ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ


 

Ինչպես տեղեկացանք մեր իրազեկ աղբյուրներից` առաջիկայում դատախազությունում սպասվում են պաշտոնանկություններ: ՀՀ նախագահն իր դժգոհությունն է հայտնել դատախազությունում տիրող իրավիճակի առթիվ, և, որպես պատասխան Նախագահի դժգոհության, ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին:

Մեր աղբյուրը նշեց, որ այս օրերին ինչպես գլխավոր դատախազությունում, այնպես էլ մարզային կառույցներում տագնապալի իրավիճակ է, որովհետև բոլորը սպասման մեջ են... Ասում են, որ բավական անտրամադիր է նաև ՀՀ գլխավոր դատախազը, ում հնարավոր պաշտոնանկության մասին առաջին անգամ չէ, որ լուրեր են տարածվում: Մասնավորաբար վերջին շրջանում շատ է խոսվում մի շարք քրեական գործերի և դատարաններում պաշտպանվող մեղադրանքների մասին, որոնք հենվում են ակնհայտ կեղծիքների վրա: Քիչ չեն դժգոհությունները, թե դատախազները խոչընդոտում են ճշմարտության բացահայտմանը... Հենց այն հանգամանքը, որ նորից ակտիվություն է սկսվել 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերը քննող նոր հանձնաժողով ստեղծելու առնչությամբ, վկայում է դատախազության հանդեպ թերահավատության մասին:

Համակարգի որոշ պաշտոնյաներ հերքեցին այս ամենը` դրանք համարելով ընդդիմադիրների և լրատվամիջոցների հնարածը: Տա´ Աստված, բայց երկրի ղեկավարի քննադատական դիրքորոշումն այլ բան է հուշում: