Ուժայիններն` ընդդեմ մարդակերների


Ասում ենք` աշխարհը քաղաքակրթվե՞լ է: Քաղաքակրթությունն էլ, իհարկե, ի´ր հերթին մարդկային կյանքեր լափող զենքեր է ստեղծում, բայց ամենաուղղակի իմաստով իր նմանին ուտող արարածներ էլ դեռ կան:

Պապուա-Նոր Գվենիայի ոստիկանները օրերս ձերբակալել են 54 գյուղաբնակների` մարդակերության և կրոնական պաշտամունքներ կատարելու մեղադրանքով (տեղեկացրել է The NΖtionΖl պարբերականը):

Այդ մոլեռանդ մարդակերների մեկուսացմամբ, սակայն, իրավապաշտպանների հոգսը չի թեթևացել:

35 ուժայիններ շարունակում են այնտեղ վերահսկել և ուսումնասիրել հանցածին իրավիճակը: Նրանք ծրագրել են երկշաբաթյա հատուկ գործողություններ, որոնց ընթացքում պետք է բանակցություններ վարեն տեղաբնակների հետ:

- Գործողությունների անցկացման վայրը գտնվում է Ֆլայ գետի գետաբերանում: 2009 թ. ի վեր այնտեղից մշտապես տեղեկություններ են ստացվում կատարվող անօրենությունների մասին: Առաջին հերթին դա կենցաղային մարդակերությունն է և գաղտնի կրոնական պաշտամունքի ազդեցության տարածումը` ծիսական գլխատումը և տների այրումը,- ասել է երկրի Արևմտյան գավառի ոստիկանության պետ Սիլվա Սիկան:

Աղմկահարույց վերջին դեպքերից մեկը` հունիսի վերջին 25 տեղաբնակների սպանությունն էր: Ոստիկանները նկարագրել են, թե չարագործներն ինչպես են կտրել սպանվածների գլուխները և տարել իրենց հետ` դրանցով մոգական ծեսեր կատարելու: (CLUnews):