«Հաղթանակները կպտղաբերեն…»


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ մեկնաբանմամբ` - Գիտեք, որ հայ ժողովրդի նորագույն պատմությունը արժևորվեց ազգային ազատագրական շարժմամբ, որն իր արտացոլումը ստացավ պայքարով ու նաև արցախյան գոյամարտով: Երբ Արցախը կործանումի շեմին էր, Արցախի բնակչության հետ միասին ՀՀ բոլոր մարզերից ջոկատներ, տղաներ ոտքի ելան և մեկնեցին ռազմաճակատ` մեր ինքնությունը, ազատությունը, արժանիքները պաշտպանելու: Այդ ճանապարհին, այդ դաժանությունների հորձանուտում մենք ունեցանք կորուստներ, որոնք եթե ֆիզիկապես անդառնալի են, ապա հոգեպես մեր կողքին են: Նրանց ոգիներից եկող տաքությունը իր արտացոլումն է ստանում երևի մեր այսօրվա սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության մեջ: Մենք պետք է փաստենք հետևյալը, որ նրանք մեզ զրկել են սխալվելու իրավունքից և այսուհետ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նրանց կիսատ թողած գործը հասցնենք վերջնակետին: Այլ բան է զոհված լինել, այլ բան է զոհվածի հարազատ լինելը և լրիվ այլ բան է անհայտ կորած ազատամարտիկի հարազատ լինելը, որի ճակատագիրը անհայտությունների մեջ է: Յուրաքանչյուր պատերազմ իր մեջ պարունակում է դժվարություններ և զրկանքներ, և մենք բոլորս պետք է պատրաստ լինենք դրան: Գարեգին Նժդեհը մի առիթով ասել է. «Հաղթանակները կպտղաբերեն, եթե դաշտերը ոռոգվեն արյամբ», իսկ անցած դարասկզբին Արամ Մանուկյանը ասաց` «Եկել է ժամանակը, երբ հայ մայրերը իրենց զավակներին պետք է զոհաբերեն մեր հայրենիքի համար: Եթե նրանք իրենց այդ մեծ, վսեմ առաքելությունը չկատարեն, ապա կորսված է մեր հայրենիքը»: Այս ազգային ազատագրական շարժման մեջ մենք շուրջ 6000 զոհված ազատամարտիկ ենք ունեցել, որտեղից 3000-ը Հայաստանի Հանրապետությունից և 3000-ը ուղիղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, որովհետև Արցախը այդ ժամանակահատվածում գտնվում էր հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությամբ: Ես ուզում եմ մեր մեծ խոնարհումը հայտնել բոլոր զոհվածների հարազատներին, քանի որ չափազանց դժվար է չիմանալ զավակի, եղբոր, հարազատի ճակատագիրը և երկար ու ձիգ տարիներ սեղմելով շրթունքները, պահելով արցունքները` համբերել: Եկել է ժամանակը, որ մենք արդեն իսկ փոքր-ինչ հնարավորություն ունենք, որպեսզի իրապես իմանանք մեր ընկերների ճակատագիրը: Եվ մի խորհուրդ պետք է արժևորենք . այս իրադրության մեջ գոնե այդ սփոփանքի ամենամեծ պահը այն է հանդիսանում` մեր որդիների պայքարի շնորհիվ մենք ունենք ազատ անկախ ՀՀ և ԼՂՀ: Երկրորդ սփոփանքի պահը պետք է լինի այն, ինչ դրված է մեր անհայտ կորածների, գերիների և պատանդների հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, որին ընդգրկվում են մեր հանրապետության բոլոր գերատեսչությունները ու նաև բանակը: Շարունակենք որոնողական, հետազոտական աշխատանքները թե° հասարակական տարբեր կազմակերպությունների միջոցով, թե° տարբեր կապերի շփումների միջոցով և թե° հետախուզության կազմակերպման միջոցով, տեղանքում, որպեսզի հստակ իմացվի այն տեղը, որտեղ որ այդ չարաբաստիկ օրը` 1992թ. հունիսի 29-ին, այդ դեպքը պատահեց մեր տղաների հետ: Եվ համապատասխան աշխատանք կատարենք, որ գոնե կարողանանք նրանց աճյունները հարազատներին վերադարձնել: Մենք չպետք է մանրամասն վերլուծենք այն, ինչ կատարվել է պատերազմի տարիներին, որովհետև պատերազմը իր մեջ պարունակում է որոշակի բացթողումներ և այդ բացթողումները նրանից չէ, որ մեր հրամանատարական կազմը հատուկ է դրանք թույլ տվել: Այլ նրանից է, որ 1992 թ., մենք չենք ունեցել բանակ, չենք ունեցել հստակ ղեկավարություն, չենք ունեցել հստակ ձևավորված համակարգ: Ի վերջո, բոլորս ինքնակամ ենք գնացել այդ մարտական գործողություններին և այսօր մենք այդքան մեծ մեղավորներ չպետք է գտնենք: Ես այդ նույն ժամանակահատվածում ծառայել եմ սովետական բանակում և երբ մեր զորամասը հանեցին Ստեփանակերտ քաղաքից` ես թողեցի այդ զորամասը և այդ զորամասում ինձ հաշվում էին որպես ինքնակամ լքած սպա: Բայց ես չէի կարող թողնել իմ հայրենիքը վտանգի մեջ և գնալ. եթե քաղաքացիական անձնավորություններն են ելել պայքարի, ապա ի՞նչ պետք է անի այն անձնավորությունը, ով զինվորական է: Եվ մենք գալիս ենք այն եզրակացության` հանձնաժողովը և պետության ղեկավարությունը ամեն հնարավորություն փորձել է կատարել` մեր երկրի իրավիճակի պայմաններում: