ԱՐՏԱՀԵՐԹԸ ԵԼՔ ՉԷՐ


Խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարն, ինչպես ավելի ուշ ապացուցվեց, ներհասարակական լարվածութ յունից ձերբազատվելու լավագույն և միակ տարբերակը չէր: Հենց այն, որ առաջարկի շրջանառումը սկզբից ևեթ իշխանությունն ու ընդդիմությու նը սառն անտարբերությամբ ընդունեցին, արդեն իսկ կանխատեսում էր ոչ միայն դրա կարճաժամկետ գոյությունը, այլ նաև նոր ընտրությունների միջոցով խնդիրը լուծելու անհնարինությունը: Դժվար չէր նկատել, որ համենայն դեպս այդ շրջանում արմատականներին նոր քվեարկության թեմայով զբաղեցնելու դեպքում անգամ, միևնույն է, նրանք չէին «զինաթափվելու»: Ավելին, եթե Նախագահի որոշ թեկնածուների պարագայում համագործակցության առաջարկներն ընդունվեցին, և վերջիններս նախարարական ու այլ պորտֆելների տեսքով «փոխհատուցում» ստացան հավաքած քվեների դիմաց, ապա Լ. Տեր-Պետրոսյանն ակնհայտորեն Նախագահի աթոռից բացի ուրիշ ոչինչ չուզեց: Կարելի է ենթադրել, որ ակտիվ քաղաքական գործընթացների ֆոնին նոր խորհրդարան կազմավորելու փորձը ավելի շատ ձեռնտու էր այն ուժերին, որոնք ընտրությունից ընտրություն ջանասիրաբար լծվում են ԱԺ-ում ընդգրկվելու գործին և կրակից շագանակ հանելու գնով անգամ ոչ մի կերպ չեն ցանկանում կորցնել հարմար առիթը: Իշխանությունը, որը կարող էր դառնալ արտահերթ քվեարկության նախաձեռնողը, անվիճելիորեն առանց լուրջ ջանքերի և գրեթե անփոփոխ կազմով կարող էր ներկայանալ նաև այդ խորհրդարանում: Իրողություն, որն արձանագրվել է ընդամենը մեկ տարի առաջ, իսկ Նախագահի ընտրություններում տարած հաղթանակն էլ այդ հաջողության լրացուցիչ երաշխիք էր: Այլ հարց է, որ Նախագահի ընտրություններից հետո բազմաթիվ կողմերից մեկը դժգոհ է մնացել. դա բոլորովին էլ Ազգային ժողովը լուծարելու հիմքեր չէր տալիս: Ավելին, նման քայլը մթնոլորտը լիցքաթափելու փոխարեն կարող էր լրիվ հակառակ ազդեցությունն ունենալ: Դժվար չէ վերհիշել, որ ընդդիմությունն ավանդաբար Նախագահի ընտրությունների շրջանում է կարողանում համախմբվել: Մինչդեռ խորհրդարանական վերջին ընտրություններում ընդդիմադիրների համատարած անհաջողությունների կրկնության հավանականությունն այս դեպքում նույնպես մեծ էր: Իսկ թե այդ շրջանում գերիշխող ատելության չափաբաժինը որքանով կբազմապատկեր արմատականների նոր անհաջողությունը` դժվար չէ պատկերացնել… Իշխանության կողմից Ազգային ժողովի լուծարման առաջարկներն անտեսելու նպատակահարությունը հիմա ավելի պարզորոշ է դառնում: Այս շրջանում Լ. Տեր-Պետրոսյանի հավակնությունները անհամեմատ ավելի սահմանափակ են, եթե չասենք` համեստ: Ինչպես առաջին Նախագահը շաբաթ օրը վերահաստատեց Գյումրիում հրավիրված հանրահավաքում, ներկայում ընդդիմության գերխնդիրը քաղաքական գործընթացների շրջանակներում ձերբակալվածների ազատ արձակումն է: Գործընթաց, որն անկախ թիմի գլխավոր բանախոսի` այդ պահանջի կրկնման հաճախականությունից` աստիճանաբար կյանքի է կոչվում: Սակայն դատական գործընթացների ելքերից անկախ` ցանկացած մակարդակի նոր քվեարկություն առաջին հերթին ձեռնտու չէ հենց Լ. Տեր-Պետրոսյանին: Եթե իշխանության պարագայում, ինչպես նշեցինք, ավանդական ցուցանիշների կրկնությունը պարզապես տեսանելի է, իսկ մյուս ուժերի դեպքում էլ դա կարող էր ԱԺ մտնելու հարմար առիթ դառնալ, ապա արմատականների հեռանկարներն այս առումով մշուշոտ են: Ակնհայտորեն ապագայի իր դաշնակիցների շրջանակը Լ. Տեր-Պետրոսյանն այդպես էլ չի կարողանում հստակեցնել: Նկատելի է, որ երկու ամիս առաջ հայտարարված միացյալ քաղաքական ուժ ստեղծելու գործում դեռևս տեղաշարժ չկա: Իսկ առանց մնացողներին ու գնացողներին վերջնականապես զանազանելու, դժվար է նոր պայքարում ներգրավվել, թեկուզեև խոսքը ՏԻՄ ընտրություններին վերաբերի: Հենց սրանով կարելի է պայմանավորել արմատականների ընդգծված անտարբերությունը ԱԺ արտահերթ ընտրություն ներ կազմակերպելու խնդրի հանդեպ: