Եվրոպական ակադեմիայի շարմը խաբեությո՞ւն է


Վերջին տարիներին Հայաստանում գումարներ փոշիացնելու զարմանալի և արդյունավետ մի գործընթաց է ձևավորվել, որն արդեն սողոսկել է նաև կրթական համակարգ: Թերևս շատերը երանությամբ հիշեն խորհրդային տարիները, երբ բուհ էին ընդունվում ընդամենը կաշառք տալով, այնինչ այսօր վճարվում է թե° կրկնուսույցին, թե° ընդունվելու և թե° ողջ ուսման տևողության համար: Լավ, էլի վճարել, բայց գոնե վերջում հույս ունենա, որ «ծանրակշիռ» դիպլոմ կստանա: Պարզվում է` դա էլ է կտրվել գլխներիս: 2002 թ. հոկտեմբերի 14-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքում հիմնադրվեց մի «փառահեղ» հաստատություն` Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, որը հավակնում էր «մեջլիս» մտնել եվրոպական լավագույն բուհերի հետ: Ակադեմիայի հիմնադիր ժողովի արձանագրության համաձայն, ժողովին մասնակցել են դեսպանատների և համալսարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի կառավարությունը, որպես մեծագույն ներդրում կատարող և որի որոշմամբ ակադեմիային հատկացվել են տարածք, մասնաշենքեր, կատարվել են միլիոնների հասնող ներդրումներ: Հիմնադիրների ցուցակում նշված են եղել եվրոպական մի շարք համալսարանների առաջին դեմքերի անունները: Եվ ո°վ զարմանք, միայն 2006 թ. 2-րդ կեսին է պարզվում, որ Հայաստանում քաղաքական իրավիճակի հերթական աճպարարության մեջ թրծված հեղինակներից մեկի` Արթուր Բաղդասարյանի իշխանությունից դուրս գալու հետևանքով միջպետական համարվող այս բուհը ստեղծվել է կեղծ փաստաթղթերով, այն դեպքում, երբ հաշվված ամիսներ անց բուհը պետք է տար իր առաջին, թվով 1000-րդ շրջանավարտը: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի զարմանքն ակնհայտ էր: «Վտանգված է Եվրոպական ակադեմիայի ուսանողների որակավորման ճակատագիրը: Բուհի եվրոպական հիմնադիրների ցուցակն իրականությանը չի համապատասխանում: Փաստաթղթում նշված եվրոպացիները իրենց պատասխան նամակներում նշում են, որ տեղյակ չեն նման կառույցի գոյության մասին և խնդրում են, որ իրենց անունը չշահարկեն կեղծիքները կոծկելու նպատակով»: Ստացվում է, որ ակադեմիայի գործունեությունն անօրինակա՞ն է: Իսկ ակադեմիայի ռեկտոր Վիկտոր Մարտիրոսյանը պնդում է (համապատասխան փաստաթղթերով), որ բուհի հիմնադիրը Հայաստանի կառավարությունն է, միաժամանակ եվրոպական կրթօջախների ցուցակով հաստատում, որ ակադեմիան առաջնորդվում է այդ բուհերի մեթոդներով ու ծրագրերով: Ըստ կրթության նախարարի, ակադեմիայի առարկայական մեթոդները չեն համապատասխանում Հայաստանի կրթության չափորոշիչներին... Այս երեխաները չպետք է որևէ կերպ տուժեն, նրանք տարիներ և գումար են ծախսել, իրավունք չունենք խաղալ նրանց ապագայի հետ: Մենք մտել ենք դատարան, որպեսզի այն չարաշահումները, որոնք այստեղ կատարվել են, հստակեցնենք և պարզենք, թե ովքեր են պատասխան տալու: Ամենակարևորն այն է, որ մշակենք բուհի առողջացման ծրագիր, տեսնենք` կկարողանա՞նք դրսում գտնել գործընկերներ, իսկ եթե ոչ` մեր ուժերով փորձենք լուծել այս խնդիրը: Մեղավորները պետք է պատասխան տան»: Ակադեմիայի լուծարման խնդիրը նախարարը իրատեսական չհամարեց, այլ պետք է փորձել միայն վերաձևավորել և կառավարել ակադեմիան, փորձել վերականգնել ակադեմիայի «ամպագոռգոռ» վարկանիշը: Մի բան հստակ է, կրթության բնագավառում այսպիսի ձեռագրով աշխատելը մեր ժողովրդի հանդեպ բարոյական չէ, և չարաշահումների ու կեղծիքների սովոր այն ձեռքը և դրա տերը, ով հաստատում է ուսման բարձր վարձավճարների և տարկետման «հյութալի» փաստաթղթերը, ի վերջո պատասխան է տալու Աստծո, օրենքի և իր խղճի առաջ:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ