ԹՐՔԱՎԱՅԵԼ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Կարծում եմ, նորմալ և ճիշտ ուղին այն է, երբ կողմերը կատարում են իրենց պայմանավորվածությունները: Ցավոք սրտի, ես մինչ այժմ այդ պայմանավորվածությունները կատարելու առանձնապես մեծ ցանկություն կամ ձգտում չեմ նկատել: Մեր ցանկությունը մնում է նույնը` հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: ՊԱՐԶԱՊԵՍ` ԼԱՐԱԽԱՂԱՑՈՒԹՅՈՒՆ Մեկ ամսից էլ քիչ է մնացել Անկարայում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային պատասխան հանդիպմանը: Հայաստանի նախագահը դեռ ամիսներ առաջ է տվել այսօրվա` «Սերժ Սարգսյանն այդ խաղին Անկարա կգնա՞» ամենահրատապ հարցի պատասխանը. - Ես Թուրքիա կգնամ կամ արդեն բացված հայ-թուրքական սահմանով կամ դրա նախօրեին: Քաղաքագետների կարծիքով, եթե Թուրքիան իրոք ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և բացել սահմանը, ապա արդեն այսօր պետք է դրա մասին վկայող ինչ-որ նշաններ ցույց տար: Սակայն այդպիսի ազդակներ Թուրքիայից չկան: Ապրիլի 22-ին «Ճանապարհային քարտեզի» ստորագրումից հետո հայ-թուրքական շփումներն աստիճանաբար մարեցին: Ավելին: Օրեր առաջ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հեգնեց` եթե Հայաստանի հարգարժան նախագահը ցանկանում է ներկա գտնվել հավաքականների հանդիպմանը, կարող է Անկարա ժամանել ինքնաթիռով: Դեսպանը մասնավոր անձ չէ, և արտահայտում է իր երկրի պաշտոնական տեսակետը: Իսկ այդ ակնարկն ավելի քան թափանցիկ է. հանձին նրա ևս մենք գործ ունենք թուրքական փորձառու, նենգ դիվանագիտության հետ: Դեսպանի հեգնախառն խոսքերով Անկարան կոպտորեն հիշեցնում է Երևանին, որ Հայաստանի քաղաքացիներն, այնուամենայնիվ, հարկ եղած դեպքում այցելում են Թուրքիա: Բացի այդ, թերևս կարևոր է այն հանգամանքը, որ դա ասվում է հատկապես Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի բերանով: Այդպիսով թուրքերը գուցե հերթական անգամ ցանկանում են հասկացնել, որ սահմանը կբացվի, եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջընթաց նկատվի: Իսկ թե ինչ են հասկանում Անկարայում և Բաքվում առաջընթաց ասելով` ինքնին հասկանալի է: ՄԱԿ-ում Ադրբեջանի պատվիրակությունը մի նոր բանաձև է ներկայացրել, որում դարձյալ խոսվում է Ադրբեջանի, այսպես ասած, գրավյալ տարածքների վերադարձման, այնտեղից հայկական զինուժի դուրս բերման անհրաժեշտության մասին: Նմանօրինակ մի փաստաթուղթ առաջին անգամ չէ, որ ներկայացվում է: Մեկ տարի առաջ այդպիսի մի բանաձև էլի ներկայացվել, քննարկվել և ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում: Այն ժամանակ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրներն էլ դեմ էին քվեարկել փաստաթղթին, ասելով, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այս տարի նույնպես Գլխավոր ասամբլեայում, թերևս, նույն սցենարը զարգանա: Սակայն, խնդիրն այն է, որ չնայած` Մադրիդյան հիմնարար սկզբունքներում նույնպես կարևորվում է վերոնշյալ տարածքների վերադարձը, բայց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային վերստին առաջարկելով ընդունել վերոհիշյալ բանաձևը, պաշտոնական Բաքուն, արդեն որերորդ անգամ կարծես փորձում է վիժեցնել խաղաղ կարգավորման գործընթացը Մինսկի խմբում` այն տեղափոխելով ՄԱԿ, որտեղ ի դեմս մահմեդական աշխարհի, ավելի մեծ թվով կողմնակիցներ կարող է ունենալ: Իհարկե, գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևերը զուտ խորհրդատվական նշանակություն ունեն: Այնուամենայնիվ, ակներև է, որ Ադրբեջանը խուսափում է ղարաբաղյան հակամարտությունը Մադրիդյան սկզբունքների շրջանակներում կարգավորելուց: Եվ այս հարցում Թուրքիան բացահայտորեն աջակցում է կրտսեր եղբորը, չնայած` դա կարող է նաև որոշ խնդիրներ առաջացնել իր համար. դիցուք` տարածաշրջանում առավել կարևոր դիրք զբաղեցնելու հարցում: Չի բացառվում նաև Հարավային Կովկասում այսօր առաջնային երկիր համարվող Ռուսաստանի հետ հարաբերություններում Անկարայի համար դժվարություններ առաջանալու հավանականությունը` Հայաստանի հետ սահմանը չբացելու դեպքում: Տարեցտարի աճում է Մոսկվայի հետ Անկարայի ապրանքաշրջանառությունը: Բացի այդ` Ռուսաստանը խոստացել է օգնել Թուրքիային ատոմակայան կառուցելու գործում: Իսկ այս պարագայում հայ-թուրքական սահմանի փակ լինելը լուրջ խոչընդոտ կարող է հանդիսանալ. այնտեղով է անցնում Ռուսաստանը Թուրքիային կապող ցամաքային ճանապարհը: Այնուամենայնիվ, Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի` Հայաստանին հասցեագրված հեգնանքը վկայում է, որ Թուրքիան փորձում է հնարավորինս շահած դուրս գալ մասնավորապես Հարավ-Կովկասյան տարածաշրջանում ծավալվող իրադարձություններից և, հատկապես, Հայաստանի հետ մեկ տարի առաջ սկսված սիրախաղից: Ընդ որում, նրա համար նշանակություն չունի, թե ինչ կասեն իր գլխավոր դաշնակից Միացյալ Նահանգները, աշխարհը: Թուրքիան թքած ունի աշխարհի վրա էլ, նրա կարծիքի վրա էլ. որպես ասվածի ապացույց` Կիպրոսի հարցը… Իսկ Թուրքիային և նրա դիվանագիտությունը հասկանալու համար, թերևս, կարևոր է նախ պարզել, թե իրականում ի՞նչ պայքար է տեղի ունենում թուրք հասարակության տարբեր շերտերի միջև: Իսկ այն, որ այդ հասարակությունը բազմաշերտ ու բարդ է, ապացուցվում է այդ երկրում «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության գոյությամբ ու նրա դեմ սկսված, բայց չավարտվող դատավարությամբ, ինչպես նաև հայ ժողովրդից ներողություն խնդրելու, մյուս կողմից էլ ցեղասպանությունը հերքելու ստորագրահա վաքով… Իսկ այն, որ մենք` հայերս, դասեր չենք քաղել մեր իսկ պատմությունից, վկայում է այն, որ մեզանում քիչ չեն նրանք, ովքեր միամտորեն կարծում են, թե Թուրքիան փոխվում է: Պատմությունն այդպիսի սխալները չի ներում: Իրականում մեզանում նույն մտայնությունն էր տիրում նաև անցյալ դարասկզբին: Այն ժամանակ էլ մեզանից շատերը, տուրք տալով Թուրքիայում նկատվող ինչ-ինչ հոսանքներին, ասում էին, թե թուրքերը փոխվում են: Այդ փոխվող թուրքերը հետո ցեղասպանություն իրականացրին… Իսկ առաջիկայում Թուրքիան, թերևս, խուսանավի քրդական հարցի և հայ-թուրքական սահմանը բացել-չբացելու միջև այս վերջինը կապելով ղարաբաղյան հիմնախնդրի հետ, ինչն արդեն սկսել է անթաքույց անել: Մի խոսքով, պատմությունից դասեր առնենք և շատ չշտապենք` ինքներս մեզ չվնասելու առողջ բնազդով: Թամերլանն ասել է` քաղաքականության մեջ լինում են իրավիճակներ, երբ սպասելն ավելի շահեկան է, քան նախահարձակ լինելը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ