Հավաքածու` «Աշխարհի վերջի համար»


 

Տոմսկի խանութներում արդեն վաճառքի են հանվել գրավիչ այս անվանումով առաջին անհրաժեշտության ապրանքներ (հաղորդել է «Ինտերֆաքսը»): Հավաքածուն ներառում է անձնական տվյալների վկայական, դեղամիջոցներ (վալերիանա, ակտիվացված ածուխ, բինտ, վալիդոլ), մի տոպրակ հնդկացորեն, ծովային մանրաձկներ, մի փոքր շիշ ջուր: Նաև` ծոցատետր, մատիտ, 2 մոմ, 1 տուփ լուցկի, պարան և օճառ:

Աշխարհի վերջ ասվածն էլ ամեն ոք յուրովի է ընկալում: Առավել ևս` դրան որպես հոմանիշ գործածվում է «ապոկալիպսիս» եզրույթը, որը նշանակում է «հայտնություն»: Ասել է թե` երկրային կենցաղը, առավել ևս` այդ կենցաղի նշույլ պարագաները, Տերը մի´ արասցե` մոլորակի կործանման պարագայում ոչ մեկի չեն կարող պետք գալ: Աշխարհի վերջը հո ինչ-որ տարածք ավերող բնական աղետ չէ, որ «առաջին օգնության» մի փոքր շիշ ջրով, հնդկացորենով մեկ-երկու օր դիմանաս` մինչև օգնություն հասնի «դրսից»…

Դե, բիզնես է, էլի, ինչ-որ գործարար նոր «ապրանքատեսակ» է մոգոնել:

Ցավալին ու զարմանալին այն է, որ չարագուշակ «աշխարհի վերջի» մասին մտահոգվողները չեն հորդորում հոգիները մաքրել, գործած մեղքերին նորերը չավելացնել: Ո՞նց հորդորեն, երբ իրենք էլ չեն հասկանում, որ նույնիսկ նման հավաքածուով կուտակած գումարներն իրենք էլ չեն հասցնելու ծախսել:

Երևի համոզված են, որ ոչ մի «աշխարհի վերջ» չի´ լինելու: