ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ԹԱՄԲԱԾ ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆ


 

Օրերս լոնդոնցիների ցասումն էր հարուցել զվարճալի մի միջադեպ: Մի ջահել մորեմերկ մագլցել էր Ուայթհոլի շրջանում տեղադրված` արքայազն Գեորգի հուշարձանի վրա: Շուտով պարզվել էր, որ մերկ այդ ձիավորը 29-ամյա ուկրաինացի Դան Մոտտրեսկուն է: Պարզվել է նաև, որ նա անօթևան է:

Մանր խուլիգանությունից բացի նրան մեկ այլ մեղադրանք էլ է ներկայացվել` ապօրինի զենք կրել: Սա բավական տարօրինակ մեղադրանք է Դանի պարագայում, որովհետև նա բացարձակ մերկ է եղել: Անհասկանալի է նաև հուշարձանը վնասելու ամբաստանությունը, որովհետև ոչ մեկն այդ վնասվածքը չի նշմարել:

Իշխանության ներկայացուցիչները չեն բացառում, որ նրան հոգեբուժական մանրազնին հետազոտության կենթարկեն. իր «ակցիայի» ընթացքում նա խելագարության նշաններ է ի հայտ բերել: Ականատեսները պատմել են, որ 19-րդ դարի կոթողի վրա բարբարոսը համարյա 3 ժամ կեցվածքներ է ընդունել` զվարճացնելով հավաքվածներից շատերին:

Թերևս ամենատրամաբանական վարկած-ենթադրությունը ներկայացրել են լրագրողները. տղամարդու արարքը կարող է նաև հայրենասիրության դրսևորում լինել: Խնդիրն այն է, որ արքայազն Գեորգը Ղրիմյան պատերազմում գլխավորել է այն դիվիզիաներից մեկը, որը կենաց-մահու կատաղի մարտեր է մղել Ռուսաստանի կայսրության զինվորների դեմ:

Չի բացառվում նաև, որ ընչազուրկ ուկրաինացին պարզապես իր բողոքն է արտահայտել անգլիական կառավարության դեմ: Նրա խենթ արարքին բացատրության որոնում ներն ակամա հիշեցնում են հին ասացվածքը` «Խելառը մի քար գլորեց, 1000 խելքով չկարողացան այն հանել փոսից»: