Տոները, այնուամենայնիվ, կայանում են


ԵՊՀԹ պտտվող բեմում Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի գործող խմբակների բազմազան առօրյան ամբողջանում է լեփ-լեցուն հանդիսասրահի համար խորհրդանշական մարդեղեն պատկերներով, կիրառական արվեստի ու տեխնիկական խմբերի սաների աշխատանքների նմուշներով: Արա Գևորգյանի «Արցախ» հայրենաշունչ մեղեդին յուրովի հարստացնում է ավանդական տարեվերջյան համերգի այս խոսուն նախաբանի խորհուրդը, շեշտադրում ապագան կերտողների հավատարմությունը եռագույն դրոշին: Չարենցյան «Ես իմ անուշ Հայաստանի»-ն տրտում խոհեր է արթնացնում: Կենտրոնի նախկին սան Հայկ Մկրտչյանի գեղարվեստական ղեկավարությամբ փողային նվագախումբը Ալեքսանդր Հարությունյանի «Վալս»-ով ու Գազմանովի «Մոսկվա»-ով փոխում է բանաստեղծության տրամադրությունը: Պարային տարաոճ ռիթմերի պլաստիկ փոխանցումները «Հայ աստղեր», «Երևան», «Կովկաս», «Մատադոր» խմբերից հասնում են 5-ամյա «Կռունկ»-ին: Վերջինիս «Նավաստիների պարը» ներկայանում է որպես կատակախառն մի պատմություն ծովայինների կյանքից: Վասպուրականի մեղեդիների շարանին հաջորդում է «Չարդաշ»-ը: Բլուլին ու կիթառին` շվին ու ակորդեոնը: Նազելի վարպետությամբ ու նրբաճաշակ քնարական ոճավորմամբ տպավորվում է «Էլեգիա»-ն: Յուրատեսակ դեդեկտիվ հիշեցնող կապտաճերմակ դիմակավորվածների խորհրդավորությամբ շղարշված աշխույժ պարը: Հայկական պարերի զրնգուն զվարթությամբ տոնական հրավառություն է ասես բռնկվում բեմի վրա: Հպարտությամբ համակում գոյության իններորդ տասնամյակը թևակոխած ազգապահպան այս կառույցի կենսունա կության, մատաղ սերնդի արտադպրոցական գեղագիտական դաստիարակության նախնական կոչմանը անխոտոր նվիրվածութ յան նկատմամբ: Ժամանակի թելադրանքին համաքայլ աշխատաոճով ՀՀ վաստակավոր մանկավարժ, տնօրեն Լաուրա Ավետիսյանը մեծ ճիգերով դեռևս կարողանում է խթանել նվիրյալ աշխատակիցների խանդավառությունը, ովքեր այդպես էլ չեն արժանանում մանկավարժի կարգավիճակի: Հետևողականորեն նոր ավանդույթներ են նախաձեռնվում` լավագույն հների պահպանմամբ: Հատուկ հոգատարությամբ են շրջապատվում զոհված ազատամարտիկների ու հաշմանդամ երեխաները: Կազմակերպվում են նկարչության, գոբելենի, ասեղնագործության, ավիամոդելների խմբակների սաների աշխատանքների ցուցահանդեսներ: ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանի վերակազմավորած թատերական խմբակը առաջին լուրջ հաջողություններն է արձանագրում: Ընդառաջելով պարարվեստով հետաքրքրվածների ցանկությանը` ձևավորվել են սիրողական 20-30 հոգանոց խմբակներ` գործող համույթներին կից: Առանց տարիքային սահմանափակման: Մեկ տարվա ընթացքում հարյուրից ավելի նոր սաներ է հյուրընկալել իր հարկի տակ Կենտրոնը: Համաքաղաքային ու հանրապետական մասսայական միջոցառումների մշտական պատվավոր մասնակիցներն են շնորհալիների տարբեր խմբերը: Լիահույս, որ հոբելյանական խոստումներն իսպառ չեն մոռացվի, սեփական սուղ հնարավորություններով ու հնարամտությամբ հաջողեցնում են ուշագրավ նոր նախաձեռնություններ կյանքի կոչել: Եվ տոներն, այնուամենայնիվ, կայանում են: Սրվեր Կենտրոնի նկատմամբ պետական ուշադրությունը, անհամեմատ շատ երեխաներ կազատագրվեին փողոցային պարապ, հանցածին «ժամանցից»: Անհամեմատ հուսադրող կլիներ վաղվա օրը…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ