ՄԻ՞ՇՏ ԵՆՔ ԱՅՍՊԻՍԻՆ ԵՂԵԼ

Նժդեհի հանդիմանանքն այդ է հուշում

Տարօրինակ է - տրամաբանում է մեր քաղքենիամտությունը. - մեր հավատքը դեպի Եվրոպան կույր զգացում էր, մեր ներողամտությունը դեպի թշնամին` քրիստոսային: Բայց և այնպես մենք ջարդվեցինք ու լքվեցինք:

Ոչինչ կա տարօրինակ, ջարդվեցինք և լքվեցինք, որովհետև եվրոպացու հոգեբանությանը բոլորովին անծանոթ էինք:

Դեպի Եվրոպան մենք ունեինք մի քրիստոնեական զգացում, և շնորհիվ մեր տարօրինակ խորհրդապաշտության - մեր ազգային հիվանդության - մեր սեփական տրամադրությունները դրել էինք եվրոպացու հոգու մեջ և ամենախոր կերպով հավատացել, թե բոլոր քրիստոնյա ժողովուրդները նույն զգացումներն ունեն մեր հանդեպ, թե բոլոր պատերազմները մղվում են հանուն մեր փրկության:

Այս ինքնախաբեությունը մղեց մեզ քաղաքական մուրացկանության, և քանի որ մենք նաև թույլ էինք, անձնատուր եղանք լալկանության:

Մուրացկանություն և լալկանություն. մի ամբողջ ժամանակի հոգեբանություն, քաղաքական մեր միակ զենքը: Լալկանությունը, սակայն, ապացույց է հոգևոր տհասության կամ անարիության: Մուրացկանությունը զզվելի է ընդհանրապես: Մուրացկանին օգնում են ոչ միայն կարեկցանքից դրդված, այլև` հաճախ զզվանքից:

Ավելի սարսափելի է քաղաքական մուրացկանությունը, քանի որ քաղաքականության մեջ կարեկցանք չկա, իսկ զզվանք` շատ քիչ:

Անորակելի է մուրացկանությունը քաղաքականության մեջ:

Աներես մուրացկանի եսականությունը բոլորովին բնական է համարում, որ մարդիկ, թեկուզ ամենեն ընկածները, գթան իրեն:

Է´լ ավելի աներես է մուրացկանը և պահանջկոտ, եթե նա միաժամանակ և հաշմանդամ է: Ահա մուրացկանի այս եսականությունը և հաշմանդամի պահանջկոտությունը դարձել են հոգեբանություն...

Այսօր մենք անիծում ենք քաղաքական բարերարներին, սակայն մոռանում, թե մուրացկանին և հաշմանդամին անկելանոց են տալիս և ոչ անկախ հայրենիք: