«ՍՊԱՀԱՆԻ ԱՐՎԵՍՏԸ»


Հայ-իրանական մշակութային կապերի աշխուժացման վկայություններից է Երևանի ժողովրդական արվեստի թանգարանում կազմակերպված «Սպահանի արվեստը» խորագրով ցուցահանդեսը` նվիրված 2006 թվականին Սպահանն իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք հռչակելուն: Ցուցահանդեսի բացման արարողությունն աննխադեպ ներկայացուցչական էր: Մասնակցում էին Հայաստանում ԻԻՀ դեսպան, ծնունդով սպահանցի Ալիռեզա Հաղիղյանը, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը, որ նոր էր վերադարձել Սպահանում կազմակերպված գիտաժողովից և հուրախություն բոլորի հավաստեց, որ Սպահանում գտնվող 13 հայկական եկեղեցիները (4-ը` գործող) ընդգրկված են քաղաքի` պետության կողմից հատուկ ուշադրության արժանացած մշակութային կոթողների ցանկում: Ամենաբանաստեղծականը Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի պատվիրակ հայր Ներսեսի բանաստեղծական ողջույնն էր Թումանյանի պարզ ու խորունկ տողերով համեմված: Սրտառուչ խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Ռեզա Աթուֆին: Սպահանի արվեստների ցուցանմուշների ցուցահանդեսում ներկայացված են գեղանկարիչ Մոհամմադ Ալի Հեդդաթի գունագեղ կտավներից փորագրող վարպետ Մոհամմադ Ալի Ֆարշիդի միջազգային մի շարք ցուցահանդեսների բարձր մրցանակների արժանացած ինքնատիպ մանրանկարչական փորագրազարդ աշխատանքներից: Մշակույթը մարդկային հոգու ստեղծագործությունն է: Պատահաբար չէ, որ մշակութային հնագույն պատմություն ունեցող երկու քույր քաղաքներ` Սպահանն ու Երևանը, ամրապնդում են իրենց հոգևոր բարեկամական կապերը հատկապես մշակույթի պատկերավոր լեզվով: