ՀԴԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Վերջերս Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում, տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հայտարարութ յունների, ՀՀ նախագահը ներկայացրեց իր տեսակետը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Մասնավորապես, անդրադառնալով երկու հարևան պետությունների հարաբերությունների կարգավորմանը, նա ասաց, որ դեմ չէ թուրքական կողմի առաջարկած` պատմական փաստերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմանը: Մենք հեռու ենք այն մտքից, որ ՀՀ Նախագահի հնչեցրած երկիմաստ արտահայտությունը նշանակում է պաշտոնապես հարցականի տակ դնել Հայոց Մեծ Եղեռնի փաստը: Հուսով ենք, որ ՀՀ նախագահը նկատի է ունեցել միջպետական այն հանձնաժողովի ստեղծումը, որն, իրոք, կարող է քննարկման առարկա դարձնել երկու ժողովուրդների միջև դարերով կուտակված կնճռոտ և լուծում պահանջող հիմնախնդիրները: Հակառակ պարագայում մենք ստիպված կլինենք կարծելու, որ երկրի նոր իշխանությունը, թյուրիմացաբար, փորձում է քննարկման առարկա դարձնել Հայոց ցեղասպանության անհերքելի և տասնյակ երկրների կողմից ճանաչված փաստը: Մենք հայտարարում ենք, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը , ի թիվս քաղաքական այլ ուժերի, հասարակայնության լայն շրջանակների հետ միասին, բոլոր հնարավոր միջոցները կգործադրի` վիժեցնելու ցեղասպանության "պատմաբանական" քննարկման ցանկացած փորձ: ՀԴԿ Հանրապետական խորհուրդ