ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ ԵՎ ԲԱԶՄԱՊԱՏԿՎԱԾ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ 1609…+11


Քաղաքական քամիների լիարժեք հանդարտման բոլոր նախադրյալներն արդեն ստեղծված են: Երևանյան ամառն այս շրջանում ավանդաբար եռամսյակային հանգստի է «դատապարտում» հատկապես բոլոր ոչ օրախնդիր գործընթացները: Իսկ մինչ այդ` ԵԽԽՎ երկար սպասված նստաշրջանն էլ իր հերթին առնվազն մինչև սեպտեմբերի կեսերը վերջակետ դրեց Նախագահի ընտրություններին հաջորդած շրջանի ակտիվ ներքաղաքական զարգացումների տևական ընթացքին: Իսկ այդ իրավունքն ակամայից Ստրասբուրգին էր վերապահվել, քանի որ համենայն դեպս արմատականների կողմից բավական արտահայտիչ դրսևորումներով նախորդող շաբաթների իրադարձությունների հանգուցալուծումը, չգիտես ինչու, ձգվել-հասցվել էր մինչև ԵԽԽՎ: Հենց այս պատճառով էլ օրինաչափ պետք է համարել ընդդիմադիրների մեծ հույսերին հաջորդած կիսահիասթա փությունը … Գոնե ինքն իրեն այս գործընթացներին մոտ համարող թիմը կարող էր կանխատեսելով հարմարվել այն պարզագույն իրողությանը, թե ուր-ուր, բայց ԵԽԽՎ վեհաժողովում հաստա°տ չի գտնվելու հայոց քաղաքական խնդիրների լուծման բանալին: Իսկ վերջնարդյունքում ընդամենը 1609-ը վերափոխվեց 1620-ի: Եվ մինչև հունվար պայմանականորեն տրված ժամանակը ոչ այլ ինչ է, քան երկխոսելու, քաղաքական գործընթացներն իրենց բնականոն հունում տեղավորելու հնարավորության ձևակերպմամբ առաջարկություն: Մի բան, որն ամենաբաց տեքստով ու անուրանալի հետևողականությամբ կողմերից մեկը` այս դեպքում իշխանությունը, թևից բազմիցս է ներկայացրել: Իսկ ԵԽԽՎ կողմից նման հորդորների կրկնությունը իր հերթին է փաստում, որ «ձվի մեջ մազ փնտրելու» նպատակադրմամբ, հայաստանյան անցուդարձին հետևող միջազգայինները նույն այդ իշխանությանը գործնական մեղադրանքներ ուղղելու շարժառիթներ այլևս չունեն: Նույնքան «զարմանալի» է գրեթե միաժամանակ հրապարակ իջեցված «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հայտարարությունը, որտեղ ներքաղաքական անցուդարձին հետևելու պատրաստակամության հետ մեկտեղ արձանագրված է, թե համապատասխան եզրակացությունները կազմակերպությանը ավելի ուշ է նախատեսում հրապարակել… Արմատականների «սյուրպրիզը» Որքան էլ անհասկանալի լիներ նստաշրջանի` սպասվածից էլ հանդարտ ընթացքը, դրան համարժեք չէր արմատականների վերաբերմունքը: Թվում էր, թե եզրակացության տեքստում ամրագրված մեղմ, հավասարակշռված գնահատականները նույնանման վերաբերմունքի պետք է արժանանային: Առավել ևս, որ ամեն առիթով կարևորվող «Ա1+» - ՀՌԱՀ խորապես չարչրկված հակամարտությունը նաև այս վեհաժողովի առաջարկութ յամբ հավանական է, որ առաջիկայում լուծում ստանա և այն էլ` հօգուտ հեռուստաընկերության: Սակայն ստրասբուրգյան նստաշրջանի պատրվակով հունիսի 20-ի հանրահավաքին բացակա ստացած արմատականների թիմի ոչ երկրորդական դեմքերից մեկը` Րաֆֆի Հովհաննիսյանը, բողոքի անակնկալ ձև ընտրելով, անսպասելիորեն առկախեց իր մասնակցությունը Վեհաժողովի աշխատանքներին: Ընդ որում, աբսուրդի հասնող պատճառաբա նություն-արդարացումը զայրացրել էր անգամ ամենահանդուրժող Ջոն Պրեսկոտին, և վերջինս «Ժառանգության» առաջնորդի անսպասելի ինքնամեկուսացումը գնահատել էր հակաժողովրդավարական… Պակաս հետաքրքիր չէր նաև նման անակնկալների սիրահար նախկին Արտգործնախարարի նոր «սյուրպրիզի» հավասարակշռված «ընդունելությունը» Լ. Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատում: Ստրասբուրգյան առաքելությունը այդչափ համեստ գործառույթներով եզրափակելուց հետո, այլ իրավիճակում Րաֆֆին, թե մեկ ուրիշը պարզապես ստիպված կլիներ թիմակիցների կատաղի գրոհին դիմագրավել: Սակայն մեր արմատականների հանդուրժողականությունը ըստ ամենայնի մի շատ պարզ թիմակիցներին չվանելու մտավախությունից է բխում: Կամ էլ` գուցե, իսկապես ինչ-որ անհրաժեշտությունից է բխում այդ քայլը, որից անտեղյակ չէին գործընկերները: Անիմաստ հարմարվողականություն Հանդուրժողականությունը` հանդուրժողականություն, բայց թիմի ներսում կատարվող որոշ գործընթացներ հավանաբար այլևս դժվար է թաքցնել: Ակնհայտ է, որ մեծագույն ջանքերի գնով ազատության մեջ հայտնված Արամ Կարապետյանը նախընտրեց իր առողջության համար հոգ տանել հատկապես Հայաստանի սահմաններից դուրս` «հստակեցնե լով», թե օգոստոսի վերջին ինքը հավանաբար կվերադառնա և նոր միայն կորոշակիացնի հետագա անելիքները… Նույնքան անսպասելի էր նաև գլխավոր մարքսիստի բացակայությունը (և ոչ միայն) հունիսի 20-ի հանրահավաքից: Դավիթ Հակոբյանին հավանաբար ժամանակ էր պետք, որպեսզի օրեր անց իրեն բնորոշ անկեղծությամբ ամրագրի, թե ինքը Լ. Տեր-Պետրոսյանի ու շարժման առաքելությունն ավարտված է համարում և արդեն սկսում է ինքնուրույն նախապատրաստվել Նախագահի հաջորդ ընտրություններին: Ինչ խոսք, դեռ մի քանի ամիս առաջ Տեր-Պետրոսյանի թիմում ընդգրկված քաղաքական ուժերի խառնիճաղանջութ յան թեման նույն այդ ուժերը միահամուռ դիմադրության էին արժանացնում, բայց, ինչպես ասում են, այս դեպքում էլ չի հաջողվում ասեղը պարկում երկար թաքցնել: Այսպես, օրերս պարզվեց նաև, որ առաջին Նախագահին սատարող Ազատական-առաջադիմական կուսակցությունից Լ. Տեր-Պետրոսյանի կողքին միայն Հովհաննես Հովհաննիսյանն է մնացել, այն էլ` ոչ լիդերի կարգավիճակով: Եվ այս դեպքում պատճառները որքան էլ «տեխնիկական» լինեն, անհնար է հաշվի չառնել ինքն իրեն համաժողովրդական համարող շարժման շուրջ համախմբված քաղաքական ուժերի աստիճանական տկարացման իրողությունը: Իսկ այս գործընթացներն ավելի թափանցիկ է դարձնում Լ. Տեր-Պետրոսյանի կողմից շարժումը վերջինը լքելու մասին` ընդամենը հունիսի 20-ին արված ինքնախոստովանությունը: Շարժում, որն ինքնաբերաբար ընդդիմադիր դաշտը զբաղեցնելուց բացի, ուրիշ ոչնչի այդպես էլ չկարողացավ հասնել: Իրենց հերթին, երբ աստիճանաբար սկսեցին հօդս ցնդել զանազան միջազգային կազմակերպությունների` սատարող կամ առավել ևս իրավիճակին շրջադարձային ընթացք հաղորդող կանխատեսումները, պատմության այդ էջը չշրջելու համառությունն այլևս ի չիք դարձավ: Իսկ ուշացումը, բնականաբար, երբեմնի մեծ հույսերը միմիայն բազմապատկված հիասթափությամբ փոխարինեց: