Սարկոզին չի հանդուրժի


 

Լրատվամիջոցների արձակած «նետերը» հաճախ ճակատագրական են դառնում. կա´մ «մահացու» խոցում են թիրախին, կա´մ բումերանգի նման հետ են սլանում դեպի արձակողը: Ճիշտ այդ անորոշությամբ «օդում պտույտներ» է գործում MediΖΘΖrt էլեկտրոնային կայքի` Ֆրանսիո նախագահի ուղղությամբ արձակած «նետը»:

Նախագահական ընտրություններից անմիջապես առաջ` մարտ ամսին, համացանցային այս հրատարակությունը մի փաստաթուղթ է հրապարակել, որտեղ խոսվում է, թե լիբիական վարչախումբը 50 միլիոն եվրո է հատկացրել Սարկոզիի նախագահական քարոզարշավին (խոսքը նախորդ ընտրությունների մասին է): Մասնավորապես նշվել է, որ այդ ֆինանսավորման համար բանակցություններն ընթացել են Քադաֆիի որդի Սեյիֆ ալ-Իսլամի և ոմն ZT-ի միջև: Լրատվամիջոցը համոզված է, որ ZT-ն լիբիական ծագմամբ ֆրանսիացի գործարար Զիադ Տակիեդինն է (երկուշաբթի տեղեկացրել է «Ֆրանս Պրես» գործակալությունը):

Մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահից Սեյիֆն արդեն պահանջել էր վերադարձնել փողերը: Նա ընդգծել էր, որ Լիբիայի իշխանությունների մոտ պահպանվել են այդ գործարքն ապացուցող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը. այդ թվում` բանկային հաշիվները և բանկային փոխանցման վավերագրերը: Ֆրանսիայի ՆԳ նախարար, Նիկոլա Սարկոզիի այն ժամանակվա նախընտրական արշավի ղեկավար Կլոդ Գեանը, սակայն, հայտարարել էր, որ Լիբիայում չեն կարող նման ապացույցներ լինել: Այսինքն` կա´մ գործարք չի կատարվել, կա´մ նա համոզված է, որ եղած ապացույցները վերացված են:

Քաղաքական այս աղմկարարության նոր գալարապտույտը սկիզբ առավ երկրում նախագահի ընտրության երկրորդ փուլի նախաշեմին: Սարկոզին ոչ միայն հերքում է այդ տեղեկատվությունը և դա անվանում «խոշոր կեղծիք», իսկ այն տարածողին` «անազնիվ կրպակ», այլև որոշել է հայց ներկայացնել MediΖΘΖrt-ի դեմ: Կհասցնի՞ նա այդ անել մինչև մայիսի 6-ը, երբ նշանակված է քվեարկության 2-րդ փուլը: Հակառակ պարագայում Սարկոզին հավանաբար լրացուցիչ քվեներ կկորցնի նաև ա´յս պատճառով: