Ոգևորող և գերող բանաստեղծը


Բանաստեղծ, մանկագիր, Հայաստանի գրողների միության անդամ, մեր գրական միջին սերնդի ներկայացուցիչ, «Աշխատանքային գերազանցության համար» և «Գրական վաստակի համար» մեդալների ու պատվոգրերի դափնեկիր, բանաստեղծական տասնչորս ժողովածուների, այդ թվում «Ընտիր երկերի» եռահատորի, երեք մանկական գրքի և «Հատընտիրի» հեղինակ Զավեն Կասյանը 80 տարեկան է: Իր էությամբ Կասյանը բարեսիրտ ու բարյացակամ է: Այդ ազնվությունն ու բարությունն ավելի ցայտուն են արտահայտված նրա բանաստեղծություններում: Կասյանի նկատմամբ իմ վերաբերմունքը մոտ ու նվիրական է` օժտված հինգ տասնամյակների հասնող գրական ու աշխատանքային մտերմությամբ: Նա խոհերով ապրող, բնատուր ստեղծագործող է, ում բանաստեղծությունները թարգմանաբար տպագրվել են նաև ինչպես ռուսական և ուկրաինական, այնպես էլ վրացական ու պարսկական մամուլում: Հիրավի նվիրյալ, հարենասեր է Կասյանը, ով իր ապրումներով, իր մտահոգություններով ու նախասիրություններով արտահայտում է ճշմարիտ երևույթներ: Չնայած պատկառելի տարիքին, նա երիտասարդի ավյունով ու եռանդով է շարունակում ստեղծագործել: Հարուստ իրադարձություններով է լի նաև Կասյանի աշխատանքային գործունեությունը: Աշխատանքային ավելի քան հիսունհինգ տարիների ընթացքում նա հաղթահարել է բազում դժվարություններ: Զավեն Կասյանի գրական գործունեության մասին ժամանակին դրական են արտահայտվել իր մեծ հայրենակիցներ Ավետիք Իսահակյանն ու Հովհաննես Շիրազը, բանաստեղծ ներ Գուրգեն Մահարին, Պարույր Սևակն ու Համո Սահյանը, գրականագետներ Վաչե Պարտիզունին, Վազգեն Մնացականյանը և Գևորգ Հայրյանը: ժողովրդական երգիչ-գուսանների աշխարհ Շիրակում ծնված, նրա հող ու ջրի ուժով սնված բանաստեղծը, անշուշտ, օժտված պետք է լիներ մեծ ձիրք ու շնորհքով: Շիրակ լեռնաշխարհն է նրա պոեզիայի անսպառ աղբյուրը, որից էլ սնվում է բանաստեղծը: Ամփոփելով միտքս, կարող եմ ասել, որ Զավեն Կասյանը ոգևորող և գերող բանաստեղծ է, նվիրյալ հայրենասեր, աշխատանքային, հասարակական և գրական գործունեության երկար ու ձիգ ճանապարհ անցած անհատականություն, պայծառ հոգու տեր մտավորական: Շավիղ ԳՐԻԳՈՐՅԱՆ Բանասիրական գիտությունների դոկտոր