...Կայանալու է բոլորիս ջանքերով


Սերժ Սարգսյանի ճեպազրույցը «Էրեբունի» Օդանավակայանում - Հայաստանը Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ երկիր է, միաժամանակ ՆԱՏՕ-ի հետ իրականացնում է Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր: Արդյո՞ք մենք հակադրությունների չենք գնում այս իրավիճակում: - Ոչ, կարծում եմ, որ հակասություն չկա: Ես բազմիցս հայտարարել եմ, որ ՀԱՊԿ-ի անդամակցությունը եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելը մեր փոխլրացման քաղաքականության շարունակությունն է, եւ մենք նպատակ ունենք Հայաստանի անվտանգության տարրերը բազմազանեց նելու: Եվ ընդհանրապես, կարծում եմ, որ ժամանակն է գիտակցելու, որ բոլոր ռազմաքաղաքական դաշինքները ստեղծվում են հանուն ինչ որ բանի, եւ ոչ թե ընդդեմ: ՆԱՏՕ-ն չի ստեղծվել ընդդեմ ինչ որ բանի, ինչ որ նպատակով, այլ ստեղծվել է հանուն Եվրոպայի անվտանգության: Իսկ ՀԱՊԿ քաղաքական անվտանգության պայմանագիրը ստորագրվել է ոչ թե ՆԱՏՕ-ի դեմ, այլ այդ պետությունների անվտանգությունն ապահովելու համար: - Պարոն նախարար, շահարկման թեմա է դարձել օրերս արտահայտած Ձեր այն միտքը, թե Հայաստանը, որպես պետություն, կայացման փուլում է: - Տարօրինակ կլիներ, եթե ես այլ կերպ արտահայտվեի: Իհարկե, ես ասել եմ, որ Հայաստանը, որպես պետություն, կայացման փուլում է: Այն ստեղծվել է 15 տարի առաջ, եւ եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ մենք ամբողջապես կայացել ենք, կարծում եմ, որ նրանք սխալվում են: Այն մարդիկ, ովքեր զարմանում են իմ ասածի վրա, ամեն օր հրեշավոր ստեր են հորինում, ամեն օր վարկաբեկում են այդ պետության կառույցները, ասելով, որ ընդհանրապես ոչինչ չկա: Իսկ, երբ ես եմ ասում, որ մեր պետությունը կայացման փուլում է, նրանք զարմանում են: Դա իրենց խնդիրն է: Այո, մեր պետությունը կայացման փուլում է, մեր պետությունը կայանալու է եւ կայանալու է բոլորիս ջանքերով, առաջին հերթին այն մարդկանց ջանքերով, ովքեր սթափ են նայում իրադարձություններին, տալիս են սթափ գնահատականներ, եւ իրենց գործունեութ յամբ ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի ինչ-որ բան ավելացնում են այդ պետության կայացման ճանապարհին: Վստահ եղեք, որ կայանալու է: - Այսօր Դուք մեկնում եք քաղաքացիական հագուստով: Մինչդեռ Իրաք մեկնելիս Ձեր կամուֆլյաժը դուր չէր եկել քաղաքական գործիչներից մեկին` ում կարծիքով այն իրեն ավելի կսազեր: - Ես գիտեմ, թե նրան ինչ կսազեր: Այդ նրանք են անհարմար զգում, ովքեր իրավունք չունեն կամուֆլյաժ հագնելու: Մոռացել են, որ ես կամուֆլյաժ հագել եմ հինգ տարի առաջ, տասը տարի առաջ, տասնհինգ տարի առաջ` սկսած այն ժամանակից, երբ կամուֆլյաժ հագնելն ինքնին արդեն իրենից վտանգ էր ներկայացնում: Իսկ այդ կատեգորիայի մարդիկ կամուֆլյաժից այն ժամանակ փախչում էին ինչպես սատանան` խնկից: Երբեք որեւէ զինվոր պատերազմի ժամանակ չի մտածել, թե կամուֆլյաժն իրեն սազում է, թե ոչ, որովհետև կռվի դաշտում շորասազություն չի կարող լինել: Կամուֆլյաժը ֆունկցիոնալ նշանակություն ունի, եւ հենց այդ պատճառով էլ տղաները հագել են այն եւ հագնում են: Բոլոր նրանք, ովքեր այդ տարիներին հնարավորություն ունեին իրավունք վաստակելու, եւ ովքեր վաստակել են, հանգիստ կարող են հագնել, ովքեր չեն վաստակել` կողքից կարող են նախանձել: Կարող են իրենց արտաքին բարեմասնությունների մասին շատ երկար եթերից խոսել. այդ կարգի տղամարդկանց դա շատ սազում է: