Վրացական ոճով


«Բազմազգ Վրաստան» կազմակերպությունը պահանջում է անվավեր ճանաչել Նինոծմինդայի, Ախալքալաքի և Մառնեուլի շրջանների 6 ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքները: Այս կազմակերպության 320 դիտորդներ դիտորդական առաքելություն են իրականացրել Ջավախքի տարածաշրջանում և շրջանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հիսունից ավել դիմում-բողոքներ են ներկայացրել: Այս ընտրատեղամասերում գրանցվել են քվեաթերթիկների զանգվածային լցոնման, քվեատուփը թաքցնելու դեպքեր: Հանձնաժողովների անդամները նաև միջամտել են ընտրական գործընթացին: Այս կապակցությամբ դիտորդները այդ տեղամասերում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել են Ջավախքի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Եվ եթե այնտեղ բողոքներին ընթացք չտրվի, կդիմեն Վրաստանի ԿԸՀ: «Բազմազգ Վրաստան»-ի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը երեկ հանդիպելով հայ լրագրողների հետ, անդրադարձել է նաև Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հայերի մասնակցության խնդրին: Նա ասել է, որ այստեղ ընտրություններին մարդկանց մասնակցության ցածր ցուցանիշ է գրանցվել այն ընտրատեղամասերում, որոնք հայերով բնակեցված են եղել: -Իսկ նախորդ ընտրություններում հայերի մասնակցությունը զգալիորեն բարձր է եղել: Սա մեզ թույլ է տալիս ասել, որ Թբիլիսիի հայկական ասամբլեայի կոչը` բոյկոտել կուսակցական ցուցակները, արդյունք տվել է, -ընդգծել է Ստեփանյանը` հավելելով, որ իր կարծիքով, ընտրությունների արդյունքների հետ համամիտ չի լինի միայն Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելիի գլխավորած ընդդիմադիր «Ազգային խորհուրդ» կուսակցությունը: