«Դպրոցը նոր սերնդին նորովի կրթելու խնդիր ունի»


Գյումրու 409-րդ հայկական դիվիզիայի անվան N 23 դպրոցի տնօրեն Արփինե Արաքչյանի հետ զրույցը շատ արագ գտավ իր հունը: Այդպես լինում է, երբ մարդն իր գործը գիտի, գյումրեցիավարի ասած, «ղայդին» աշխատելու սկզբունք ունի: Մանկավարժական փորձն ու հմտությունն էլ ձեզ «փեշքեշ»: Այն բարի համբավն ու հեղինակությունը, որ հյուսվել է այս կրթօջախի շուրջ, տարիների ձեռքբերում է, տքնաջան ու բոլորանվեր աշխատանքի արդյունք: Տ-կն Արաքչյանը հարգանքով հիշում է նախկին տնօրեններին. Լեոնիդ Ավետիսյան, Ռուդոլֆ Ադամյան: Մարդիկ ավանդույթ են ստեղծել ու փոխանցել: Այս դպրոցն այն քուրան է, ուր որպես մանկավարժ նա թրծվել է, դարձել նախ փոխտնօրեն, ապա` տնօրեն: Արփինե Արաքչյանի համար տարին հոբելյանական է: Դպրոցը հին է` կեսդարյա, ինքը` նոր: Օրեր անց նա կբոլորի իր դպրոցավարման տասնամյակը: Առաջինը շնորհավորելով Ա. Արաքչյանին` մենք մաղթում ենք, որ սրտում միշտ անմար մնան սերն ու ջերմությունը երեխայի նկատմամբ: Երեխայի նորովի կրթությունն ու դաստիարակությունը, որպես անհատի ձևավորում, տնօրենի համար առաջնակարգ խնդիր է: Վաղուց անցել են այն ժամանակները, երբ ուսուցիչը դաս ավանդող էր, երեխան` սովորող: Երեխան ինքնուրույն վերաբերմունք և սեփական մտածելակերպ ունեցող սուբյեկտ է, և ուսուցչին վերապահված է նրան «պեղելու», նրա ինքնաբացահայտումը կազմակերպելու և ներաշխարհին հարիր ուղղորդելու բարձր առաքելությունը: Այդ ամենին դյուրությամբ հասնելու համար պետք է քայլել ժամանակի հետ, ամենայն նորը հասցնել դպրոց: Հազարումի ծրագրերի է դպրոցը մասնակցում: Էական չէ դրանք մատնանշել: Էականն այն է, որ դրանք ճկում են ուսուցչի միտքը, դարձնում ավելի նախաձեռնող: Էականը 21-րդ դարի սերնդին հասկացող, դպրոցին ու սերնդակրթությանը նոր հայացքով նայող ուսուցչի ներկայությունն է դպրոցում: Ծրագրերը նոր հորիզոններ են բացում նաև աշակերտների համար: Յոթերորդցիներ Ավետիսյան Զեմֆիրան, Հարությունյան Լևոնը, Նազարյան Անահիտը, Գևորգյան Քրիստինեն, 10-րդցի Ղարիբյան Վահեն մասնակցել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացված հանրապետական մրցույթին և պատվոգրերով են վերադարձել: Դպրոցի համար պատիվ են ու պարծանք օլիմպիադաներում ձեռք բերված հաղթանակները: Խաչատրյան Արևիկն 1-ին մրցանակ բերեց, Լուսինե Մանուկյանը, Վերեմլուկ Անժելիկան և Հովհաննիսյան Անուշը` 2-րդ: Իգիթյան Աիդան մասնակցել է ԱՊՀ երկրների շրջանակներում կազմակերպված օլիմպիադային, Մխիթարյան Շողիկը` Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին նվիրված մրցույթին, Ադամյան Արմինեն և Միտինյան Մարին` ՌԴ դեսպանատան կազմակերպած դասընթացներին: Ի դեպ, դպրոցը գործում է ռուսերենի խորացված ուսուցմամբ: Չմոռանանք դպրոցի սաների նաև մարզական հաղթանակները. Հարությունյան Լիանա (թեթև ատլետիկա), Գևորգյան Թաթուլ, Սարուխանյան Արտյոմ (կարատե), Մարգարյան Գևորգ (ըմբշամարտ): 1-ին և 2-րդ տեղեր են գրավել Միտինյան Շահանեն և Գինոսյան Անահիտը: Կրթադաստիարակչական գործընթացի դրվածքն իր լրումն է ստանում, երբ առկա է մասնագիտական և մարդկային որակներով օժտված կոլեկտիվ, ում ջանադիր աշխատանքով տնօրենին հաջողվում է կյանքի կոչել իր բոլոր մտահղացումները: Տ-կն Արաքչյանը վստահեցնում է, որ այս դպրոցում կա° այդպիսի կոլեկտիվ` ամուր ու միակամ: Ինչպե՞ս է հաջողվել միաբանել 86 աշխատակիցների, դարձնել նրանց մի մեծ ու համերաշխ ընտանիքի հավասար անդամներ: «Բոլորին լսել, հասկանալ յուրաքանչյուրին` թափանցելով հոգու խորքը». ահա գաղտնիքը: Այստեղ այնքան են փոխհասկացված, որ շատ անգամ ոչինչ ասել պետք չէ: Տնօրենի հայացքն էլ բավական է, որ մարդիկ հասկանան, թե ինչ պետք է անել: Ինչպիսի՜ ջերմ հոգածությամբ է արտահայտվում տ-կն Արաքչյանը վաստակաշատ մանկավարժների մասին: «Իրավ է, նրանք տարիքն առել են, բայց դեռ շա՜տ պետք են դպրոցին: Նրանք դպրոցի սյունն են, հիմնաքարը, մանկավարժի բարոյականության պատվարը»,- հարգամեծար նշում է մեր զրուցակիցը: Օպտիմալացված ուսուցիչները դպրոցից չեն կտրվում: Ավագները իրենք են օգնում սերնդափոխությանը: Մաթեմատիկայի ուսուցչուհի Էմմա Գրիգորյանն այսօր էլ դպրոցում է, իր այն աշակերտների կողքին, ովքեր դասարան են մտնում արդեն որպես ուսուցիչ: Իրենց ուսուցչուհու տարիների փորձը նորեկներին շա՜տ է հարկավոր: Տնօրենը գտնում է լավ ուսուցչին դպրոցում պահելու հնարը, քանզի լավ գիտի, որ դպրոցը լավ ուսուցչով է դպրոց: Լավ ուսուցչին աշակերտը սիրում է: Ասել է թե` նա սիրում է և° առարկան, և° դպրոցը: «Երեխային սեր պետք է տալ, երեխայի հետ պետք է աշխատել սիրով»: Երիցս ճիշտ է տ-կն Արաքչյանը. սիրով արված ամեն բան բարի ավարտ ունի: Լավ ուսուցիչներ այս դպրոցում, իրոք, շատ կան, ովքեր իրենց առարկային էլ, դրա մատուցման և երեխային իրենցով անելու արվեստին էլ լիարժեք են տիրապետում: Ովքեր ի խորոց սրտի նվիրվել գիտեն: Ու եթե եղած պաշարին էլ ավելացել են այս կամ այն ծրագրով նորացված գիտելիքները, նրանք պարզապես փնտրված ուսուցիչներ են դառնում: Աիդա Լոգյանը, օրինակ, վերապատրաստված դասվար է և վերապատրաստող ուսուցիչ: Հերմինե Թադևոսյանը հմտացել է միջառարկայական կապերի մատուցման մեջ: Եթե օլիմպիադա, եթե հաղթանակներ, ապա Արմինե Ադամյանն այստեղ առաջին դեմք է: Վերապատրաստող ուսուցիչներ են նաև Հասմիկ Ֆահրադյանը և Արմինե Գնթունին: Ափսոս, տղամարդ ուսուցիչներն են քիչ, ընդամենը 7-ը: Քիչ են, բայց լավն են: Բոլորին թվարկել չի լինի, Հմայակ Դարբինյանի մասին էլ չասել չի լինի: Լավ ֆիզիկոս է, լավ մարդ: Դաս է անցկացնում` նստես ու լսես: Հումորով-խաղուտաղով: Բազմաթիվ տնօրենների թվում տ-կն Արաքչյանը պետությունից տղամարդկանց դպրոց վերադարձնելու ակնկալիք ունի: Չենք կարող չխոսել ծնող-դպրոց սերտ կապի մասին: Պարբերաբար հանդիպումները տնօրենի հետ ծնողներին դարձնում են ավելի ազատ և անկաշկանդ` իրենց նկատառումներն ու դժգոհություններն արտահայտելու մեջ: Սխալված մանկավարժին կուղղեն, պե՞տք է` դասղեկին էլ կփոխեն, եթե այդպես է պահանջում երեխաների շահը: Կարևորն այն է, որ կա հսկող աչք ու ցավող սիրտ ու սրտեր: Կա մթնոլորտ, որը դառնում է այն պարարտ հողը, որի վրա ամեն մի սերմ ու հունդ առատ ծլարձակում է:

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ