ՌԴ-ն ևս մարդազրկվում է


Մեկ սերունդ հետո` մինչև 2050 թվականը, Ռուսաստանի բնակչությունը գրեթե կիսով չափ կկրճատվի: Դրա հիմնական պատճառները հայտնի են. ալկոհոլի չարաշահման և ինքնասպանությունների հետևանքով աճում է մահացության մակարդակը և նվազում է ծնելիությունը (գրել է TiΗes-ը` վկայակոչելով ՌԴ ժողվիճակագրության, միգրացիայի և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի ղեկավար Յու. Կրուպնովի կանխատեսումը):

Մասնավորապես, առաջիկա 35 տարիներին բնակչության թիվը 143.5 միլիոնից կնվազի մինչև 80 մլն: Հատկապես բարձր է 30-45 տարեկանների մահացության թիվը:

Տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 63 տարի է, կանանցը` 12 տարով ավելի:

Ալկոհոլի չարաշահումները հանգեցրել են նաև ինքնասպանությունների ավելացմանը: Սիբիրում, օրինակ, յուրաքանչյուր 1000 մարդուց ինքնասպան է լինում 60-ը. վիճակագրություն, որը բոլոր չափանիշներով եռակի անգամ բարձր է ճգնաժամային համարվող մակարդակից: Ավելին, Եվրոպայում դեռահասների ինքնասպանությունների ամենաբարձր քանակն արձանագրվում է Ռուսաստանում:

Այս ամենից բացի, աղետալի է նաև երկրի սոցիալական վիճակը: Պաշտոնական տվյալներով 23 միլիոն ռուսաստանցի ապրում է աղքատության շեմից էլ ցածր պայմաններում: (korresΘondent.net):