«Թասիբով» հայրը


Լողափերին հաճախ են խեղդվողների օգնության ճիչեր լսվում, և փրկարարները կամ լավ լողորդները շտապում են ջրերի երախից խլել վտանգված մարդկանց: Սա սովորական երևույթ է: Բայց աննախադեպ է վերջերս Դուբայի լողափերից մեկում կատարվածը: Հարազատ հայրն արգելել է փրկել խեղդվող 20-ամյա դստերը, որպեսզի… փրկարարները չդիպչեն աղջկա մարմնին ու չպղծեն նրան (տեղեկացրել է EΗirΖtes 247-ը):

Ասիացի այդ տղամարդու անունը չի նշվում, բայց ասվում է, որ նա Դուբայ հանգստանալու էր եկել կնոջ ու երեխաների հետ: Մինչ ընտանիքը ծովափին խնջույք է անում, 20-ամյա դուստրը որոշում է լողանալ: Հանկարծ նա սկսում է խեղդվել, ու աղջկա ճչոցը լսելով` փրկարարները վազում են օգնության: Հայրը, սակայն, բռնի ուժով փակում է նրանց ճանապարհը: Հետո իր արարքը բացատրում, թե չէր կարող թույլ տալ, որ անծանոթ տղամարդիկ դիպչեին իր դստերը:

- Ավելի լավ է` խեղդվեր,- հայտարարել է «թասիբով» ասիացին:

Միջադեպին ներկա գտնված ոստիկանության աշխատակիցը հավաստիացրել է, որ հեշտ էր աղջկան փրկելը, սակայն խանդոտ հոր հետ ձեռնամարտի մեջ մտնելով` փրկարարները ժամանակ են կորցրել, խեղդվողի մոտ հասել են, երբ ալիքներն արդեն կլանել էին նրան:

Հայրն, իհարկե, ձերբակալվել է և կդատապարտվի փրկարար ծառայության աշխատակիցներին դիմադրելու համար: (GLUnews):