Քարոզչական ճակատում առավելությունը մերն է


Պատերազմը դեռ չի ավարտվել: Այդ մասին ամեն կերպ հիշեցնում է Ադրբեջանը` ռազմատենչ հոխորտանքներով, զինադադարի ամենօրյա խախտման դեպքերով, դիպուկահար ների գործողություններով, որոնք, դժբախտաբար, հաճախ ճակատագրական են լինում: Ադրբեջանի սանձազերծած պատերազմը շարունակվում է ոչ միայն դիպուկահարների դավադիր կրակոցներով, այլև քարոզչական ճակատում, որտեղ ևս հակառակորդը ամենօրյա սադրանքներ է հրահրում: Ի վերջո, ո՞րն է պաշտոնական Բաքվի գործողությունների տրամաբանությունը: Այս թնջուկի շուրջ է մեր զրույցը քաղաքագետ Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ: - Տարածաշրջանում Ադրբեջանն ունի բավական մեծ հավակնություններ` տնտեսական և քաղաքական ոլորտներում: Սակայն միշտ չէ, որ դրանք համընկնում են իրական հնարավորություններին: Եթե տնտեսական ոլորտում նա ունի նավթագազային պաշարներ ու այդ ռեսուրսները տեղափոխելու համար` տարանցիկ երկիր դառնալու հնարավորություն, ապա քաղաքական ոլորտում նրա բոլոր կարողությունները և հնարավորությունները սահմանափակվում են: Թեկուզ` միայն այն փաստով, թե որքանով է իր դիրքորոշումը նպաստում տարածաշրջանային անվտանգության համակարգի պահպանմանը: Եվ լավ հասկանալով, որ տնտեսական ռեսուրսներն արդեն իսկ վաճառված են, Ալիևի սեփական ամբիցիաները բավարարելու համար Ադրբեջանը փորձում է ավելի շատ «խաղալ» քաղաքական կարողությունների վրա` անընդհատ ապացուցելով, որ տարածաշրջանում առկա է պատերազմը վերսկսելու վտանգը: Ալիևը հստակ հասկանում է, որ այդ հայտարարությունները պետք է ժամանակ առ ժամանակ ամրապնդել նաև իրական գործողություններով: Այդ է պատճառը, որ հաճախ սադրանքների են դիմում: Երբ տարածաշրջանում քաղաքական հարցեր են քննարկվում կամ քաղաքական առևտրի հնարավորություններ են առաջանում նրանց հետ` անմիջապես լարում են իրավիճակը: Եթե ուշադրություն դարձնենք իրավիճակի լարման ժամանակահատվածներին, կտեսնենք, որ անընդհատ դրանց նախորդող կամ սպասվող իրադարձություններ են լինում: Օրինակ` վերջին 2 սպանությունները անմիջապես հետևեցին Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանքի հետագա վարձակալման առնչությամբ ռուս-ադրբեջանական բանակցություններին: Ադրբեջանը փորձում էր հնարավորինս շատ դիվիդենտներ քաղել: Մեդվեդևի այցի շրջանակներում Ալիևին հաջողվեց Ամուր գետի ափին որոշ տարածքներ վերցնել Ռուսաստանից: Համաձայնագրի ստորագրման պահին նա Գաբալայում հայտարարեց, թե Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճանապարհով վերանվաճել Արցախը, և որ պատերազմական իրավիճակը դեռևս ավարտված չէ: Անմիջապես այդ հայտարարություններին հաջորդեցին սադրանքները, և մենք, ցավոք սրտի, ունեցանք զոհեր, ինչը դարձյալ վկայում է, որ Ալիևը փորձում է իր քաղաքական կշիռն ինչ-որ ձևով ավելացնել զոհերի միջոցով և սահմանի լարվածությամբ: Կա նաև ներքին գործոն: Կառուցելով բռնապետություն (սրանք միայն խոսքեր չեն, այլ այն իրավիճակը, որ տիրում է Ադրբեջանում)` Ալիևը հաճախ այդ քայլերը քողարկում է պատերազմական իրավիճակի հնարավոր էսկալացիայով: Այդ զոհերը պետք են` նաև Ադրբեջանի հանրությունում տոտալիտար դիրքերն ամրապնդելու համար: Սեփական ժողովրդին համոզում են, թե պատերազմական իրավիճակ է, պետք է համբերել, դիմանալ և այդ քողի տակ հանցանքներ գործում ոչ միայն հայ ժողովրդի, այլ փաստորեն նաև հենց Ադրբեջանի քաղաքացիների դեմ: Ի դեպ` ամենաշատը տուժում են այնտեղի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները` աֆղանները, թալիշներն, ու լեզգիները: - Իրադարձությունների ի՞նչ հնարավոր զարգացում կարող է լինել: - Կարծում եմ` մենք իրավունք չունենք հայտարարել, որ այս գործողություններն անսպասելի են, որովհետև պատերազմը դեռևս ավարտված չէ: Բացի դրանից` մեր առջև կանգնած է ադրբեջանցին, որն արդեն իսկ բարոյական որոշակի նկարագրություն է որպես այդպիսին: Դրա համար պետք է սպասել, որ լարվածություն կլինի: Իսկ զարգացումը կախված է լինելու հայկական կողմի պատասխանի համարժեքությունից: Ինչքան խիստ լինեն Պաշտպանության բանակը, Պաշտպանության նախարարությունը, այնքան կարող ենք վստահ լինել, որ պատերազմական զարգացման, պատերազմի վերսկսման հնարավորությունները քիչ են լինելու: Հակառակ պարագայում այդ հնարավորությունները կարող են ավելանալ: Այսինքն` պետք չէ թույլ տալ, որ Ադրբեջանը գոնե մեկ վայրկյան կարծի, թե դիրքային, զինված կամ ցանկացած այլ տիպի առավելություններ ունի հայկական ուժերի նկատմամբ: - Առավել ակտիվ ու բուռն պատերազմ է ընթանում քարոզչական ճակատում: Արդյո՞ք մենք ինչ-որ տեղ թերանում ենք` ինչպես երբեմն ասում են ոմանք: - Այսօր պետք է ուրախությամբ նշեմ, որ քարոզչական դաշտում առավելությունը բացարձակապես հայկական կողմինն է: Երկու կողմերի միջև տարբերությունն այն է, որ ադրբեջանցիները փորձում են միջազգային հանրության սերը գնել փողի միջոցով. վճարովի հոդվածներ են պատվիրում տարբեր հեղինակավոր թերթերում և այլն: Իսկ հայկական կողմն ավելի շեշտադրում է իրականությունը և միջազգային հանրության առջև բաց լինելը: Եթե փորձենք մի կողմ դնել մամուլը, որտեղ հիմնականում ցեխ են շպրտում միմյանց վրա, և անալիզի ենթարկենք միջազգային հանրության կարծիքները, պետք է փաստել, որ միայն այս տարի ամենատարբեր միջազգային կառույցների կողմից շուրջ 40 զեկույցներ են հնչել Ադրբեջանի կառավարության դեմ: Բացի այդ, Արևմտյան մամուլն սկսել է քննադատել իր ղեկավարությանը` Ադրբեջանի պես հանցավոր ռեժիմ ունեցող պետության հետ հարաբերություններ հաստատելու համար: Նույնիսկ որոշակի կոնֆլիկտային իրավիճակներ են ստեղծվել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում: Այս ամենը փաստում է, որ Ադրբեջանն Արևմուտքում ունի տոտալիտար պետության իմիջ, և դա մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքներից մեկն է: Հետևաբար, կարելի է ասել, որ Ադրբեջանը գոնե վերջին երկու տարիների ընթացքում բավական մեծ կորուստներ է ունեցել քարոզչական ճակատում: - Իսկ ադրբեջանցիների կողմից պատմական փաստերի խեղաթյուրումն ու նենգափոխումն ի՞նչ արձագանք է ստանում միջազգային հանրության կողմից: - Ծիծաղ է առաջացնում: Նախ ասեմ, որ քաղաքական դաշտում ոչ ոք այս կամ այն երկրի պատմական անցյալն ուսումնասիրելուն ժամանակ չի տրամադրում: Նրանց հետաքրքրում է միայն իրենց քաղաքական շահը, և առաջնորդվում են այդ շահերով: Ինչ վերաբերում է տեղեկատվության աղբյուրներին, ապա դարձյալ հստակ կարող եմ ասել, որ տեղեկատվություն ստանում են ոչ թե մամուլից, այլ իրենց դեսպանատների, ինչպես նաև միջագային իրավապաշտպան կառույցների հրատարակած տարեկան, ամսական զեկույցներից: Այս խնդիրը ես հատուկ ուսումնասիրել եմ` հարցումներ ուղղելով արևմտյան գործիչներին, թե որտեղից են ստանում իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը: Այդ զեկույցներում հիմնականում արտացոլված է իրականությունը: Նրանք չեն կարող աչք փակել Ադրբեջանում լրագրողների դեմ իրականացվող բռնությունների, ընդդիմության ոչնչացման վրա և այլն: Սրան զուգահեռ, եթե համեմատականներ անցկացնենք, նրանք նշում էին Հայաստանում քաղբանտարկյալների ազատարձակումը, նշում էին հանրահավաքի իրավունքի վերադարձը ժողովրդին: Այս համեմատությունները միանգամից մեր հանդեպ շատ դրական վերաբերմունք են ձևավորում: Սրա ապացույցն է նաև այն ընդունելությունը, որ մեր երկրի բարձրագույն ղեկավարությունը արժանանում է տարբեր միջազգային կառույցներում: Մեր նախագահի ելույթները վերջին շրջանում ավարտվում են հոտնկայս ծափահարություններով, ինչը, կարծում եմ` չափանիշ է:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ