ-դեմոկրատական և կոմունիստական ուժերը չմիավորվեցին. իշխանության եկան ֆաշիստները: Ես բառացի չեմ ասում ձախերը միավորվեն: Պարզապես, անհրաժեշտ է քաղաքական մի պլատֆորմով հանդես գալ. չէ՞ որ սոցիալիզմը հարազատ է և´ դաշնակցականներին, և´ կոմունիստներին, և´ դեմոկրատներին: Չփնտրենք այդ կուսակցություններին տարանջատող գիծը, այլ տեսնենք նրանց մոտեցնող, համագործակցության տանող գաղափարը: Մենք մարդիկ ենք, ովքեր ապրել են խորհրդային ժամանակահատվածում: Վստահաբար կասեմ` կատարյալ չէր, բայց միևնույն ժամանակ բոլորս վստահ էինք մեր վաղվա օրվա նկատմամբ:

- Խոսեցինք անցյալից, հիմա էլ մայիս ամիսն է: Ակամա մտաբերեցի «մայովկա» կոչված հաճելի ժամանցները, որ հաջորդում էին Աշխատավորության միջազգային օրվան: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն սակավաթիվ այն կազմակերպություններից է, որ այսօր աշխատում է:

- Աշխատանք ունենալով, մարդը կարողանում է լուծել բազմաթիվ սոցիալական հարցեր: Ուզում եմ խոսել պատասխանատվության մասին: Ցանկացած երկրի յուրաքանչյուր քաղաքացի իր ներդրումն է ունենում պետության կյանքում` հարկեր վճարելով, բանակում ծառայելով: Բայց միևնույն ժամանակ, պետությունն էլ պետք է պատասխանատվություն կրի քաղաքացու վաղվա օրվա համար: Ես 60 տարեկան եմ. երեք տարի հետո անցնելու եմ թոշակի և ստանալու եմ ընդամենը 32 հազար դրամ: Այդ գումարն արդյո՞ք բավարար է, որպեսզի մարդն արժանավայել ապրի: Այդ առումով պետությունը պատասխանատվություն պետք է կրի:

Մայիսը մեր սերնդի հիշողության մեջ մնացել է որպես տոների, հաղթանակների ամիս: Այսօր էլ մայիսը տոնական ամիս է հայի համար:

- Այո, տոները ոգևորում են մարդկանց, եթե կա համապատասխան մթնոլորտ: Մեր ոլորտում տոնական այդ մթնոլորտը պահպանվել է, որովհետև մարդիկ աշխատանք ունեն: Այստեղ նաև պահպանվել է աշխատակիցների երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու ավանդույթը: Երեխաներին ուղարկում ենք Լոռի` Շահալի կայրանին կից ճամբար: Մեզ մոտ նաև ուշադրություն է դարձվում երիտասարդ կադրերի պատրաստմանը: Երիտասարդները գործուղվում են ԲՈՒՀ-եր` ուսումնառության: Այսինքն, աշխատավորական ավանդույթները պահպանվել են:

- Ի՞նչ եք կարծում, ամսի 6-ին կարո՞ղ ենք հիմքեր ստեղծել` այդ ավանդույթներն ընդհանրապես վերականգնելու, զարգացնելու համար:

- Ամեն ինչ ստեղծվում է աշխատանքի շնորհիվ: Դեմոկրատական կուսակցությունը գտնում է, որ երկրում չպետք է լինեն աղքատ մարդիկ, պետք է վերացվի սոցիալական անարդարությունը: Ժամանակին կար ինժեներների, փականագործների, խառատների մի հզոր բանակ: Այսօր այդպիսի մասնագետներ որևէ տեղ չեն պատրաստվում: Մեր ժամանակներում հպարտություն էր լավ ուսում, հիմնավոր կրթություն ստանալը: Այսօր սովորելը ձևական է. երիտասարդների մեծ մասը սպառողական չափանիշներ ունեն, առանց գիտելիքներ ստանալու ձգտում են բարիքներից օգտվել: Սա այսօրվա համակարգի հետևանքն է, ինչի փոփոխությունը հիմնավորում է Դեմկուսը:

Ինչպիսի՞ն կուզենայիք, որ լիներ Ձեր երեխաների վաղվա օրը, ի՞նչ կմաղթեք նրանց:

Կուզենամ, որ մեր երեխաներն ապրեն մի երկրում, որտեղ վստահություն լինի վաղվա օրվա համար, որ երեխան խնդիր ունենա միայն գիտելիքներ ձեռք բերելու` վստահ, որ ապագայում դրանք կիրառելու է` ի շահ երկրի բարեկեցության: Մարդը պետք է աշխատանք ունենա և աշխատանքո´վ նպաստի երկրի շենացմանը:

Ա. Դ.