ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ


 

Օրեր առաջ մենք գրել էինք, որ ՕԵԿ-ի համամասնական ցուցակից ինքնաբացարկ է հայտնել Մհեր Համբարձումյանը, ով ողջ Մասիսի տարածաշրջանում պարտավորվել էր կուսակցության համար ապահովել 8 հազար ձայն: Կուսակցության մամլո խոսնակը, ում պրոֆեսիոնալ որակներն այնպիսին են, ինչպիսին այս կուսակցության վերաբերմունքն է արհեստավարժ լրագրության հանդեպ, շտապել էր լրատվամիջոցների «ականջներից լապշա կախ տալ»` հայտարարելով, թե Մհեր Համբարձումյանը հեռացել է ցուցակից, որպեսզի օգտակար աշխատանք կատարի կուսակցության համար: Հիմա, ինչպես վկայում են մեր իրազեկ աղբյուրները, ՕԵԿ-ից «քցված» Համբարձումյանն անգամ Հայաստանից է հեռացել` գուցե հեռվում հաշվելու այն ֆինանսական կորուստները, որոնք ունեցել է թանկագին Վահանիչի պատճառով… Մեզ հաջողվեց տեղեկանալ, որ Արթուր Բաղդասարյանը խոստացել էր Համբարձումյանին տալ այն ծախսերի 2/3-ը, որը պիտի ներդրվեր մոտ ութ հազար քաղաքացու դեպի ՕԵԿ բերելու համար: Բայց ահա ՕԵԿ նախագահը հրաժարվել է տալ այդ գումարը, ասելով, որ փողի դիմաց կարող են հեռախոսներ տալ: Դե, այսքանից հետո հայտնի գործարարը փակել է մոտ 30 նախընտրական կենտրոնները, հավաքել քարոզչական նյութերն ու հեռացել:

Դրանից հետո Մասիս է եկել Բիշարյան Հեղինեի գլխավորած պատվիրակությունը, որպեսզի Համբարձումյանին համոզի մնալ համամասնական ցուցակում և ապահովել 8 հազար ընտրողի ձայները: Սա նոր ոճ չէ ՕԵԿ-ում: Նախորդ ընտրությունների ժամանակ էլ նա մի քանի կուսակիցների էր հորդորել գումարներ ներդնել` խոստանալով հետո վճարել: Հիմա այդ խաբվածներից մեկը դեռ շարունակում է վճարել իր գրավադրված բնակարանի դիմաց…

Պարզվում է, որ այս կուսակցությունը խաբում է ոչ միայն իր անդամներին և իր համամասնական ցուցակի ներկայացուցիչներին, այլև շարքային հայաստանցիներին: Այսպես, Արագածոտնի և Տավուշի մարզերում սկսել են ցուցակագրել բնակարանի և գյուղտեխնիկայի կարիք ունեցող անձանց: Մարդիկ հավատում են ՕԵԿ-ի այն խոստումներին, թե իբր իրենք բարեխոսելու են միջազգային բանկերի առջև, որպեսզի սրանք ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրեն: Դե, մարդիկ էլ, ովքեր հայաստանյան առևտրային բանկերի պատանդն են դարձել, հավատում են և հայտնվում ՕԵԿ-ի լարած որոգայթում: Ի դեպ, որոշ ՕԵԿ-ականներ էլ միամիտ տավուշցիներին հույսեր են ներշնչել, թե իրենց վարկերն արագ փակելու համար` աշխատանքի են անցնելու «Հայասի» գործարանում: Կարիքի մեջ հայտնված մարդը դյուրահավատ է, նա վստահում է բոլոր նրանց, ովքեր խոստանում են. այն էլ` հրապարակավ, հարյուրավոր մարդկանց ներկայությամբ:

Սա էլ ընտրակաշառքի մի ձև է…