«Ձմեռ պապիների Լիր արքան...»


Անցյալ դարի 30-ականներին, Մոսկվայի Ս. Օբրազցովի թատրոն-ստուդիայում հիմնավորապես կրթված Հասմիկ Գյոզալյանի նախաձեռնությամբ, պատանի հանդիսատեսի թատրոնին կից, Սոֆյա Բեջանյանը, Մարուքե Դուրգարյանը, Գևորգ Առաքելյանը, Արաքսյա Արաբյանն ու Պավլոս (Պողոս) Բորոյանը ձեռնարկեցին Հայաստանում պրոֆեսիոնալ տիկնիկային պետական թատրոնի հիմնադրումը: Մանրակրկիտ յուրացրեցին նրբին յուրահատկությունները և կարճ ժամանակում բուռն խանդավառությամբ կարևորեցին մանկան բարոյագեղագիտական դաստիարակության այս անփոխարինելի լծակի դերը հասարակության կյանքում: Ապրելով մանուկների հետ ու մանուկների համար` հոգու անշեջ կրակով ի զորու եղան հաղթահարելու կայացման ճանապարհի ամենաանանցանելի թվացող խութերը և հուսալի հանգրվան նախապատրաստեցին հայ տիկնիկային թատերարվեստի զարգացման ու հետագա համընդհանուր ճանաչման համար: Դժվար է լինել առաջինը: Միաժամանակ` պատվաբեր, եթե լավ սկիզբը չնախատեսված վերելքով շարունակություն է ունենում: Ժամանակը` ամենադաժան գրաքննիչը, ճշգրտում է մարդկային արարչական գործունեության արդյունքների տեղն ու դերը, պատմական արժեքը: Ժամանակը նաև մոռացության անխնա փոշով է պատում իրենց ապրած երկրային ակնթարթում բարի համբավ վաստակած համեստ արժանիներից շատերի անունները: Այս նկատառումով մեր տիկնիկային 70-ամյա թատրոնի ներկայիս հանդիսատեսին, հատկապես մանուկներին, ուզում եմ ներկայացնել ամենաեռանդուն երախտավորներից մեկի` ՊԱՎԼՈՍ ԲՈՐՈՅԱՆԻ` պատմականորեն կուտակված շերտերի բնութագրական շաղախով կերտված չափազանց հայեցի կերպարը: Մանուկների մի խենթ սիրահարի, որ ապրեց նրանց երջանկացնելով, իմաստավորելով սեփական դառնաթախիծ գոյությունը` որբ հայի ճակատագիր... Ծնվել է 1905 թ. հունվարի 13-ին, Արևմտյան Հայաստանի Սևերիք գյուղում (Տիգրանակերտի գավառ): Մեծ եղեռնը արյունով ու արցունքով է լցրել նրա մանկությունը: Բայց խնայել է ֆիզիկական կյանքը մի արաբի ողորմածությամբ, ապա որբանոցում` պատսպարելով յաթաղանի հալածական հետապնդումից: Հենց որբանոցում, կազմակերպվող հանդեսներին մասնակցելիս, ի հայտ են եկել խեղճ որբուկի դերասանական հակումները: Զվարթ երգը, երգիծական ծաղրանմանակումները, տպավորիչ ասմունքը խինդով են լցրել մանչուկի առօրյան` ուղղորդելով դեպի ինքնագործունեություն, ապա` Հայկ Արծվի, Միքայել Կոստանյանի և ուրիշ թատերախմբեր: Ինքնահաստատման հետաքրքիր ճանապարհ է անցել Պավլոս Բորոյանը: Հայաստանի առաջին պետթատրոնի բեմում չկարողանալով լիարժեք բացահայտել իր ներքին մղումները` շուտով գտել է իր կոչմանը համարժեք ստեղծագործական միջավայր մանկական թատրոնում: Գուցե մանկություն չունենալն է եղել ենթագիտակցական այն հուժկու ազդակը, որ տիկնիկային թատերարվեստում անփորձ Բորոյանի նվիրվածությունը մանուկների հեքիաթային աշխարհին հասել է ողջակիզման` կայացնելով որպես անզուգական դերասան-տիկնիկավար: Նրա հեղինակած գունեղ հերոսները` Շունը («Շունն ու կատուն»), Հյուսնը («Կաշտանկա»), Ավանակը և Տիրոջ ծառան («Ակամա երաժիշտները»), Կոլյան («Հերոս Պուպկոն»), մահը («Չմեռնող Անտոնը»), Վեզիրը («Գառնիկ ախպեր»), Սպասավորը («Ֆրիցը ու խոզը»), Ծաղրածուն («Երկու ընկեր»), Ֆերդան («Ֆերդայից լավը չկա») և էլի շատերը հեքիաթներին բնորոշ զարմանահրաշ ու պարզ հնարքներով փոքրիկ հանդիսատեսին բարության ու սիրո դյուրընկալ դասեր էին տալիս: Տիկնիկայինի հիմնադիր անձնակազմի մյուս նվիրյալների նման Բորոյանը այլևս իր գոյությունը չէր պատկերացնում առանց ընտանեկան օջախի նշանակություն ստացած այս մշակութային հաստատության: Անձնական հանգամանքների բերումով այս զգացողությունը առանձնահատուկ սրվում է` մղելով հարազատ թատրոնը ապրեցնելու հնարամիտ ուղիների անդուլ փնտրտուքի: Այսպես, 1950-ին, երբ տեղից տեղ թափառող սիրելի թատրոնը փակվում է, նրա անզիջում նախաձեռնությամբ կազմվում է փոքրիկ «Տիկնիկային անսամբլ», և թատրոնի լավագույն խաղացանկը ներկայացվում է Հայֆիլհարմոնիայում: Նրա կյանքի ցնծագին օրերն էլ կապված են թատրոնի հետ. 1958-ին թատրոնի վերաբացումը, 1966-ին 30-ամյա հոբելյանի տոնակատարությունը, որի առիթով արժանացավ վաստակավորի կոչման: Ամանորյա հանդեսների անգերազանցելի Ձմեռ պապ էր Բորոյանը` կենսուրախ, հեքիաթային: Զվարթ հումորով մինչև օրս հիշվում է այդ հանդեսներից մեկին ներկա Հրաչյա Ներսիսյանի հետ կապված միջադեպը: Բորոյան-Ձմեռ պապը ներկայացման միջնարարին մոտենում է թոռնիկի հետ հանդեսի եկած արտիստին և շշնջում. «Լիրից իջել եմ Ձմեռ պապի աստիճանի»: Պատասխանի չսպասելով` կրկին մտնում է գործողության մեջ: Քիչ անց, հարմար պահ որսալով, Ներսիսյանը մոտենալու նշան է անում. «Լավ է Ձմեռ պապիների Լիր արքան լինել, քան Լիր արքաների Ձմեռ պապը...»: Նեղ էին թվում, սակայն, հարազատ թատրոնի պատերը: Նա անհագ պահանջ էր զգում ավելի մեծ թվով մանուկների գերել տիկնիկային թատերարվեստով, խմբակներում սովորեցնել առանձնահատկությունները, գեղեցկացնել ու հարստացնել նրանց աշխարհը: Եվ դառնում է ակտիվ պրոպագանդողն այդ արվեստի` ուխտավորի ջերմեռանդությամբ մենաներկայացումներով շրջելով դպրոցներում ու մանկապարտեզներում, ճամբարներում ու մշակութային պալատներում` արժանանալով համաժողովրդական ճանաչման ու սիրո: Պատահաբար չէր, որ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնը կոչում էին «Պավլոսի թատրոն»: Որպեսզի չկորչի թատրոնի կենսագրության որևէ հիշարժան էջը, Բորոյանը համբերատար խնամքով հավաքում է հնարավոր նյութերը և հիմնում տիկնիկային թատրոնի պատմության թանգարան, սակայն 1979-ի սեպտեմբերի 5-ին, տնօրեն Շ. Քեշիշյանի աշխատասենյակում զրուցելիս, հանկարծամահ լինելով` անավարտ է թողնում մտահղացման իրագործումը: ...Տիկնիկային թատրոնը այսօր ապրում է իմաստալից ստեղծագործական կյանքով, հիմնովին բարեկարգված շենքում` վայելելով իր հանդիսատեսի սերն ու հարգանքը: Անհամեմատ հարստացել են թանգարանի նյութերը, 300-ից ավելի հրաշալի տիկնիկները ամենօրյա հանդիսատեսին ներկայանալի դարձնելու համար առայժմ նվազագույն նյութական միջոցներ չեն գտնվել: Հին ու նոր սերնդի համերաշխ համագործակ ցությամբ թատերախումբը ստեղծագործական վերելք է ապրում` հանրապետական, միութենական ու միջազգային բազմաթիվ մրցանակներով գնահատված: Կարևորը` ջանասիրաբար պահպանում է ունեցած ամենաարժեքավորը` ջերմ երախտագիտությամբ հիշելով նաև հիմնադիր շինարար ընկեր Պավլոսին:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ