Նահանգները գլուխ չեն հանում «Ալ-Քաիդայի» քարոզչությունից


Մինչ օրս Վաշինգտոնը չի պարզել տեսաերիզով տարածված ահաբեկիչների դիմումի աղբյուրը: Վերջին շրջանում Արևմուտքի համար մեծ հոգս է դարձել ժամանակակից լրատվական տեխնոլոգիաների միջոցով «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի վարած քարոզչությունը: Շատ դիտորդներ խոստովանում են, որ ԱՄՆ-ը տանուլ է տալիս մուսուլմանական աշխարհի համար մղվող պայքարում, որովհետև չի կարողանում գլուխ հանել ինտերնետի օգնությամբ իսլամիստական ահաբեկիչների իրականացրած արդյունավետ ու լավ կազմակերպված քարոզչությունից: Մոտ տասն օր առաջ, այս տարի արդեն 5-րդ անգամ, ցանցում հայտնվել է «Ալ-Քաիդա»-ի ներկայացուցիչ Աբու Յախյա ալ-Լիբիի դիմումը ներկայացնող տեսաերիզը: Այն Սոմալիի խմբավորումներին կոչ է անում զինված դիմադրություն ցուցաբերել ՄԱԿ-ի խաղաղարար ուժերին, որոնք ծրագրված է տեղակայել արևելաաֆրիկյան այդ երկրում: Դիտորդները նշում են նաև, որ վերջին կիսամյակում նկատելիորեն մեծացել է «Ալ-Քաիդա»-ի գլխավոր գաղափարախոս Աբու Մուսաբա ազ-Զառկաուիի ակտիվությունը: Եվ նա ոչ միայն կանոնավոր կերպով մեկնաբանում է իրադարձությունները Գազայում, Իրանում ու Հյուսիսային Աֆրիկայում, այլև իր ներկայացուցչական ֆորումն է ստեղծել ինտերնետում: