Հա՞ որ...


ՈՐՍԻ սեզոնի բացումը մեր երկրում աննախադեպ մի իրողությամբ է նշանավորվում: Օրերս հայտնի է դարձել, որ Հայաստանում որսորդական փամփուշտներ են արտադրելու: Առաջին հայացքից այս նախաձեռնությունը հրաշալիներից կարելի է համարել. նախ, որքան հայտնի է, մեր հանրապետությունում նման ապրանքատեսակ երբևէ չի արտադրվել, և հետո` նախաձեռնությունն էլ ավելի ուշագրավ է դառնում, եթե հաշվի ենք առնում, որ նոր արտադրաճյուղի ստեղծումը հատկապես տնտեսական ճգնաժամի պայմաններում է ձեռնարկվում: Այսուհանդերձ, սա այն դեպքն է, երբ հայտնի ձևակերպմամբ` պահանջարկն է առաջարկն ի հայտ բերում, քանի որ վերջին տարիներին որսորդությամբ միայն ավանդաբար այս գործով հետաքրքրվողները չեն զբաղվում: Հասարակության այն հատվածի համար, ով ազատ ժամանակը տնօրինելու մտահոգությունից բացի ուրիշ զբաղմունք չունի, որս անելն աստիճանաբար ավելի ու ավելի հոգեհարազատ է դառնում: Մինչև այդ էլ նրանք զենք կամ անհրաժեշտ մյուս պարագաները հայթայթելու գործում դժվարություններ, իհարկե, չունեին: Բայց այ` փամփուշտների զանգվածային արտադրությունը, 90-ականների օրինակով, բոլորովին ուրիշ մտահոգիչ հետևանքներ է ունենալու: Ինքնաշեն հրացանները դարձյալ խիստ գործածական են դառնալու: Դրա արդյունքներն ոչ հեռու անցյալում արդեն ճաշակել ենք, կարող են նույնությամբ, եթե չասենք ավելի կատարելագործված սցենարներով նորից կրկնվել: Իր հերթին` առանց այն էլ գլուխը կորցրած ոստիկանությունը հասարակական անդորրի պահպանման ու ասվածից հետևող մյուս բոլոր-բոլոր հարցերում է°լ ավելի անզոր ու իր հերթին անպաշտպանի կարգավիճակում է հայտնվելու: Այնպես որ, տեղական փամփուշտների արտադրությունը հիրավի աննախադեպ հետևանքներ է ունենալու` և° դրական, և° բացասական առումով: ԱՆՆԱԽԱԴԵՊ որոշում է ընդունել վերջերս նոր աշխատանքի անցած Հանրապետության երկրորդ Նախագահը` հրաժարվելով «Սիստեմա» ընկերությունում իրեն հասանելիք ոչ այնքան համեստ աշխատավարձից: Ուզենք թե չուզենք, Ռոբերտ Քոչարյանին ՀՀ պետական բյուջեից շարունակվելու է ամեն ամիս 326 հազար 400 դրամ թոշակ վճարվել: Ծանր ժամանակներ ապրող հայրենի բյուջեի համար նշված գումարն անշուշտ փոքր թիվ չէ… որքան էլ այն համեստ համարվի հենց իր` Ռ. Քոչարյանի համար: Իր հերթին, որքան էլ նրա մերձավոր շրջապատից հերքվեն լուրերը, թե երկրորդ Նախագահը նշված ընկերության բաժնետեր չէ, այնուամենայնիվ, ռուսական այս կազմակերպությունը 100 միլիոնից ավելի սպառողներ և տարեկան մի քանի միլիարդի եկամուտ ունի: Սա ինքնին վկայում է, որ տնօրենների խորհրդի անկախ տնօրենին «Սիստեման» հաստատ մի քանի անգամ ավելի բարձր գումարներ պատրաստ ու ի վիճակի կլիներ վճարել: Բայց ի՞նչ արած, Ռ. Քոչարյանը որոշել է միայն պետական կենսաթոշակով բավարարվել: ՈՐՈՇԱԿԻ չգրված օրենքներ գրավոր ձևակերպելով` Եվրամիությունը աստիճանաբար գերիշխանություն է ձգտում հաստատել ոչ միայն ցամաքում, այլ նաև օդում: Անսպասելիորեն հրապարակվել է շուրջ 4 հազար ավիափոխադրողների ցուցակ, որոնք պետք է կրճատեն ածխաթթու գազի արտանետումները: Հակառակ պարագայում վերջիններս զրկվելու են Եվրոպայի տարածքով թռչելու և եվրոպական օդանավակայաններում վայրէջք կատարելու իրավունքից: Նախաձեռնությունն անշուշտ գովելի է: Ո՞ւր էր թե մեր հոգսերն էլ այնքան քիչ լինեին, որ մենք էլ մոլորակի ու հայրենի բնության պահպանության մասին կարողանայինք մտահոգվել: Բայց խնդիրն այն է, որ տեղական օդանավերը այնքան էլ ապահով չեն, ու դրանք սպասարկող հայտնի ընկերությանը նույնպես էկոլոգիան ավելի շատ աղտոտողների ցանկում են ընդգրկել: Ու թեպետ մտածելու ժամանակ դեռ կա, բայց իրավիճակն իսկապես անելանելի է, քանի որ մերոնք նոր օդանավեր ձեռք բերելու միջոցներ հաստա°տ չեն գտնելու: Նույն վտանգի առաջ են հայտնվել նաև ռուսական ավիաընկերությունները: Ուստիև չի բացառվում, որ հեռանկարում ստիպված լինենք առավելապես դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ երթևեկել: Առանց նախապայմանների