1991 թ. սեպտեմբերի 2¬ին ստեղծված և դեկտեմբերի 10¬ին համաժողովրդական հանրաքվեով իր անկախությունը հռչակած ԼՂ Հանրապետությունը 20 տարեկան է


Հիմնախնդրի ծագումը և դրա պատճառները Ղարաբաղյան հարցը սկսել է արծարծվել 1918 թ.-ից, երբ կործանվեց Ռուսական կայսրությունը, և նրա կազմի մեջ մտնող Անդրկովկասի փոխարքայության տարածքում ձևավորվեցին երեք պետական կազմավորումներ` Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հանրապետությունները: Նորանկախ հանրապետությունները, լինելով հարևաններ, բնականաբար ունեին սահմանային խնդիրներ, որոնց ճշգրտման հարցն օրեցօր առավել լարված բնույթ էր ստանում: Հատկապես մեծ էին 1918 թ. մայիսի 28-ին ստեղծված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հավակնությունները, որը սակայն, ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, պատմության ընթացքում որևէ պետական կազմավորում չէր ունեցել: Աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ հայտնված այս պետությունն իր անվանումը ստացել էր Իրանի հյուսիս-արևմտյան «Ադրբեջան» նահանգի անվանումից: Այս պետությունը կարող էր և չկայանալ, եթե Արևելյան Կովկասում ազգային աետության ստեղծման վերաբերյալ հայերի և կովկասյան թաթարների միջև ծագած հակամարտությանը չմիջամտեր թուրքական կանոնավոր բանակը: Այն 1918 թ. սեպտեմբերին գրավեց Բաքուն, որտեղ Ստեփանոս Շահումյանի գլխավորությամբ ստեղծվել էր Բաքվի կոմունան, տապալեցին օրենքով ընտրված իշխանություններին և քաղաքը հանձնեցին ինքնակոչ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանը (Բաքվի կոմունայի 26 կոմիսարները, որոնց թվում և Ստեփան Շահումյանը ենթարկվեցին մահապատժի): Անկասկած` Անդրկովկասի արևելքում թուրքական նոր պետություն ստեղծելու գաղափարը Թուրքիայինն էր, որն այդ կերպով ցանկանում էր իրագործել իր դարավոր փափագը` Մեծ Թուրանի ստեղծումը: Այս են վկայում նաև նորելուկ պետության տարածքային հավակնությունները, որոնք ընդգրկում էին ինչպես հայկական Զանգեզուրի, Նախիջևանի և Ղարաբաղի տարածքները, այնպես էլ վրացական Բաթումիի շրջանը: Եթե ուշադրություն դարձնենք Անդրկովկասի քարտեզին, ապա պարզ կդառնա, որ այս տարածքները ձեռք բերելով` Ադրբեջանը ցանկացել է փակել Հայաստանի ելքը դեպի արտաքին աշխարհ, որը, բնականաբար, կհանգեցներ Հայաստանի կործանմանը: Այդպիսով կվերանար Հայաստան պետությունը. կվերանար Հայկական հարցը, և, իհարկե, կստեղծվեր Մեծ Թուրանը: 1919 թ. Ադրբեջանը վերոնշյալ տարածքային հավակնություններով ներկայանում է Ազգերի Լիգա` այդ միջազգային կառույցին անդամակցելու նպատակով: Նրա հայտը բնականաբար մերժվում է. որպես պատճառ նշվում է այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները հավակնում են այնպիսի տարածքների, որոնց նկատմամբ վերահսկողութ յուն չունեն: Դեռ ավելին, 1918 թ. հուլիսի 22-26-ը Շուշիում անցկացված Ղարաբաղի հայության առաջին համագումարը Լեռնային Ղարաբաղը հայտարարել էր անկախ վարչաքաղաքական միավոր, ձևավորվել էր Ազգային Խորհուրդ և Ղարաբաղի ժողովրդական կառավարություն: Փաստորեն Ղարաբաղում ստեղծվել էր անկախ պետություն, որը իրավական նույն հարթության վրա էր գտնվում Անդրկովկասյան մյուս հանրապետությունների հետ համեմատած: Սակայն ադրբեջանական Իշխանությունները հասկանալի պատճառներով չէին ընդունում այդ իրողությունը և հրաժարվում էին բանակցել ԼՂՀ ներկայացուցիչների հետ: 1919 թ. օգոստոսի 22-ին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը համաձայնագիր է ստորագրում Լեռնային Ղարաբաղի Հայոց Ազգային խորհրդի հետ` ԼՂ¬ի վերջնական կարգավիճակի հարցը տեղափոխելով Փարիզի խաղաղության կոնֆերանս: 1920 թ. ապրիլի 25-ին Ղարաբաղյան հայության 9-րդ համագումարը որոշում ընդունեց` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը միացնելու և որպես նրա անբաժան մաս հռչակելու մասին: 1920 թ. ապրիլի 28-ին Խորհրդային Ռուսաստանի 11-րդ Կարմիր Բանակը ներխուժելով Ադրբեջան` տապալեց թուրքական զինված ուժերի օգնությամբ հաստատված մուսավաթականների իշխանությունը և Ադրբեջանում հաստատեց խորհրդային կարգեր: Այսպիսով պատմության ասպարեզը լքեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը. որն այդպես էլ չճանաչվեց անկախ պետություն: Այսինքն` դե յուրե Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն գոյություն չի ունեցել. հետևաբար չեն եղել նաև հաստատված սահմաններ: Նույն թվականի մայիսի 12-ին խորհրդային Կարմիր բանակը, օգտագործելով պատեհ առիթը, գրավում է Շուշին` խորհրդայնացնելով նաև Ղարաբաղը: Սակայն Խորհրդային Ռուսաստանը, հաշվի առնելով Ազգերի լիգայի որոշումը, 1920 թ. օգոստոսի 10-ին համաձայնագիր է ստորագրում Հայաստանի Հանրապետության հետ, համաձայն որի Խորհրդային Ռուսաստանի կողմից Ղարաբաղի գրավումը չէր ենթադրում այս տարածքի պատկանելությունը Ադրբեջանին կամ Հայաստանին: 1920 թ. նոյեմբերի 29-ին խորհրդային կարգեր են հաստատվում նաև Հայաստանում, որտեղ ի տարբերություն Ադրբեջանի, իշխանությունը հանձնվում է առանց զինված հակամարտությունների և բախումների: Հաջորդ օրը` նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության իշխանությունները հանդես են գալիս հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանի ԽՍՀ-ն կամովին հրաժարվում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից և Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրը հռչակում է Հայաստանի ԽՍՀ անքակտելի մաս: 1921 թ. հունիսի 3-ին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն որոշում է ընդունում այն մասին, որ հունիսի 12-ի Հայաստանի կառավարության հռչակագրում պետք է նշվի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին պատկանելու մասին: Սակայն այս որոշումը բողոքարկվում է Ադրբեջանի ԽՍՀ ղեկավարության և հատկապես Ն. Նարիմանովի կողմից: Հուլիսի 4-ին Կովբյուրոն, լսելով բարձրացված հարցը, ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունում Լեռնային Ղարաբաղը ներառել Հայաստանի ԽՍՀ կազմում` անցկացնելով այնտեղ «պլեբիսցիտ»` ժողովրդի կամքի համաձայն հարցը լուծելու համար: Սակայն հաջորդ օրը` հուլիսի 5-ին Կոմունիստական կուսակցության մի շարք գործիչների, հատկապես Ստալինի և Օրջոնիկիձեի ազդեցությամբ հարցը վերանայվում է և առանց քննարկման ու քվեարկության` որոշվում է Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանի ԽՍՀ-ին: Այս որոշումն էլ իրականում հանդիսանում է Ղարաբաղյան հակամարտության առաջացման իրավաքաղաքական հիմքերից մեկը, քանի որ դրանից բացի չկա որևէ այլ փաստաթուղթ կամ որոշում, որով ԼՂ¬ն դիտվեր Ադրբեջանի ԽՍՀ կազմում: Սակայն 1921 թ. հուլիսի 5-ի որոշումը չի կարող բավարար իրավական հիմք հանդիսանալ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային մաս համարելու համար, քանզի` 1. ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն տարածքային խնդիրներ լուծելու իրավասություններ չի ունեցել, ինչը նշանակում է, որ 1921 թ. հուլիսի 5-ի որոշումը զուրկ է իրավական որևէ հիմքից: 2. Այդ որոշումը հակասում է Կոմունիստական կուսակցության ազգերի ինքնորոշման իրավունքին, որի վրա հիմնված էր Սահմանադրությունը, հետևաբար որոշումը եղել է հակասահմանադրական: 3. Որոշումն ընդունվել է ընթացակարգային խախտումներով, առանց քննարկումների և քվեարկության: Փաստորեն Լեռնային Ղարաբաղը ուղղակի բռնակցվել կամ գաղութային տիրապետության է հանձնվել Ադրբեջանական ԽՍՀ-ին: Իհարկե նման մոտեցումը ունի նաև իր հավանական պատճառները: Չի բացառվում, որ նման քայլով բոլշևիկյան կուսակցության գործիչները ցանկացել են Ադրբեջանում ստեղծել այնպիսի պետություն, որտեղ ազգերից ոչ մեկը գերակայություն չունենա: Հայտնի է, որ այնտեղ ապրող ազգերը` թուրքերը, թաթարները, թալիշները, լեզգիները և այլն հիմնականում զբաղվել են անասնապահությամբ ու բնականաբար չունեին գրագիտության որոշակի մակարդակ` երկրի կառավարման և զարգացման համար: Իսկ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերը աչքի էին ընկնում ինտելեկտուալ բարձր մակարդակով և կրթվածությամբ: Հետևաբար նման որոշումը նպատակ ուներ Ադրբեջանում պահել հայերին` երկրի զարգացման համար: Հետագա տարիներին Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունները ջանք ու եռանդ չէին խնայում Լեռնային Ղարաբաղը հայաթափելու և ադրբեջանցիներով բնակեցնելու համար: Խորհրդային տարիներին տարբեր պատճառներով բազմաթիվ անգամներ են կոնֆլիկտներ ծագել Ղարաբաղի հայերի և ադրբեջանական իշխանությունների միջև: 1967 թ. հուզումներ են տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի Բերդաշեն գյուղում, որի պատճառը հարևան գյուղի դպրոցի ադրբեջանցի տնօրենի կողմից ութնամյա տղայի դաժան սպանությունն էր: 1977 թ. նոյեմբերի 23-ին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդում նոր սահմանադրության վերաբերյալ քննարկումների ժամանակ հարց է բարձրացվում նաև ԼՂ ինքնավար մարզի մասին: Մեջբերում ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նիստից. «Պատմական իրադարձությունների պատճառով տասնամյակներ առաջ ԼՂ-ն արհեստականորեն միացվել Է Ադրբեջանին: Այս պարագայում հաշվի չեն առնվել շրջանի պատմական անցյալը, ազգային կազմը, ազգի ցանկությունը և տնտեսական հետաքրքրությունները: Անցած տասնամյակներում հարցը չի քննարկվել և հուզումների տեղիք է տվել: Անհրաժեշտ Է ԼՂ-ն վերամիավորել Հայկական ԽՍՀ-ին և այդ դեպքում ամեն ինչ կհարթվի»: Սակայն այս հարցն անտեսվում Էր կենտրոնական իշխանությունների կողմից, իսկ ԼՂ-ում ծագած հուզումները ճնշվում Էին բռնությամբ: Հենց նման անուշադրության և անտարբերության պատճառով Էլ Ղարաբաղյան հարցը վերաճեց զինված հակամարտության:

Արմեն ԱՆՏՈՆՅԱՆ