ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ


«Վերցրեք մեր ձիերը. մենք կճարենք նորերը: Վերցրեք մեր կանանց. մենք կգտնենք ուրիշներին: Վերցրեք երեխաներին. մենք էլի կծնենք: Բայց հողերին մեր ձեռք չտաք»: Հոն իշխանները` Չինաստանին Հաջորդ օրը ռուսական դեսպանատան շենքում Ալեքսանդր II-ն ընդունեց Բիսմարկին, որը երկար, անգամ չափից դուրս երկար, աշխատում էր համոզել ռուսական միապետին` կրկին չեզոք դիրք գրավել Ֆրանկո-գերմանական հնարավոր պատերազմի դեպքում: Ռուսական պատասխանը մեջ եմ բերում ուղղակի խոսքի տեսքով` «Բիսմարկն ինձ հրամցրեց իր խառնակ դատողությունները, որոնք նա նախորդ օրն արդեն իսկ շարադրել էր Գորչակովին: Ես թողեցի, որ նա ամբողջովին ավարտի ասելիքը: Հետո կտրականապես նախազգուշացրի նրան, որ բացարձակապես ոչ մի պատրվակով թույլ չեմ տա հարձակվել Ֆրանսիայի վրա: «Եթե ես չեզոքություն չպահպանեմ,- ասացի ես նրան,- Գերմանիան անզոր է որևիցե բան անել: Այսպես, ուրեմն, իմացե°ք` ես չեզոքություն չեմ պահպանի...»: Այնժամ նա փորձեց ինձ ապացուցել, որ Ֆրանսիան իրենից վտանգ է ներկայացնում գերմանական ժողովրդի համար, քանի որ չափից դուրս արագ է վերականգնում իր ուժերը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որքան հնարավոր է շուտ, խելքի բերել նրան մինչև այն պահը, երբ նրանք կհասցնեն վերականգնել իրենց զինված ուժերը: Նա հասավ անգամ մինչև այնտեղ, որ ասաց ինձ. «Այսօր մենք դեռևս կարող ենք առանց դժվարության մտնել Փարիզ: Շուտով դա անհնարին կդառնա»: Ես ընդհատեցի նրան` կրկին անգամ ամենավճռական կերպով հայտարարելով, որ ես երբեք թույլ չեմ տա հարձակվել Ֆրանսիայի վրա: Անմիջապես էլ նա սկսեց երդվել, թե ինքն անձամբ ոչ մի ռազմաշունչ մտադրություններ չունի: Որպես ծնունդով հայ մարդիկ, մեր ատելության կիզակետում տվյալ պահին կարծես թե պետք է գտնվի հենց Ավստրո-Հունգարիան, որը թեև ինքն անմիջական սադրիչն ու հրահրողը չէր ռուսական զորքերն օր առաջ Ասիական Թուրքիայի գրավված տարածքներից դուրս բերելու պահանջի (դա` բացառապես Անգլիայի ձեռքի գործն էր, Ավստրո-Հունգարիային ինչ հոգ` ռուսական զորքերը կմնայի՞ն Էրզրումում, թե` ոչ-Ռ. Ա.), բայց մեծ հաշվով առաջացած ողջ այդ իրարանցման հեղինակները հենց իրենք էին: Բայց ես ինքս ինձ շարունակ բռնում եմ այն մտքի վրա, թե` ես ի՞նչ գիտեմ` ինչ ասել է «Ավստրո-Հունգարիա», որ մի բան էլ ատեմ նրան կամ ոչ: Կարծում եմ` դուք էլ, հարգելի ընթերցող, ինչ-որ ժամանակ գոյություն ունեցած այդ երկմիասնական կայսրության անվանումից զատ ուրիշ շատ քիչ բան գիտեք, եթե չասենք` ոչինչ չգիտեք: Չէ, տարրական տեղեկություններ նրա վերաբերյալ ես, իհարկե, ունեմ, բայց պետք է խոստովանեմ, որ երբևէ ձեռքս վերցրած չկամ հենց Ավստրո-Հունգարիային նվիրված կամ նրա պատմության որևէ ժամանակաշրջանը ներկայացնող և ոչ մի գիրք: Այնպես որ, հաջորդ հատվածներում միայն այդ կայսրության շուրջ ձեզ ներկայացվելիք շարադրանքը կարող է ամենաշատը հավակնել հնարավորինս բծախնդրորեն ընտրված գրականությունից հավաքված տեղեկատվության, այսպես ասած, ընդգրկման լայնության, բայց ոչ խորության իմաստով: Եթե բանից անտեղյակ մարդն, ասենք, հայացքը սահեցնի Եվրոպայի քաղաքական քարտեզի վրայով, ապա նա դժվար թե հավատա, որ մայրցամաքի ուղիղ աշխարհագրական կենտրոնում գտնվող այդ փոքրիկ երկիրը` Ավստրիան, որից թե իր անմիջական հարևանների ու թե ընդհանրապես ողջ աշխարհի հանդեպ ուղղակի բարյացակամության հովեր են տարածվում և որը երկար տարիներ եղել է ուրիշների գործերին չմիջամտելու աշխարհընկալման հիմնադիրներից մեկը, ոչ վաղ անցյալում նույն այդ Եվրոպայում հեղինակել է շռնդալից ռազմաշունչ իրադարձություններ ու հավասարը հավասարի պես ոտք գցել աշխարհի հզորագույն տերությունների հետ: Բայց, նախքան Ավստրո-Հունգարիայի վերաբերյալ որոշակի աշխարհագրական և պատմական տեղեկություններ հաղորդելը, ուզում եմ պատմել մի պատմություն, ինչպես նաև շարադրել մի փաստ: Սկսենք երկրորդից, միայն չկարծեք, թե շարունակ ինչ-որ անհավանական բաներ ասելով ուզում եմ անընդհատ զարմանք պատճառել ձեզ, բայց հավատանք, թե` ոչ, միևնույն է, փաստն այն է, որ Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆրանց-Իոսիֆը իշխել է ուղիղ... 68 տարի: Տերության ներքաղաքական կյանքի կայունության ինչպիսի՜ նախանձելի օրինակ: Առավել ևս շահեկան այն անձանց համար, ովքեր սիրում են թափահարել «ներքաղաքական կայունությունը չխախտելու» պաստառն այն իմաստով, որ համարյա թե հավերժության սահմանագծին հասած այդ միապետի վախճանից կարճ ժամանակ անց նրա ծեփած կայսրությունից քարը քարի վրա չմնաց: Բայց սա այնպես, իմիջիայլոց, իսկ ասվածին ավելացնել` բոլոր մանրուքներին մեծ ուշադրություն դարձնելու իմ, չգիտեմ էլ լավ, թե վատ սովորության համաձայն, ուզում եմ միայն այն, որ Ֆրանց-Իոսիֆը գահ բարձրացավ դեռևս 1848 թ.` 18 տարեկան հասակում: Ինչ վերաբերում է խոստացածս պատմությանը, ապա դա կանեմ մի փոքր ավելի ուշ, այն բանից հետո, երբ, իմ կամքից անկախ, բավականին կհոգնեցնեմ ձեզ աշխարհագրական անունների ու այլ տարատեսակ տվյալների երկարաշունչ թվարկումով: Ուրեմն այսպես, 1868 թ. նոյեմբերի 14-ի կայսերական հրամանագրով նախկին Ավստրիական կայսրությանը տրվեց նոր անվանում` Ավստրո-Հունգարական կայսրություն, իսկ հրաման տվողն ինքն սկսեց կոչվել Նորին Մեծություն Ավստրիայի կայսր և Հունգարիայի թագավոր: Պատմագիտության մեջ հավասարապես կիրառվում է նաև երկմիասնական կայսրություն անվանումը: Ասեմ սակայն, որ բոլոր նման անվանում ները կրում են սոսկ պայմանական բնույթ, հակառակ դեպքում դժվար է բացատրել, թե ինչու ռուսական կայսրությունը, որի միապետի «պաշտոնն» իր ամբողջության մեջ հնչում էր որպես համայն Ռուսիո կայսր, Լեհաստանի թագավոր և Ֆինլանդիայի Մեծ իշխան, չստացավ ասենք` եռմիասնական կայսրություն անվանումը: Ավստրո-Հունգարական կայսրությունը քաղաքականապես, բնականաբար, նաև աշխարհագրա պես բաղկացած էր 2 մասերից` Ավստրիական կայսրությունից կամ Ցիսլետանիայից և Հունգարական թագավորությունից կամ Տրանսլետանիա յից: Նրանցից առաջինը ներառում էր իր մեջ` Ավստրիան, Չեխիան, Մորավիան, Սիլեզիան, Իստրան, Դալմացիան, Բուկովինան, Կրաինան, Գալիցիան ու էլի մի շարք այլ տարածքներ` 299.984 քառ. կմ ընդհանուր մակերեսով: Երկրորդը` Հունգարիան, Սլովակիան, Խորվաթիան, Տրանսիլվանիան ու էլի մի շարք փոքր տարածքներ` 322.285 քառ. կմ մակերեսով (ներկայացված թվերի մեջ ներգրավված չէ Բոսնիայի և Հերցեգովինայի տարածքը-Ռ. Ա.): Պարզ է, որ վերը շարադրվածից արդեն իսկ տրամաբանորեն հետևում է և միայն, ինչպես ասում են, «արձանագրության համար» ասեմ, որ երկմիասնական կայսրության բնակչության կազմը չափազանց խայտաբղետ էր: Խորհրդային աղբյուր ներն այնքան երկար, ընդ որում առարկություններ չհանդուրժող ոգով են շարունակ կրկնել «ավստրիական ազգը, ավստրիացիները» բառերը, որ չուզենաս էլ, սկսում ես կասկածել` ինչ-որ բան են ուզում թաքուն պահել: Իսկ ոչ մի կերպ չեն ցանկացել բարձրաձայնել այն անհերքելի իրողությունը, որ ողջ Ավստրիան ինքը գերմանական մի երկրամաս է, ինչպես ասենք` Բավարիան, Սաքսոնիան, Գեսսենը, Հաննովերը և ուրիշները: Ուղղակի կենաց-մահու պայքարի մեջ մտնելով Պրուսիայի հետ գերմանական հողերի միավորման գործում առաջնության համար և տանուլ տալով այդ պայքարում` նրանք չցանկացան Բիսմարկի «հրով ու սրով» միավորված Գերմանիայի մի մասը կազմել: Այնպես որ, «ավստրիացիներ» անունով ուղղակի ըստ աշխարհագրական տեղանքի կոչվել են զտարյուն գերմանացիները: Թե դա ինչու է այդպես` այլ թեմա է, բայց հիմա ամենևին տեղը չէ այդ ամենին ևս անդրադառնալու համար:

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ