Որտե՞ղ արժե ծնվել


 

Ինչպես հարազատներին ու հարևաններին, ծննդավայրը նույնպես ինքներս չենք ընտրում: Ծնվողի փոխարեն դա կարող է անել ծնողը, թեև` ոչ միշտ ու ոչ բոլորը կարող են իրենց զավակի ծննդավայրն ընտրել` հետևելով ուսումնասիրող-փորձագետների խորհուրդներին: Բրիտանական The EconoΗist շաբաթաթերթի փորձագետները, սակայն հետաքրքիր մի վարկանիշային ցանկ են կազմել: Նրանք «բացահայտել» են այն երկրները, որոնք առավել գրավիչ են` 2013-ին ծննդավայր դառնալու համար:

Ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով, թե տվյալ երկրում առկա պայմանները որքանո՞վ են համապատասխանում ելակետային 11 վիճակագրորեն կարևոր չափանիշներին` ներառյալ ժողովրդագրությունը, երկրի տնտեսության զարգացածությունը և այլն: Գնահատվել է նաև տվյալ երկրներում ապրող մարդկանց մասնավոր կարծիքը` թե որքանո՞վ են նրանք բավարարված կենսամակարդակից (հաղորդել է ՌԻԱ «Նովոստի»-ն):

Մի խոսքով, նորածինների համար առավել առողջ, անվտանգ և բարեկեցիկ կենսապայմաններ ապահովող երկրների վարկանիշային ցուցակը գլխավորում է Շվեյցարիան: Լավագույնների տասնյակում նրան հաջորդում են Ավստրալիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Նիդեռլանդները, Կանադան և Հոնգկոնգը:

Շատերին կարող է զարմացնել, բայց Միացյալ Նահանգներն արդեն 24 տարի այդ ցանկի առաջատարը չէ: Ավելին, 2013-ին նա զբաղեցնում է իր համար համեստ համարվող 16-րդ հորիզոնականը` Գերմանիայի հետ մեկտեղ: Ռուսաստանը հայտնվել է 8-րդ տասնյակում` 72-րդ տեղում, այն էլ` Ադրբեջանից հետո (70-րդը), իսկ Ղազախստանը` 74-րդ, Ուկրաինան` 78-րդ տեղերում են: