Տեսախցիկն արձանագրել էր վարորդի ամենաինտիմ «հանդիպման» մանրամասները


 

Օրերս մարզերից մեկի 47-ամյա բնակիչ Խ.-ն ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտարարություն տվել, որ մի անծանոթ կին Երևանի Արշակունյաց պողոտայից մինչև Գարեգին Նժդեհի փողոցն ընկած հատվածում նստել է իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան և շեղելով իր ուշադրությունը` բաճկոնի գրպանից գողացել ոչ ավելի ոչ պակաս` 1.239.000 դրամ:

Ոստիկանության ծառայողները նույն օրը, կեսգիշերին մոտ, նշված գողությունը կատարելու կասկածանքով Ավանի Բաբաջանյան թաղամասից բերման են ենթարկել 49-ամյա մի կնոջ` Թ.-ին, ով մի շարք փաստերի ճնշման տակ ստիպված խոստովանել է կատարածը:

Սա` համառոտ: Իսկ թե ի՞նչ էր եղել իրականում, հատկապես ի՞նչ հանգամանքներում և ինչու՞ էր «շեղվել» տղամարդու, այն էլ գործի ժամին, մեքենան վարող վարորդի ուշադրությունը` ստիպված ենք բացել փակագծերը: Ու միանգամից ասենք, որ մեր իրականության մեջ, ինչու թաքցնենք, կան տղամարդիկ, ովքեր իրենց կարճատև հաճույքի համար պատրաստ են վճարել: Նման տղամարդու բարոյականությունը գնահատելն այլ հարց է, բայց որ բառացիորեն մի քանի վայրկյանի համար մեկը վճարի 1 միլիոն 239 հազար դրամ` առաջին անգամ լսեցին, տեսան ու համոզվեցին Շենգավիթի ոստիկանները:

Նոյեմբերի 24-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում ստացվեց հենց այդպիսի «շռայլ» մի տղամարդուց: Վարձավճարով միկրոավտոբուս վարող, հեռավոր մի մարզից մայրաքաղաք պարբերաբար սննդամթերքի խմբաքանակ տեղափոխող քաղաքացին հայտնում էր, որ նոյեմբերի 22-ին, ժամը 16.30-ի սահմաններում, երբ արդեն հանձնել էր սնունդն ու փողով հանդերձ վերադառնում էր մարզ, մեքենան անսպասելիորեն կանգնեցրել ու նստել է մի կին` խնդրելով հասցնել Գարեգին Նժդեհի փողոց: Հենց այդ փողոցով անցնելիս էլ կինը սկզբում խոսքով, ապա գործողություններով գայթակղել և շեղել է իրեն` այդ ընթացքում բաճկոնից գողանալով հիշյալ գումարը: Ակնթարթային հաճույքից խոնջացած վարորդը միայն մարզ հասնելուց հետո էր նկատել խոշոր գումարի կորուստը:

Հենց գումարի խոշորությունը, կարճատև հաճույքի համար վճարած անհամեմատ բարձր գինն էր տղամարդուն ստիպել երկու օր անց դիմել ոստիկաններին: Դատարկ ձեռքով չէր եկել: Հետը բերել էր մի տեսաֆիլմ` մոտավորապես գերմանալեզու «Սա ֆանտաստիկ է» թեթևսոլիկ ֆիլմի թեմաներով:

Բանն այն է, որ «Ֆորդ Տրանզիտ»-ի տերը մեքենայում տեղադրել էր տեսախցիկ, ինչին մեր այս միամիտ «գերտղամարդ»-վարորդը տեղյակ չէր: Եվ տեսախցիկն արձանագրել էր նաև այդ կարճատև «հանդիպման» բոլոր մանրամասները...

Իսկ ոստիկանները սառնասրտորեն ու բարեխղճորեն կատարեցին իրենց գործը, կարճ ժամանակ անց գտան ու բերման ենթարկեցին «ֆիլմի» 49-ամյա «հերոսուհուն», առգրավեցին 1 միլիոն 239 հազար դրամ «վարձավճար-գողոնը» և նախապատրաստված նյութերն ուղարկեցին Շենգավիթի քննչական բաժին:

Վերջում հավելենք, որ նմանատիպ եղանակով տուժած քաղաքացիները, որոնց գոյությունը իրավապահները չեն բացառում, կարող են դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին: