ԲԱԽՎԵՑԻՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՎՐԵԺԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Շաբաթ օրը երեք մարդատար ու երեք բեռնատար նավերից բաղկացած մի նավատորմ Կիպրոսի ափամերձ գոտուց ուղղություն է վերցրել դեպի Պաղեստինի շրջափակված Գազայի գոտի: Երկուշաբթի առավոտյան Իսրայելի ռազմածովային նավատորմի գրոհայինները Միջերկրական ծովում նախ շրջափակել, ապա հարձակվել են Գազայի գոտի մարդասիրական օգնություն տանող այդ վեց նավերից բաղկացած «Ազատության նավատորմի» վրա, երբ նրանք փորձել են հաղթահարել Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած ծովային շրջափակումը: Նախաձեռնված հատուկ գործողության հետևանքով մարդասիրական առաքելության մոտ 700 մասնակիցներից 19-ը զոհվել են, ևս երեք տասնյակը վիրավորվել են: Իսրայելական կողմը հայտարարել է, որ շրջափակման գիծն անցնել ցանկացող նավի ուղևորները մետաղյա ձողերով ու դանակներով հարձակվել են զինվորների վրա, իսկ վերջիններս բացառապես պաշտպանվել են: Իսրայելական կողմը տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դրել է մարդասիրական օգնության ակցիան կազմակերպած «Ազատ Գազա» շարժման վրա, մասնակիցների գործողությունները որակել է «քաղաքական սադրանք», իսկ «Ազատության նավատորմը» «բռնության ու ատելության առմադա» անվանել: Բըռնագրավվել է նավերից մեկը, ապա Իսրայելի փոխարտգործնախարար Այալոնը հայտարարել է, թե նավում զենք են հայտնաբերել: Թուրքիայի նախագահ Էրդողանը տեղի ունեցածի մասին իմացել է Չիլիում և անմիջապես էլ ընդհատել է Լատինական Ամերիկայի երկրներ իր այցը: Թեև արդեն նախօրեին հայտնի էր, որ Էրդողանը չի այցելելու Արգենտինա, քանի որ այս երկրի իշխանությունները հրաժարվել էին Բուենոս Այրեսում Աթաթուրքի հուշարձանը բացելու նախաձեռնությունից: «Ազատության նավատորմը» գնդակոծելու և ձերբակալելու իսրայելական ռազմածովայինների գործողությունները օսմանյան Թուրքիայի այսօրվա ժառանգորդը համարել է «մարդկության դեմ ուղղված պետական ահաբեկչութ յուն» և հայտարարել, որ «ոչ ոք չպետք է կարծի, թե մենք հանգիստ կվերաբերվենք միջազգային իրավունքի այս խախտմանը»: Էրդողանը նաև պնդել է, թե մարդասիրական առաքելության մասնակիցները զինված չեն եղել, այլ միայն ցանկացել են մարդասիրական օգնություն հասցնել Պաղեստինի խաղաղ բնակիչներին. «զենքի մասին բոլոր հայտարարությունները կեղծիք ու բամբասանք են»: Թուրքիան ոչ միայն հետ է կանչել Իսրայելում իր դեսպան Օղուզ Չելիքքոլուին, այլ նաև, փոխվարչապետ Բյուլենթ Առինչի հավաստմամբ, հրաժարվել է Իսրայելի հետ ծրագրած երեք համատեղ զինավարժություններից: Ապա և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին է դիմել` արտահերթ նիստ հրավիրելու խնդրանքով: Թուրքիայում ծայր են առել հակաիսրայելական բազմահազարանոց բողոքի ցույցեր: Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության առջև տեղի ունեցած ցույցի ժամանակ թուրք ու պաղեստինցի ցուցարարները վառել են Իսրայելի դրոշը, ապա քարկոծել են հյուպատոսության շենքը: Միջերկրական ծովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ բացատրություններ տալու համար Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել Իսրայելի դեսպան Գաբի Լևին: Գերմանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը դատապարտել են Իսրայելի բանակի գործողությունները և պահանջել են անհապաղ դադարեցնել Գազայի գոտու շրջափակումը: Քաղաքացիական անձանց վրա բանակի զինված հարձակումը և բաց ծովի չեզոք տարածքում նավերը կալանելը համարվել է միջազգային իրավական նորմերի կոպիտ խախտում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը տեղի ունեցածը հանգամանորեն հետաքննելու և բոլոր հանգամանքները բացահայտելու կոչ է արել: Պաշտոնական Վաշինգտոնը թեև ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին, սակայն չի շտապում տեղի ունեցածից եզրակացություններ անել ու մեղադրել կողմերից որևէ մեկին: Հունիսի մեկին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հանդիպումներ է նախատեսել Իսրայելի վարչապետ Նաթանյահուի և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ: Սակայն այդ հանդիպումները դժվար թե տեղի ունենան: Արդեն իսկ փորձագետները կարծիք են շրջանառում, որ Գազայի ափերին տեղի ունեցած միջադեպը, թուրքական հատուկ ծառայությունների միջոցով, պլանավորել է անձամբ Էրդողանը: Այս կերպ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները և առավելագույնս մերձենալ Իսլամական աշխարհին: Թուրքիայի կապերը իսլամական ահաբեկչական կառույցների հետ առավել տեսանելի են դառնում : Թուրքիան նկատելիորեն երկրում արմատական իսլամական ռեժիմ է հաստատում: Հատկանշական է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը պաշտոնապես նախազգուշացրել է Իսրայելին, որ իրագործած «անթույլատրելի» գործողությունները «անվերականգնելի հետևանքներ» են ունենալու: Իսրայելը պնդում է, որ «Ազատ Գազա» շարժման մասնակիցներն են կրակ բացել ոստիկանական գործողություն իրականացնող իսրայելցի զինվորների վրա: ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբին պատկանող երկու շտապօգնության ինքնաթիռ հատել են Իսրայելի օդային տարածքը` նախորդ գիշերվա միջադեպի հետևանքով վիրավորված ու իսրայելցի ուժայինների հսկողության տակ մնացած Թուրքիայի 20 քաղաքացիներին վերադարձնելու նպատակով: Ըստ «Միլլիյեթ» թերթի` այս մասին տեղեկացվում է թուրքական կառավարության Արտակարգ իրավիճակների վարչության տարածած գրավոր հաղոդրագրությունում: Նշվում է, որ օդ է բարձրացել նաև Թուրքիայի առողջապահության նախարարությանը պատկանող շտապօգնության մեկ ինքնաթիռ: Թուրքիայի Գլխավոր շտաբի, արտաքին գործերի և առողջապահության նախարարությունների համատեղ աշխատանքով ծրագրված է Թուրքիայի վիրավոր քաղաքացիներին տեղափոխել Անկարա: Հիշեցնենք, որ նախորդ գիշեր Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող նավատորմի վրա հարձակվել էր իսրայելական օդուժը, ինչի հետևանքով սպանվել էր 19 մարդ, վիրավորվել 30-ը: Հայտնի է դարձել, որ զոհվածներից 9-ը եղել են ազգությամբ թուրքեր: