ԶՈՐԱՎԱՐԸ


 

Հ. Ք. Բաղրամյանը ծնվել է 1987 թ. դեկտեմբերի 2-ին, Կիրովաբադի նահանգի Չարդախլու գյուղում: 1915 թ. ավարտելով Թիֆլիսի երկաթուղային-տեխնիկական ուսումնարանը, զորակոչվել է որպես շարքային զինվոր և մարտեր մղել թուրքական զորքերի դեմ: 1918 թ. իր հեծյալ միավորումով նա ակտիվ մասնակցություն է ունեցել Սարդարապատում օսմանական Թուրքիայի ջախջախմանը և Հայաստանից նրանց դուրս շպրտելու հայտնի ճակատամարտին: Հետագայում Բաղրամյանը ծառայել է հայկական 1-ին հեծյալ գնդում, իսկ 1921 թ.` նորակազմ ռազմական ժողովրդական կոմիսարիատում, ապա նշանակվել հայկական դիվիզիայի հեծելագնդի հրամանատար: 1934 թ. փայլուն կերպով ավարտելով Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, Մ. Ֆ. Բլինովի անվան 5-րդ հեծյալ դիվիզիայում նշանակվում է շտաբի պետ: 1936-ին, շարունակում է ուսումը Կարմիր բանակի գլխավոր շտաբի ակադեմիայում:

Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, գնդապետ Բաղրամյանը գտնվում էր հարավ-արևմտյան ռազմաճակատում, որի հրամանատարն էր մարշալ Բուդյոնին: Բաղրամյանն այդ ռազմաճակատի զորքերի շտաբի պետի տեղակալն էր: Ծանր էր կռիվը Կիևի մոտ, բայց Բաղրամյանը հանդես բերեց մեծ հմտություն, և գերմանացիները ստիպված եղան դադարեցնել հարձակումները: Բանակին մատուցած սխրագործությունների համար ՍՍՀՄ ժողկոմսովետը 1941 թ. օգոստոսի 12-ին գնդապետ Բաղրամյանին շնորհեց գեներալ-մա յորի, իսկ մի քանի ամիս անց` գեներալ-լեյտենանտի կոչում և նշանակեց հարավ-արևելյան ուղղությամբ գործող զորքերի շտաբի պետ:

Հայ զորավարը բազմաթիվ հերոսական մարտեր է գլխավորել` ապահովելով խորհրդային զորքերի հաղթանակը:

1943 թ. օգոստոսի 5-ին հրանոթային խրոխտ համազարկերով մայրաքաղաք Մոսկվան ողջունեց Բրյանսկի, Արևմտյան և Կենտրոնական ռազմաճակատների զորքերին: Այդ փայլուն հաղթանակի համար 1943 թ. օգոստոսի 27-ի որոշամբ գեներալ-լեյտենանտ Բաղրամյանին շնորհվեց գեներալ-գնդապետի կոչում, և նա պար-գևատրվեց Սուվորովի առաջին աստիճանի շքանշանով:

Բրյանսկն ազատագրելուց հետո գեներալ-գնդապետ Բաղրամյանի գլխավորած XI գվարդիական բանակը փոխադրվեց Մերձբալթյան 2-րդ ռազմաճակատ: 1943 թ. նոյեմբերի 17-ին գեներալ-գնդապետ Ի. Ք. Բաղրամյանին շնորհվեց բանակի գեներալի բարձր կոչում, իսկ պաշտպանության պետական կոմիտեն նույն օրը նրան նշանակեց Մերձբալթյան 1-ին ռազմաճակատի զորքերի հրամանատար:

1944 թ. Սովետական բանակի հարձակումը ժամանակակից ռազմական արվեստի գագաթն է: Վճռական մի քանի մարտերում տարած հաղթանակները գերմանա-ֆաշիստա կան զավթիչների դեմ մղվող պայքարի ճակատում դրությունն արմատապես փոխեցին մեր բանակի օգտին:

1945 թ. մարտ-ապրիլ ամիսներին մարշալ Վասիլևսկու և բանակի գեներալ Բաղրամյանի զորքերը նախապատրաստեցին Քյոնիքսբերգ (Կալինինգրադ) ամրոց-քաղաքի գրոհը: Չորս օրում նրանք գրավեցին Քյոնիքսբերգը` գերի վերցնելով 93.000 գերմանական զինվոր ու սպա և մեծաքանակ ռազմավար: Այդ ծառայության համար գեներալ Բաղրամյանը երկրորդ անգամ պար-գևատրվեց Սուվորովի առաջին աստիճանի շքանշանով:

Հայրենական պատերազմի դաժան ճակատամարտերում տարած հաղթանակները հռչակեցին հայ ժողովրդի զավակ, Խորհրդային Միության հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը: Նրա մասին հպարտությամբ էին խոսում Սովետական բանակի ռազմիկները: Նրա զորքի մարտական գործողությունների մասին գիտեին մեր հայրենիքի սահմաններից դուրս: Հայրենիքից հետո, Սփյուռքի հայ աշխատավորները կառուցեցին «գեներալ Բաղրամյան» տանկային շարասյունը: Հայաստանի աշխատավորներն անձնական խնայողություններից միլիոնավոր ռուբլիներ հատկացրին Բաղրամյանի ղեկավարած Մերձբալթյան 1-ին ռազմաճակատում զորքերի մարտականությունը բարձրացնելուն` տանկային շարասյուներ և մարտական ինքնաթիռներ ստեղծելով:

1945 թ. մայիսին Բաղրամյանը նշանակվում է Մերձբալթյան ռազմական օկրուգի հրամանատար և ինը տարի անփոփոխ եղել է նույն օկրուգի զորքերի հրամանատար: 1946, 1950, 1958 թթ. ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի, 2 անգամ Լատվիական ԽՍՀ Գերագույն խորհրդի, 1947 թ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Ծննդյան 50 և 60-ամյակների առթիվ 1947 թ. և 1957 թ. նա պարգևատրվել է Լենինի շքանշանով:

1954 թ. մարշալ Բաղրամյանը նշանակվում է ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալ, իսկ 1956-1958 թթ.` Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետ:

1958 թ. կրկին նշանակվում է ԽՍՀՄ-ի պաշտպանության նախարարի տեղակալ: 1977 թ. դեկտեմբերի 1-ին նրան շնորհվեց ԽՍՀՄ կրկնակի հերոսի կոչում:

Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես (Իվան) Քրիստափորի Բաղրամյանի փառապանծ կյանքը արիության և հայրենիքին անսահման նվիրվածության օրինակ է:

Ժորա ԹՈՒՆՅԱՆ

Արաբկիր վարչական շրջանի ՀՄՊ, Աշխատանքի և Զինված ուժերի վետերան խորհրդի նախագահ