Ծաղիկների բուրմունքով օծված ցուցասրահներում


Հայացքդ գամվում է դեղնակարմիրի ու երկնակապտավունի թանձրավառ անցումներով երկփեղկված լուսաշող մեծադիր կտավի եկեղեցու մթամած ուրվապատկերին, որ ծանրանիստ բազմած է արևի կենսատու շողերը կլանող նորատունկ ծառերի թիկունքին: Վարանում ես մի պահ ներս մտնել նախաշեմից` ակամա հայտնվելով «Առավոտ լուսո» (2001թ.) նկարի տիրույթում: Ապա շրջում ես Ազգային պատկերասրահի նորաբաց ցուցահանդեսում: Որոնում ներկայացված 67 գեղանկարներում ու 2 քանդակներում («Կոմիտաս», «Խնձորեսկցի») ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանի (Թաթոս) ստեղծագործական նկարագրի բացահայտման բանալին: Հայաստանում ու արտերկրում մի քանի տասնյակ անհատական ու խմբակային ցուցադրություններով ճանաչում գտած 70-ամյա արվեստագետը, հոբելյանի առիթով, այս անգամ, կարծես, հետահայաց ընդգրկմամբ, ամբողջացնում է անցյալ դարի 60-ականներից մինչ օրս ձգվող ստեղծագործական բեղմնավոր ուղին: Յուրատեսակ հաշվետվություն տալով ինքն իրեն, արվեստակից ընկերներին, մտերիմ-բարեկամներին ու հոբելյանական ցուցահանդեսի մեծաթիվ այցելուներին: Հանդիսամուտին հնչած մեծարանքներից ու պաշտոնական բարձր գնահատականներից շոյված` տոնական զվարթությամբ ուղեկցում է հավաքվածներին դեպի իր նկարչական աշխարհը: Մանկական հրճվանք ապրում, երբ ծանոթ-անծանոթները արտահայտում են անմիջական զգացողութ յունները «Օհան պապը» (1963), «Կապույտ աղջիկ» (1964), «Ծանր քայլ» (2002), «Ծաղկած եկեղեցի» (1996) և այլ աշխատանքնե րից: Հիացմունքով նկատում պոետիկ բնապաշտությունը, որ հորդում է «Դաշտային ծաղիկներ», «Երիցուկներ», «Կակաչներ», «Գարուն», «Ծաղկունք», «Եղրևանի», «Ահնիձորի կիրճում», «Լիալուսին», «Վարդեր» ու մի շարք ուրիշ նկարներից: Ցուցասրահները լցնում անհամար ծաղիկների բուրմունքով, բնության կախարդիչ ձայներով: Այս միջավայրում առանձնակի ուշադրություն են գրավում «Ճոճք»-ը, «Սիլվին», կնոջ երկրպագությամբ ներթափանցված մյուս գործերը: Թաթոսի վառվռուն կենսասիրությամբ վարակված` կրկին պտույտ ես գործում ցուցասրահներով` մտապատկերումդ բնօրինակների արտահայտչականությամբ պահպանելու համար գունագեղ բնապատկերները: Տարիները, ըստ էության, չեն խունացրել այս նկարչի հոգու երանգապնակը` մտածում ես հեռանալիս: Ուրեմն, նույն երիտասարդական պոռթկումով, նա ի զորու կլինի նոր կտավներում ամփոփել իր պոետիկ, բնապաշտական աշխարհընկալումը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ