ՄԻ ԵՐԵԿՈ ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐՈՒ ՀԵՏ


Ազգային գրադարանում հերթական միջոցառումը նվիրված էր Սփյուռքի նշանավոր գրող Հակոբ Մնձուրուն: Մի անհատականության, ով ապրեց համեստ ու աննկատ` իր հոգում կրելով Եղեռնի ցավը, չորս զավակի, կնոջ ու ծնողների կորստի մրմուռը... Հայ գրականության ամենաողբերգական դեմքերից մեկը, ով ապրեց մաքառումներով լի կյանք, շատ քիչ ստեղծագործեց, սակայն իր գրական ժառանգությամբ կանգնեց մեր մեծերի` Ակսել Բակունցի ու Վահան Թոթովենցի կողքին, իր գրականությամբ վարակեց ու ոգեշնչեց Հրանտ Մաթևոսյանին: Եթե որևէ մեկը երբևէ փորձի Հակոբ Մնձուրու կյանքի մասին գրել, ապա կստացվի ամենահետաքրքրական վեպը մեզանում, որի հերոսը Ցեղասպանության զոհ չդարձավ միայն այն պատճառով, որ հայրենի Փոքր Արմտան գյուղից Պոլիս էր մեկնել նշագեղձերը վիրահատելու: Շոգենավից ուշացել էր և մնացել Պոլսում` այսպես փրկվելով թուրքական յաթաղանից… Բայց դա ոչ թե փրկություն էր, այլ ձգվող-շարունակվող տառապանք, որն ամբողջ կյանքում Հակոբ Մնձուրու հետ եղավ… Մնալով Պոլսում` նա աշխատանքի անցավ ածխագործի մոտ, հետո եղավ հացթուխ, խոհարար… Փնտրեց ու չգտավ իր ընտանիքը, ցավը բռունցքելով` նոր ընտանիք կազմեց: Ապրեց երկար` 92 տարի: Նրա շրջապատում շատերը չգիտեին, որ գրող է, ստեղծել է այնպիսի նորավեպեր, որոնք Գրիգոր Զոհրապի նման` պատկերում են արևմտահայ կյանքի տխուր էջերը, ներկայացնում իրենց նեղլիկ օրերի մեջ ապրող մարդկանց ողբերգությունները… Կենդանության օրոք շատ քիչ ստեղծագործություններ տպագրեց, շատ քիչ գնահատվեց: Ճշմարիտ ճանաչումը եկավ միայն մահից հետո. մահից հետո միայն Հակոբ Մնձուրին դասվեց մեր մեծերի շարքը` չվայելելով իր փառքն ու գրողական երջանկությունը: Բարեկամս` պոլսահայ թատերագիր Արման Վարդանյանը, իր ապրած փողոցում` Աբդի Իփեկչիում, ինձ տարիներ առաջ ցույց տվեց փողոցի ծայրին գտնվող մի հին բնակելի` չորս հարկից բաղկացած, որի մայթամերձ պատուհաններով բնակարանում, երկար տարիներ ապրել է Հակոբ Մնձուրին: - Չնայած առաջացած տարիքին` Մնձուրին ամեն առավոտ դուրս էր գալիս տանից, մի խունացած վերարկուի մեջ ծրարված, թևատակին` օրվա նախաճաշը դրված… Քայլում էր կռացած, մի հին գավազանի հենված: Դեմքից տառապանքի զգացումն անպակաս էր: Այդ տարիներին ինչ-որ ընկերությունում գրագիր էր աշխատում: Օրվա վերջին տուն էր դառնում` դարձյալ կռացած, հոգնատանջ: Գիտեի, որ Մնձուրին է, մի քանի նորավեպեր կարդացել էի, հմայվել,¬- պատմել է ինձ Արման Վարդանյանը: Պոլսահայ մեկ այլ գրող էլ` Ռոպեր Հատտեճյանը, առանձնակի խանդաղատանքով պատմել է, որ Մնձուրին երբեք գրական հավաքույթներին հյուր չէր լինում, ապրում էր ինքնամփոփ, ինքնասույզ կյանքով… Երբ խոսում էին Ցեղասպանությունից` կծկվում էր, շուրթերը դողում էին, կորցնում էր խոսելու կարողությունը… - Հակոբ Մնձուրին իր ութսունամյակը բոլորեց Պոլսի հայկական եկեղեցու մեջ մոմ վաճառելով: Նա իր հեքիաթները, ժամանակագրությունները, դաշտանկարները, գետանկար ները, պատմվածքները, շատ հաճախ պարզապես փայլուն պատմվածքները գրել է հացթուխի, բեռնակրի, փոխադրանավից քարածուխ թափողի աշխատանքների արանքներում: Նա մեզ ոչնչով պարտական չէ: Մենք նրան տալիք ենք, ամենաքիչը, նրա բոլոր գործերի հոնորարները: Հիմա, երբ իր տաղանդն ու կյանքն անցրել է գրեթե միայն արմտանցիների մասին պատմելով, նրան թվում է, թե գրականության համար բան չի արել… Եվ ութսունհինգամյա ծերունին տեսաբանում է. «Գրականություն բերած եմ 1890-1914 թվականներու ժամանակահատվածի գյուղը. ուրիշներն ալ այդ ըրած էին, բայց դա քիչ էր»: Սա փխրուն տեսություն է, սրան կարելի է առարկել այսպես. անցյալը թող անցյալում մնա: Եվ ծերունազարդ գրողի մկանուտ գրականությունը տեսական ինչ-ինչ ապացուցումների և տեսությամբ արդարացվելու կարիքը բնավ չի զգում,¬ գրել է Հրանտ Մաթևոսյանը: