«Թատրոնը դարձնել միջազգային շփման լեզու»


Այս կարգախոսով օրերս Գերմանիայի Քիլ քաղաքում անցկացված մենաներկայացումների «Թեսփիս-5» միջազգային փառատոնի այցեքարտը ձևավորված էր Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի ԱՐՄԻՆԵ ՄԱՑԱԿՅԱՆԻ լուսանկարով: Հայ դերասանուհու արվեստի այս գնահատականը փառատոնի գեղարվեստական ղեկավար Իոլանտա Կոզակ-Զուտովիչը մտահղացել էր` տպավորված «Արմմոնոյին» ներկայացրած «Ինձնից մինչև ես» աշխատանքի վառ ու խորիմաստ թատերայնությունից, Մացակյանի արտիստական ինքնատիպ հմայքից: Սամվել Զուլոյանի պոեզիայի յուրօրինակ ծաղկաքաղին դերասանուհին, բեմադրիչ Ջանիկ Ավետիսյանի օգնությամբ, կենդանի մարմնավորում էր տվել` գունային-պլաստիկ փոխաբերական լուծումներով, չափածո տողերի ենթատեքստի ներշնչված կերպավորմամբ դառնալով համահեղինակն ու քնարական հերոսուհին վաղամեռիկ բանաստեղծի ստեղծագործության: Լրացնելով ու հղկելով հիմնական ասելիքը, խորացնելով արտահայտչականությունը` Մացակյանը այս մենաներկայացմամբ շահեց «Թատերական Լոռի» փառատոնի «Կանացի լավագույն դերակատարման համար» մրցանակը: Եվ բնական է, որ մանրակրկիտ ամբողջացված «ԻՆձնից մինչև ես» մենաներկայացումը գերմանական միջազգային փառատոնում չէր վրիպելու թատրոնի գիտակների ուշադրությունից: «Թեսփիս-5»-ի ծրագրում ընդգրկված 16 ներկայացումներից ընտրվեցին 6-ը: «Ինձնից մինչև ես»-ը լավագույն վեցնյակում էր: Օտարալեզու հանդիսատեսը անկեղծորեն հմայվեց Արմինե Մացակյանի անբռնազբոսիկ, խորիմաստ խորհրդանշական բեմական վարքագծով, հնչեղ խոսքի մեղեդային և միաժամանակ հստակ տրամաբանական հատու շեշտադրումներով: «Թեսփիս-5»-ի ժյուրին և կազմկոմիտեն իրենց հատուկ մրցանակը շնորհեցին դերասանուհուն` «Եղեռնի մասին աշխարհին կրկին հիշեցնելու, բարձր արտիստականության, ձայնի երաժշտականության և ծիսական պարային ուշագրավ լուծումների համար»: Դերասանուհու ուրույն վարպետությունը համընդհանուր հետաքրքրություն առաջացրեց, ինչի մասին վկայում են տեղական թերթերի ջերմ արձագանք ներն ու հրավերները Ճապոնիա, Ուկրաինա, Մարոկկո: