ՆՈՐ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ


 

Երբ այդպես էլ պաշտոնական հաստատում չստացավ Մեթյու Բրայզայի թեկնածությունն Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում, նախագահ Բարաք Օբաման որոշել է առաջադրել նոր թեկնածու: Պետքարտուղարության` Եվրասիայում էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի առաջադրումը բավական լուրջ մտորումներ է ծնում` հուշելով, որ ԱՄՆ-ի վարչակարգը Ադրբեջանում վարում է միանգամայն նոր քաղաքականություն` հենց պաշտոնական Բաքվից չթաքցնելով, որ այդ երկիրն իրեն հետաքրքրում է միայն էներգետիկ նկատառումներով: Այսինքն, Ղարաբաղի հիմնահարցը բնավ էլ ԱՄՆ-ի` տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթություններից չէ:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նախկին դեսպան Մեթյու Բրայզան գլխավորապես առաջնորդվում էր Ադրբեջանի շահերով` երբեմն դրանք գերադասելով հենց իր երկրի շահերից: Առաջարկվում էին մի շարք արևմտյան ծրագրեր, որոնք նախատեսում էին գազի արտահանումը դեպի Եվրոպա Ադրբեջանից և Թուրքմենստանից: Սակայն Բրայզայի չափազանց նկատելի ադրբեջանամետ գործունեության հետևանքով այդ ծրագրերը հայտնվեցին փակուղում:

Պաշտոնական Վաշինգտոնն այդ ծրագրերը կապում էր նաև մի շարք քաղաքական խնդիրների հետ, որոնց մեջ առկա էր նաև Ղարաբաղի հարցը, որն այդ դեպքում դիտարկվում էր ադրբեջանական պահանջների դիրքերից: Սակայն դրանք նույնպես մատնվեցին ձախավերության:

Առաջադրելով նոր դեսպանի թեկնածությունը, ԱՄՆ-ն, ըստ էության, փոխում է ադրբեջանական իր առաջնահերթությունները: Ռիչարդ Մորնինգսթարը ներկայացնում է գազատարներով զբաղվողների դիրքորոշումներն ու մոտեցումները: Այսինքն, Վաշինգտոնի համար կարևորը գազատարների խնդիրն է:

Համոզված ենք, որ Բարաք Օբամային հուշել են զբաղվել Տրանսկասպյան գազատարի ձևավորման հարցերով, ուշադրություն դարձնել ադրբեջանական էներգետիկային: Կարծում ենք, որ գոնե առաջին շրջանում Մորնինգսթարը հեռու կմնա ղարաբաղյան խնդրից: Բայց և` լավ ճանաչելով Ադրբեջանը, համոզված ենք, որ էներգետիկայի դիմաց Բաքուն ԱՄՆ-ից կպահանջի իրեն հանձնել Ղարաբաղը: Քաղաքական մեկնաբաններից մեկը գրում է.

- Անկասկած, էներգետիկան և քաղաքականությունը չեն կարող փոխկապակցված չլինել, և Ադրբեջանը շարունակելու է իր ռեսուրսների դիմաց աջակցություն խնդրել` Ղարաբաղը վերադարձնելու հարցում: Բայց դիվանագիտությունը այն բանի համար է դիվանագիտություն, որ թույլ չի տալիս վճարել ապրանքի ինքնարժեքից ավելի: Իսկ Ղարաբաղը շատ մեծ գին է ԱՄՆ-ի համար` ադրբեջանական նավթի դիմաց:

Այս լավատեսությունը մեզ ոգևորում է, սակայն չենք կարող ասել, թե ամեն ինչ կլինի հենց այսպես: Հավանաբար ինչ-որ պահի ԱՄՆ-ը ևս կձգտի առավել լայնակի օգտագործել ղարաբաղյան «սինդրոմը»` Ադրբեջանին մշտապես կախված պահելով իրենից: Արդեն շատ երկար ժամանակ ԱՄՆ-ը Անկարային կախվածության մեջ է պահում այն պահերին, երբ զգում է, որ Թուրքիան հեռանում է կամակատարի դերից` սկսում է շահարկման մեջ դնել Ցեղասպանության ճանաչման խնդիրը: Դա Վաշինգտոնի ձեռքին զենք է` Թուրքիային հպատակեցնելու գործում: Հիմա նույնը կարող է լինել նաև Ղարաբաղի հարցում: Այն պահերին, երբ Ադրբեջանը հեռանա «ձեռնասունի» կարգավիճակից և փորձի ինքնուրույն քայլեր անել, որոնք կարող են այնքան էլ շահավետ չլինել Վաշինգտոնի համար, վարչակարգը կսկսի երևութականություն ստեղծել, թե իբր ճանաչում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը: Ուրեմն, «կեցցե կատուն, որ մուկ է որսում սեփական փորի համար»:

Անտարակույս, Վաշինգտոնն այնքան միամիտ չէ, որ ակնհայտորեն ձգտի պաշտպանել Ադրբեջանի շահերը, քանի որ գոյություն ունի հայկական լոբբի, որը մեծ տեսակարար կշիռ ունի ամերիկյան քաղաքական-հանրային իրականության մեջ: Որևէ ամերիկյան առաջնորդ չի կամենա իր դեմ հանել հայկական լոբբին, որը կարելի է նաև սեփական շահերի համար օգտագործել: Ուրեմն, Ադրբեջանին մշտապես պահելով կախվածության մեջ` ԱՄՆ-ը տեր կկանգնի նրա գազային հարստություններին, Տրանսկասպյան գազատարի միջոցով տարանցիկ երկրներին կթելադրի իր մարտավարությունը և Ադրբեջանը կհեռացնի Ռուսաստանից: Այդպիսով այս տարածաշրջանում Վաշինգտոնը մեկ հզոր հենակետ էլ կունենա, որը կծառայի բացառապես իր շահերին:

Մ. ԼԵՎՈՆՅԱՆ