«Թամանյանի ժառանգությունը»


XX դարի հայ ճարտարապետության զարգացման, երբեմն, իրարամերժ ուղղությունների թվում ազգային ակունքնե րին թերեւս ամենահավատարիմը, ամենահետեւողականը եւ ամենաճանաչվածը Ալեքսանդր Թամանյանի որդեգրածն է: Ուղղություն, որի փայլուն ներկայացուցիչներից են Ն. Բունիաթյանը, Ս. Սաֆարյանը, Հ. Մարգարյանը, Զ. Բախշինյանը, Ռ. Իսրայելյանը, Գ. Աղաբաբյանը եւ ուրիշները: Նա առաջինն էր, որ իր ստեղծագործություններում դիմեց միջնադարի հայ ճարտարապետության դարերի ընթացքում հղկված լուծումներին, արտահայտչամիջոցներին, եւ, համադրելով դրանք համաշխարհային դասականության լավագույն ավանդույթների հետ, դրեց մեր նոր ճարտարապետության հիմնաքարերը, վերականգնեց նրա զարգացման ընթացքը, որ ընդհատվել էր դարեր առաջ` միջնադարի հայկական իշխանությունների անկումից հետո: Բազում հայ ճարտարապետներ գնացին Թամանյանի հարթած ճանապարհով: Թամանյանական դպրոցի ճարտարապետները, նորովի մեկնաբանելով Տրդատի, Թոդոսակի, Գալձակի, Մինասի, Սիրանեսի, Մոմիկի ժառանգությունը, ստեղծեցին արդիական կառույցներ` հարազատ մեր ազգային ոգուն, հավատարիմ ազգային ավանդույթներին ու հայոց բնաշխարհին ներդաշնակ: Այսօր այդ շինությունները` բնակելի, հասարակական, վարչական, արդյունաբերական շենքերը, կամուրջները, հուշարձանները, որոնց միջավայրում տեղի է ունեցել շատերիս գեղագիտական դաստիարակումը եւ քաղաքացիական կայացումը, իրենց պատվավոր տեղն են գրավում հայ մշակույթի գանձարանում, համազգային հոգեւոր հարստությունն ու հպարտության առարկան են, նաեւ հայերիս ինքնության արտահայտությունը: «Թամանյանի ժառանգությունը» լուսանկարչական բաց մրցույթի նպատակը Թամանյանական դպրոցի ճարտարապետների կառույցների արժեքը բացահայտելն էր, դրանց տեղն ու նշանակությունը ընդգծելը ու նաև հանրությանը հորդորելը` դրանք պահպանել ու գնահատել, ճանաչելի դարձնել դրանց հեղինակներին: Մեկնաբանելով «Թամանյանի ժառանգությունը» լուսանկարչական բաց մրցույթի 3-րդ փուլի արդյունքները` թանգարանի տնօրեն Հ. Թամանյանը մասնավորապես ասաց. - Մեծ ուրախությամբ ցանկանում եմ նշել այն հանգամանքը, որ «Թամանյանի ժառանգությունը» լուսանկարչական բաց մրցույթի երրորդ փուլում զգալիորեն ավելացել է մասնակիցների քանակը, բարձրացել է ներկայացված լուսանկար ների տեխնիկական ու գաղափարական մակարդակը: …Անշուշտ մենք մտահոգված ենք նաեւ արդի հայ ճարտարապետության ու քաղաքաշինության մեջ տիրող իրավիճակով, մեր քաղաքների անկանոն ու անխոհեմ կառուցապատմամբ, այլապես, երեւի թե այսչափ հրատապ չէր լինի այս ֆոտոմրցույթի առաքելությունը: Հանձնաժողովի անդամ Ռուբեն Հակոբյանը (Թարումյան), նշելով, որ ցավալի է այն փաստը, որ լուսանկարիչները բավարար ուշադրություն չեն դարձնում «կորուստներ» անվանակարգին, մինչդեռ այն չափազանց հրատապ խնդիր է: Քիչ են նաեւ «Մարդը ճարտարապետական միջավայրում» անվանակարգի լուսանկարները, որի հետեւանքով մրցանակ շնորհելու ընտրությունը ստացվում է շատ աղքատիկ: Լիլիթ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆ Թանգարանի ավագ գիտաշխատող