Ո՞ւմ են պետք գաղափարները, եթե չկան իրագործման մեխանիզմներ


Անցյալ շաբաթ օրը քաղաքացիական համաժողովի անցկացումով վերջապես մեկնարկեց այդքան երկար թմբկահարված քաղաքացիական շարժումը, որը, ինչպես հայտնի է, նախաձեռնել են Վազգեն Մանուկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը: Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին ընդդիմադիր ուժերի մեծ մասի ներկայացուցիչները: Սույն շարժման նպատակների մասին չարժե մանրամասն խոսել, քանզի դրանք տարիներ շարունակ ընդդիմադիրների կողմից մշտապես միայն խոսքով մատուցվել են ժողովրդին և ոչ մի նորություն չեն պարունակում: Պետության և ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները «սուր անկյան» տակ ներկայացնելով, իշխանություններին եղած ու չեղած ծանր մեղքերի մեջ մեղադրելով, իրենց կողմից իրականացվելիք ծրագրերն ու գաղափարները շարադրելով` «քաղաքացիական շարժման» նախաձեռնողներն այդպես էլ չկարողացան հստակ պատասխաններ գտնել կարևորագույն մի շարք հարցերի, առանց որոնց իրենց գործունեությունը ընդամենը գեղեցիկ ուտոպիա է, կոնկրետությունից զուրկ, իրագործման տեսանկյունից` վերացական և անհեռանկար: Խոսքն առաջին հերթին վերաբերում է գաղափարների և ծրագրերի կյանքի կոչման մեխանիզմներին: Եթե այդ մեխանիզմները չեն ներկայացվում, կամ կիսատ-պռատ ներկայացվածն էլ պրակտիկ կյանքում հաստատապես չի գործելու, ապա ի՜՞նչ կշիռ ու արժեք ունեն թեկուզ ամենագեղեցիկ ու կատարյալ գաղափարները, որոնք ժողովրդի մեջ հերթական անգամ հնչելու են որպես ձայն բարբառո հանապատի: Իրավիճակի անհեթեթությունը բացատրվում է հետևյալ հանգամանքով: Քաղաքացիական շարժումները հաջողություն կարող են ունենալ միայն այն պարագայում, եթե երկրում առկա է քաղաքացիական հասարակություն: Սակայն ընդդիմադիրները ընդունելով հանդերձ, որ Հայաստանում քաղաքացիական հասարակություն դեռ չի ձևավորվել, «անցում» են կատարում «քաղաքացիական» շարժման: Այսինքն, դրանով ակնհայտորեն հակասում են իրենք իրենց: Երևի թե հենց դա էլ գիտակցելով` նախաձեռնող խումբը ժողովրդի հրապարակային ակցիաների` հանրահավաքների, ցույցերի, երթերի կազմակերպման մասին կամ չի խոսում, կամ խոսում է «կեսբերան»: Պարզ է` իրենք էլ համոզված են, որ առաջին իսկ հանրահավաքի ժամանակ ի հայտ է գալու ժողովրդական ակտիվության բարձրացման իրենց ծրագրերի սնանկությունը: